Սուսաննայի քնքուշ ժպիտի տակ թաքնված հոգսերն ու վիրավորանքն ի հայտ են գալիս մանկուց հաշմանդամ որդու` Արթուրի մասին խոսելիս:
13-ամյա Արթուրը թեեւ մտավոր հետամնաց է, բայց շարժուն ու չափազանց զգայուն մարդ է: Հաճախում է «Փրկություն հաշմանդամներին» բարեգործական կազմակերպություն, որտեղ սնվում է եւ պարբերաբար հագուստի տեսքով օգնություն է ստանում: Արթուրը հաշմանդամ երեխաների միջավայրում իրեն պաշտպանված է զգում, սակայն հասարակության մեջ հայտնվելիս` մարդկանց կողմից «պիտակավորվում» է: Վերջերս ծանոթներից մեկի տանը հյուր է եղել, որտեղ նրա հասցեին շշնջացել են` «Էս խփնվածն էլ ա եկե՞լ…»: Այնպես է վիրավորվել, որ հոխորտալով վերադարձել է տուն ու մեկուսացել է: «Մամ, երեւո՞ւմ ա, որ ես հաշմանդամ եմ»,- մորը հարցրել է Արթուրն ու որոշել է այսուհետ «մարդամեջ» դուրս չգալ: Սուսաննան որդու հետ երկար զրուցում, համոզում է մարդկանց «ռեպլիկներին» ուշադրություն չդարձնել, խորը չընդունել նման վերաբերմունքը, միեւնույն ժամանակ հասկանալով, որ տղան հոգեբանական ծանր ապրումների մեջ է: Ասում է` «Ահագին ժամանակ չէր գնում «Փրկություն հաշմանդամներին» կենտրոն. փակվել, մեկուսացել էր: Էնքան եմ համոզել, որ էսօր նոր գնացել ա: Շատ դժվար ա, գիտեք, երբ երեխան կողքից իր հասցեին տենց բան ա լսում: Երկար ժամանակ ա պետք, որ իրան հետ բերես»:
Սուսաննան եւ Հարությունն ամուսիններ են, որոնք ունեն երկու երեխաներ, բայց անտուն են: Երկար ժամանակ վարձով են ապրել, սակայն ներկայումս բնակվում են Սուսաննայի եղբոր` Շենգավիթ համայնքում գտնվող բնակարանում: «Վարձը չէինք կարողանում տալ: Մի օր տանտերը եկավ, դուռը ջարդեց ու մեզ վռնդեց տանից: Ահավոր վիճակում ենք, ահավոր…»:
Հարութը նախկինում հացի արտադրամասում բանվորություն էր անում, սակայն ներկայումս Հարկային տեսչությունն այդ արտադրամասը փակել է, արգելել է գործունեություն ծավալել: Ասում է` «Ուր գնում եմ, ասում են` գործ չկա: Ասում եմ` պահակի, բանվորի, բեռնակրի… մի գործ տվեք՝ աշխատեմ, երեխեքս սոված մեռնում են: Չեն ընդունում, ասում են` չկա»: Հարութը ստիպված դիմել է աշխատանքի տեղավորման գործակալություն, որտեղ գրանցելու համար 3000 դրամ են պահանջել: Ուզում է մեկից պարտքով այդ գումարը խնդրել, վճարել ու սպասել նրանց առաջարկած աշխատանքին: Հարութի մոտ նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել: Սուսաննան Հարութի բացակայության ժամանակ թաքուն ասում է` «Ճիշտն ասած` էս չքավորությունից, իրա անգործ վիճակից ներվային պրոբլեմներ ա սկսվել: Հարեւաններն ասում են, որ Հարութի դեմքը փոխվել ա, երեւում ա, որ ներվային ա»: Սուսաննան չի ասում, բայց հարեւանները վկայում են, որ Հարութը սկսել է վիճաբանություններ, ծեծկռտուք սարքել: Օրեր առաջ վեճի արդյունքում բռունցքով ապակիներն է կոտրել, տան եղած-չեղածը ջարդել է: Հարցնում եմ` «Խմո՞ւմ է»: Սուսաննան պատասխանում է` «Չէ, չէ… ինքը խմելու հետ սեր ընդհանրապես չունի: Հոգեկանի հետ ա ինչ-որ բան կատարվում: Պիտի տանենք հոգեբանի կամ հոգեբույժի մոտ: Ախր անգործ, պարապ տղամարդը գժվում ա, իրան թերարժեք, անպիտան ա զգում»:
