«ՀՀ 2009թ. տնտեսական աճը առաջին կիսամյակում գնահատվում է՝ 1.5-3.5%-ի, իսկ երկրորդ կիսամյակում՝ 6-9%-ի շրջանակում, որի պարագայում տարեկան տնտեսական աճն ակնկալվում է 4.5-7.5%-ի միջակայքում: Կանխատեսման կենտրոնական արժեքը կազմում է 5.8%»,- ասված է ՀՀ ԿԲ 2009թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում:
ԿԲ-ն կանխատեսել է, որ երկրորդ կիսամյակից ակնկալվում է տնտեսական աճի արագացում՝ կապված հիմնականում ՀՀ Կառավարության կողմից լրացուցիչ տնտեսական ծրագրերի եւ փոքր ու միջին ձեռնարկությունների խթանման տարբեր նախագծերի իրականացման հետ: Թե ինչ ծրագրեր նկատի ունի ԿԲ-ն, որոշակիորեն կարելի է պատկերացում կազմել հետեւյալ նախադասությունից. «Տնտեսության տարբեր հատվածների զարգացումները կանխատեսվել են՝ հաշվի առնելով 2009 թ. համար հաստատված պետական բյուջեն, արտաքին դոնորների կողմից ՀՀ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման նպատակով 150 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման ծրագրերը, ինչպես նաեւ ՀՀ տնտեսության ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, աղետի գոտում բնակարանային շինարարության եւ արտահանելի հատվածի պետական աջակցության լրացուցիչ տնտեսական ծրագրերը, որոնք գնահատվում են բյուջեի ծախսերի առնվազն 10%-ի սահմաններում»: Այսինքն` ինչպես կառավարության, այնպես էլ ԿԲ-ի հույսը այլ երկրներից կամ կազմակերպություններից ստացվելիք վարկերն են: Ամեն դեպքում, ծրագրում նշված է, թե տարվա ընթացքում գերակշռելու են տնտեսական աճի նվազման ուղղությամբ ռիսկերը՝ կապված համաշխարհային պահանջարկի անկման տեւական լինելու, ինչպես նաեւ՝ Կառավարության լրացուցիչ ծրագրերի ընթացքի հնարավոր դանդաղման հետ: Առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում նաեւ նշված է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում 2009թ. համաշխարհային տնտեսական աճը, համաձայն ԱՄՀ գնահատումների, կկազմի ընդամենը 0.5%, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենացածր ցուցանիշն է: Ինչ վերաբերում է գներին, ապա ԿԲ ծրագրում նշված է, որ, ընդհանուր առմամբ, չնայած կանխատեսումների անորոշության բարձր աստիճանին, ակնկալվում է, որ արտաքին չափավոր գնանկումային միջավայրը կպահպանվի նաեւ 2009թ.: «Ակնկալվում է, որ նավթի միջազգային գները հետագա ժամանակաշրջանում կշարունակեն ցածր մնալ, չգերազանցելով 50 ԱՄՆ դոլարի սահմանագիծը՝ պայմանավորված ցածր համաշխարհային պահանջարկով: Միեւնույն ժամանակ՝ Հայաստանի ներքին գների վրա կազդի նաեւ 2009 թվականի սկզբին սպասվող ներմուծվող բնական գազի գների թանկացումը, որը որոշակի ազդեցություն կունենա գրեթե բոլոր արդյունաբերական ապրանքների վրա: «Ապրանքատեսակների գնաճի մոդելի» արդյունքների համաձայն՝ տոկոսադրույքների անփոփոխ մակարդակի վարկածի պայմաններում, 2009 թ. երկրորդ եռամսյակի վերջին գնաճի կանխատեսման կենտրոնական արժեքը կկազմի 2.7%, իսկ տարեվերջին` 5.0%»,- նշված է առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում: Ուշագրավ են նաեւ ԿԲ-ի կանխատեսումները արտահանման եւ ներմուծման ծավալների վերաբերյալ: «Համաշխարհային տնտեսական ճգնաժամի իրավիճակում արտաքին պահանջարկի թուլացումը, արտահայտվելով մետաղների միջազգային գների նվազմամբ, որոշիչ դեր կունենա 2009 թվականին արտահանման ծավալների նվազման հարցում, որը կկազմի շուրջ 35-40%: Սակայն ակնկալվում է, որ Կառավարության պլանավորած միջոցառումները որոշակիորեն կնպաստեն արտահանմանը, որը հիմնականում կարտահայտվի 2009 թվականի երկրորդ կեսին: Արդյունքում, 2009 թ. ապրանքների եւ ծառայությունների արտահանման իրական ծավալների նվազումը կկազմի շուրջ 7-11%: 2009 թ. ապրանքների եւ ծառայությունների ներմուծումը նույնպես որոշակիորեն կնվազի հիմնականում 2008-ի համեմատ միջազգային շուկաներում ձեւավորված ցածր գների պատճառով: Ի հավելումն դրա՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով արտաքին ֆինանսական միջոցների ներհոսքի նվազումը կարտահայտվի ներքին պահանջարկի թուլացման մեջ: Արդյունքում, ապրանքների ներմուծման ծավալների նվազումը 2009-ին. կկազմի 12-16%, իսկ ապրանքների եւ ծառայությունների ներմուծման իրական ծավալների կրճատումը` շուրջ 4-8%»,- ասված է ծրագրում: Անդրադառնալով արտաքին տրանսֆերտների հնարավոր փոփոխություններին, ԿԲ-ն դիտարկել է մի քանի սցենար: «Ինչ վերաբերում է ոչ առեւտրային բնույթի փոխանցումների հետագա վարքագծին, ապա 2009թ. վճարային հաշվեկշռի վատատեսական սցենարի պայմաններում գնահատվում է վերջինիս նվազում 20-25%-ի շրջանակում: Դա հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի տնտեսության վիճակով, որը, համաձայն ԱՄՀ վերջին գնահատումների, 2009-ին կնվազի 0.7 տոկոսով: Քննարկվում են նաեւ այլ սցենարներ, որոնց հիմքում դրված ենթադրությունների համաձայն՝ ոչ առեւտրային բնույթի փոխանցումների գծով նվազում չի արձանագրվի, արտահանման դոլարային ծավալների նվազումը չի գերազանցի 25%-ը, իսկ ներմուծման դոլարային ծավալների նվազումը կլինի 20%-ից ավելի»,- նշված է առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում: