Եթե վիճակագիրները փորձեն պարզել, թե որն է վերջին մեկ-երկու տարում հայաստանցիների արտագաղթի պատճառը, եւ հայաստանցիների ո՛ր խումբն է հատկապես որոշում որպես իր մշտական բնակության վայր բացառել Հայաստանի Հանրապետությունը, կպարզեն, որ նորօրյա հեռացողները նյութապես բավարարված, գրագետ մարդիկ են, ում պարզապես մահու չափ ձանձրացրել է մեր կյանքի բոլոր ոլորտներում իշխող գրոտեսկային սուտը, անազնվությունն ու պարզունակությունը: Չարլզ Դարվինի ծննդյան 200-ամյակին նվիրված ռուսաստանյան հեռուստաընկերությունների հաղորդումները ինչ-որ չափով սփոփեցին հայաստանյան իրականության մեջ այս մեկ շաբաթում տեղի ունեցող իրադարձությունների թողած դառը տպավորությունը: Ի վերջո, ամենեւին չի բացառվում, որ Աստված հասցրել է ստեղծել ո՛չ բոլոր մարդկանց. եթե գոնե մասամբ հավատանք մեծ գիտնականին, մարդկանց մի մասն, այնուամենայնիվ, առաջացել է կապիկներից: Մարդիկ լրիվ կարող են հավակնել որպես նախնի ունենալ հայտնի կենդանիներին, քանի որ նրանց եւ մարդկանց վարքագծի կանոնները, ռեֆլեքսները, համաձայն էվոլյուցիոն տեսության, հիմնականում համընկնում են: Այս դիտանկյունից ամեն անհասկանալի բան ընկնում է տեղը:
Քե՛զ համար, Հայաստա՛ն
Շաբաթվա սկզբին հայազգի աշխարհահռչակ երաժիշտ Շառլ Ազնավուրը «El Pais» թերթին տված հարցազրույցում հիմնավորել էր, թե ինչու է ինքը ստիպված եղել մերժել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը` դառնալ Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Օրերս, սակայն, «Հայլուրին» տված հարցազրույցներում նա հայտարարեց, թե` «Սկզբում ես երկմտում էի, քանի որ մտածում էի, թե դա դյուրին հարց չէ: Հետո մտածեցի, որ, վերջիվերջո, այն, ինչ կարեւոր է Հայաստանի համար, պետք է կարեւոր լինի բոլորիս համար»: Երեքշաբթի օրն անդրադարձել էինք այս թեմային, հասկանալի է, Շառլ Ազնավուրի մերժման դիտանկյունից: Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի աշխատանքը ստանձնելու՝ մեծ երգահանի որոշման մոտիվը, վստահ ենք, նույնքան անկեղծ է, որքան նրա երգերն են, եւ նա որոշել է օգտակար լինել իր հայրենիքին` այդ գործին ստորադասելով իր ազատությունը:
Սա իրո՛ք այն դեպքն է, երբ քննարկման ենթակա չէ այն որոշումը, որը կայացրել է Շառլ Ազնավուրը: Պարզապես պետք է շնորհակալ լինել մեր իշխանություններին, մասնավորապես` նախագահին, ով իմանալով նրա հայրենասիրության աստիճանը` Շառլ Ազնավուրին առաջարկել է դիվանագիտական ծառայություն եւ ոչ, ասենք, Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլում»գ
33-րդ ատամը
Կար խորհրդային մի ֆիլմ` «33-րդ ատամը»: Հերոսի դերում Եվգենի Լեոնովն էր: Ոչնչով աչքի չընկնող մի մարդ մի օր հանկարծ պարզում է, որ, խախտելով բնության օրենքն ու ի տարբերություն աշխարհի բոլոր մարդկանց՝ ինքն ունի ոչ թե 32, այլ գ33 ատամ: Այս լուրը տարածվում է ավանով: Նրանով անմիջապես սկսում են հետաքրքրվել լրագրողները: Հարցազրույցներ, հանդիպումներգ Բոլորին հետաքրքրում են այս մարդու նախասիրությունները, կարծիքն այս կամ այն իրադարձության մասին: Կարճ ասած, իր 33-րդ ատամի շնորհիվ նա դառնում է հանրահայտ, մինչեւ մի օր ատամնաբույժը հանկարծ պարզում է, որ 33-րդը ոչ թե ատամ է, այլ ինչ-որ գոյացություն, որը ենթակա է հեռացման:
Այս շաբաթ էլ, մեր շատ հայրենակիցներ, ում մասին չէինք լսել եւ հավանաբար չէինք էլ լսի, եթե չլիներ ՀԴՄ կտրոններով համաժողովրդական վիճակախաղը, հայտնվեցին շաբաթվա հերոսների դերում: Իրենց հասանելիք 500.000 դրամը վերցնելու պահին այդ բարի մարդիկ բանկի իրենց մասնաճյուղում հանդիպում են միանգամից բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին, անգամ՝ «Հայլուրի» թղթակցին: Տեսախցիկների առաջ համառոտ ինքնակենսագրություն, տեղեկանք սոցիալական վիճակի մասին, նկարահանումներ երջանիկ քաղաքացու բնակարանում, հարցազրույցներ, ուրախության արցունքներ, ծաղկեփունջ՝ արդեն բանկի կողմից: Իսկ վերջում՝ հայտնի մաղթանքը` թող նման երջանկությունը թակի բոլորի դռները:
«Դուք լավ եւ բարի մարդ եք»
Այս ձեւակերպումը հետաքրքիր էր նրանով, որ հնչում էր ոչ թե մայր Թերեզայի, այլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին, կուսակցության 4-րդ համագումարին: Ընդ որում` չինարեն: Սակայն, եթե չին պատվիրակի անկեղծությանը չհավատալու հիմքեր չունենք, ապա այնքա՜ն ֆալշ էին հնչում համագումարին ելույթ ունեցող քաղաքական ուժերի` ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի առաջնորդների մեծարման խոսքերը` ուղղված ԲՀԿ ղեկավարին, պնդումները այդ կուսակցության սկզբունքայնության մասին, եւ, թե որքան անփոխարինելի է այն մեր քաղաքական կյանքում:
Անձի պաշտամունքի այն դրսեւորումները, որին ականատես եղանք այդ համագումարի ընթացքում, ստիպում էին տարակուսել` դրսում իրո՞ք 21-րդ դարն է. ողջ դահլիճը հոտընկայս ծափահարում էր ԲՀԿ առաջնորդին: Իսկ դահլիճում էին երկրի առաջին, երկրորդ եւ նույնիսկ երրորդ դեմքերը,,,