Այս ընտանիքի ամսական եկամուտն, արդեն մի քանի ամիս է, մանկուց հաշմանդամ Արթուրի 11.000 դրամ հաշմանդամության թոշակն է, որով պիտի տղայի համար հանգստացնող դեղորայք գնեին: Հունվար ամսից զրկվել են 17.500 դրամ ընտանեկան նպաստից` պատճառաբանությամբ, թե` «Գործազրկության կենտրոնից պիտի տեղեկանք բերեք, որ չեք աշխատում»: Սուսաննան ասում է, որ դիմել են վերոնշյալ կենտրոն, հերթագրվել են, բայց Աստված գիտի, թե իրենց երբ փաստաթուղթ կտրամադրեն: Մինչեւ փաստաթղթերի համակարգումն այս ընտանիքը սովամահ է լինում: Ընտանեկան նպաստի գրասենյակից Սուսաննային առաջարկել են երկու ամսվա գումարը թողնել իրենց, որպեսզի հունվար ամսվանից սկսած՝ նպաստ ստանալու փաստաթղթերը ձեւակերպեն: Այդպես էլ արել է, բայց… Ընտանեկան նպաստից զրկելու հիմնավորումներից մեկն էլ այն է, որ Սուսաննան գրանցված է եղբոր տան հասցեում եւ այնտեղ էլ բնակվում է, մինչդեռ նա վստահեցնում է, որ այդ բնակարանը եղբոր սեփականությունն է, հետեւաբար սեփականության իրավունքի վկայականում իր անունը չկա: «Ախր եղբորս ընտանիքն ի՞նչ կապ ունի մեր ընտանիքի հետ: Նա ընդամենը համաձայնվել է, որ իր տանն ապրենք, ու դա շահարկում են, որ նպաստ չտան: Մեր ընտանիքի համար էդ երկու ամսվա գումարն ապրելու միջոց էր, բայց զրկեցին: Միշտ մի պատճառ գտնում են, որ մարդուն զրկեն էդ գումարից»,- ասում է նա: Սուսաննան մեր զրույցի ժամանակ պատմում էր, որ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների նպաստը չի վերցրել միայն նրա համար, որ խոստացել են հունվար ամսվա փաստագրման «գործերը» կարգավորել: Հետագայում, սակայն, խոստումը չեն կատարել: Վերջինս ինձ խնդրում է չտպագրել նպաստը տեսուչներին թողնելու մասին իր վկայությունը, քանի որ հետագայում իրենից փորձելու են վրեժ լուծել: Սակայն, այնուամենայնիվ, մենք տպագրում ենք, քանի որ Սուսաննայի հորաքույրը մեզ զանգահարելով խնդրեց հրապարակել այդ փաստերը: Ընտանեկան նպաստի գրասենյակից մեր թերթում տպագրվող անապահով ընտանիքներին պարբերաբար կանչում եւ «նեղում են» նման գաղտնիքները բացահայտելու համար եւ շատ դեպքերում սպառնում են ընդհանրապես զրկել պետության տրամադրած այդ օգնությունից: Մինչդեռ, «168 Ժամը» հետեւողականորեն բացահայտելու է նման «շորթումները» եւ հրապարակելու է նաեւ այն տեսուչների եւ գրասենյակի ղեկավարների անունները, որոնք կփորձեն ճնշել մեր հերոսներին: «Բոլորն էլ գիտեն էդ «զակոնները», պիտի իրանց թողես, որ նպաստ տան: Նախարարությունից զանգել, իրանց վրա ջղայնացել են. իրանք էլ մուռը մեզնից են հանում, թե՝ ինչի՞ եք էդ լրագրողին միշտ պատմում մեր պայմանավորվածությունների մասին»,- ասում են տեսուչների կշտամբանքին արժանացած մեր հերոսները: Այդուհանդերձ, Սուսաննա Թորոսյանի անունով պետության տրամադրած երկու ամսվա նպաստը հասցեատիրոջը չի փոխանցվել, քանի որ այդ գումարը «յուրացրել» են ընտանեկան նպաստի գրասենյակի աշխատակիցները: Արդյունքում՝ մանկուց հաշմանդամ Արթուրն ու եղբայրը` Արտյոմը, ամիսներ շարունակ քաղցած են մնացել: Սուսաննան վստահեցնում է, որ հաշմանդամ երեխայի խնամքը շատ բարդ է։ «Մտավոր խնդիր ունի: Նա շատ բաներ չի կարողանում ընկալել: Երբ տանն ուտելու բան չի լինում` Արթուրս չի կարողանում համակերպվել դրա հետ: Շատ դեպքերում Արտյոմիս որոշ բաներից զրկում եմ, որովհետեւ նա հասկանում է: Արթուրս մեր առաջնեկն է, ու շատ դժվար է, երբ չես կարողանում հասկացնել, որ տանն աշխատող չկա, հայրդ վատ վիճակում է… Նման երեխաների հանդեպ կրկնակի, եռակի ուշադրություն է պահանջվում: Շատ դեպքերում մամայիս, հորաքրոջս օգնության շնորհիվ են երեխեքը գոյատեւում: Առաջ Հարութն աշխատում էր, լավ էր, իսկ հիմա շատ վատ վիճակում ենք»,- ասում է Սուսաննան:
7-րդ դասարանցի Արտյոմը դժվարանում է իր մասին խոսել: Երազանքների, ծրագրերի մասին հարցադրումներից շփոթվում, կաշկանդվում է: Արտյոմն իր կյանքի մասին շատ պատկերացումներ չունի, որովհետեւ ծնողներն իրենց ողջ ներուժը վատնում են մանկուց հաշմանդամ Արթուրին խնամելու վրա: