«Այս իշխանությունն ուշ թե շուտ տապալվելու է»

03/07/2005 Զրուցեց Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղրղըզստանում տեղի ունեցած
հեղափոխություններից հետո շատ փորձագետներ գտնում են, որ հետխորհրդային
տարածքում հաջորդ գունավոր հեղափոխությունը տեղի է ունենալու Հայաստանում:
Ընդ որում, նման կանխատեսումներ արվում են հաշվի առնելով առավելապես
արտաքին գործոնները: Որքան էլ ընդդիմությունը պնդի, թե իշխանափոխության է
ձգտում միայն ներքին ռեսուրսներով, ակնհայտ է, որ Հայաստանում
հեղափոխության հավանականությունը կախված է նրանից, թե որքանով դրանում
շահագրգիռ կլինի միջազգային հանրությունը: Իսկ գունավոր
հեղափոխությունների տեխնոլոգիաներով զբաղվում են բազմաթիվ միջազգային
կառավարական եւ ոչ կառավարական կառույցներ: Ավելի կոնկրետ՝ գործում է
Լիբերալների միջազգային շարժում, որին անդամակցում են բազմաթիվ
հեղինակավոր գործիչներ: Հայաստանում Լիբերալների միջազգային շարժումը՝
որպես այդպիսին, գործունեություն չի ծավալում: Սակայն դատելով որոշ
հանգամանքներից, կարելի է ենթադրել, որ Հայաստանը հայտնվել է նրանց
ուշադրության կենտրոնում: Մասնավորապես՝ անցած շաբաթ Երեւանում էր
Միջազգային լիբերալների շարժման ներկայացուցիչներից մեկը՝ նախկինում
Մեքսիկայի նախագահի խորհրդական, անցումային շրջանի երկրների մասնագետ
Ֆրեդո Արիաս-Քինգը, որը որպես խորհրդատու աշխատել է ԱՊՀ երկրներում գրեթե
բոլոր հեղափոխական ուժերի եւ առաջնորդների հետ: Նա նաեւ Վաշինգթոնում
հրատարակվող «Democtatozation» գիտական ամսագրի խմբագիրն է, որի
խմբագրական խորհրդում ընդգրկված են միջազգային հեղինակություն վայելող
բազմաթիվ լիբերալ գործիչներ: Ֆրեդո Արիաս-Քինգը Հայաստանում էր առաջին
անգամ, եւ իր խոսքերով՝ Հայաստանն իրեն հետաքրքրում էր որպես
հետխորհրդային տարածքում անկախություն ձեռք բերած առաջին երկրներից մեկը:
Հայաստանում նա հանդիպել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, նախկին
վարչապետ Հրանտ Բագրատյանի եւ Հայաստանում Համաշխարհային բանկի
ներկայացուցիչ Ռոջեր Ռոբինսոնի հետ: Ֆրեդո Արիաս- Քինգը չէր թաքցնում
Լիբերալների միջազգային շարժման շահագրգռվածությունը՝ Հայաստանում
նույնպես գունավոր հեղափոխություն իրականացնելու հարցում եւ, չնայած, իր
խոսքերով՝ ինքը Երեւան էր եկել ավելի շատ անցումային շրջանի պատմությունն
ուսումնասիրելու համար, այնուհանդերձ, նրա հետ հարցազրույցն առավելապես
գունավոր հեղափոխությունների եւ Հայաստանում հնարավոր զարգացումների մասին
է:

– Ես՝ որպես անցումային շրջանի մասնագետ, խորհուրդներ եմ տալիս այն
մարդկանց, ովքեր դեռեւս իշխանության չեն հասել, բայց կհասնեն: Դրանց թվում
են Կուբայի ժողովրդավարները, ազատական ուժերը Մոլդովայում, Ուկրաինայում
եւ, բնականաբար, Ռուսաստանում: Իսկ Հայաստանում եմ ոչ թե խորհուրդներ
տալու, այլ ուսումնասիրելու նպատակով, Հայաստանում այդպիսի ժողովրդավարներ
գտնելու համար: Հայաստանը եղել է ԽՍՀՄ-ում ժողովրդավարացման օրինակներից
մեկը, եւ ես այստեղ եմ այդ գործընթացն ավելի խոր ուսումնասիրելու
նպատակով:
– Ինչո՞վ եք բացատրում, որ ամենադժվարին ժամանակներում ազատական ուժերը հաղթեցին, իսկ հետո՝ ավելի հանգիստ պայմաններում, պարտվեցին:
– Դա ճիշտ է: Ֆրանսիացիներն ասում են՝ հեղափոխությանը հաջորդում է
հիասթափությունը: Այդպես է ամենուր: Դրա համար Բոլշերովիչը Լեհաստանում
ասում էր, որ երկիրն ազատագրելուց հետո դուք «հնարավորության պատուհան»
ունեք՝ արմատական բարեփոխումներ իրականացնելու համար: Եթե կորցնում եք այդ
հնարավորությունը, հետո շատ դժվար է լինում բարեփոխումներ իրականացնել:
Սակայն երբեմն բարեփոխիչները չեն կորցնում այդ հնարավորությունը, օրինակ՝
Էստոնիայում: Ցավոք, այլ երկրներում ժողովրդավարները կորցրին այդ
«հնարավորության պատուհանը»: Կան մի շարք երկրների օրինակներ, որտեղ
ժողովրդավարները եկել են իշխանության, բայց վախեցել են փոխել իրավիճակը եւ
այդ պատճառով կորցրել են եւ իշխանությունը: Ամենալավ օրինակը, թերեւս,
Ռումինիան է, որտեղ 1996 թ. իշխանության եկավ հակակոմունիստական
կուսակցությունը՝ Կոստանտինեսկուի գլխավորությամբ, սակայն ոչ մի
բարեփոխում չիրականացրեց: Ռուսաստանն այս երկու օրինակների մեջտեղում էր:
Ելցինը եկավ իշխանության, եւ նրա առաջին քայլը եղավ այն, որ նա ազատվեց
այն ժողովրդավարներից, որոնց շնորհիվ եկել էր իշխանության: Նա իր շուրջը
նշանակեց նախկին ռեժիմի ամենաքրեականացված դեմքերին: Եգոր Գայդարին
վարչապետ նշանակելը բացառություն էր: Ելցինը բարեփոխումներ չիրականացրեց
պետական կառավարման մյուս ոլորտներում եւ շեշտը դրեց միայն տնտեսության
վրա, ինչի պատճառով էլ Ռուսաստանը մինչեւ այսօր տառապում է: Ինչ
վերաբերում է լիբերալների պարտվելուն, ապա պետք է ասեմ, որ, որպես կանոն,
ազատական պայքարի առաջնորդները դառնում են կոնսոլիդացիայի վատ
առաջնորդներ: Դա անցումային շրջանի օրենքներից է: Չգիտեմ ինչու, բայց դա
այդպես է: Շատ քիչ են այդ օրենքից բացառությունները:
– Կարծիք կա, որ հեղափոխությունների շղթայի հաջորդ օղակը Հայաստանն է լինելու: Ձեր կարծիքով՝ Հայաստանում դա հնարավո՞ր է:
– Ոչ մեկը չէր սպասում, որ հեղափոխություն կլիներ Ուկրաինայում: Ես
Հայաստանի մասին շատ բան չգիտեմ, բայց կարող եմ ասել, թե ինչ են մտածում
արեւմտյան փորձագետները. Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը նահանջել է
ժողովրդավարությունից,Հայաստանում դեռեւս դիկտատուրա չկա, բայց
ժողովրդավարության առաջընթացը կանգ է առնում: Բայց եթե Քոչարյանը կարծում
է, թե միշտ կարող է ղեկավարել, այսպես ասած, իշխանության կուսակցության
միջոցով, չարաչար սխալվում է: Եթե նա չի վայելում ժողովրդի վստահությունը,
ճնշում է ժողովրդավարությունը, դա նշանակում է, որ նրա իշխանությունը
սահմանադրական հիմքեր չունի, լեգիտիմ չէ, այլ հիմնված է օլիգարխների,
ուժային կառույցների վրա եւ ուշ թե շուտ տապալվելու է:
– Հետխորհրդային տարածքի երկրներում հեղափոխությունները տեղի ունեցան
նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Արդյոք
ընտրությունները պարտադիր պայմա՞ն են հեղափոխությունների համար: Նույն այդ
երկրներում ընդդիմության առաջնորդների կողքին հանդես էին գալիս կանայք: Դա
պատահականությո՞ւն է, թե՞ իմիջմեյքերների աշխատանքի արդյունք:

– Այդ երկրներում ընտրություններն ընդամենը կատալիզատորի դեր խաղացին:
Բայց երբեմն կարելի է հեղափոխություն իրականացնել նաեւ առանց
ընտրությունների: Իմ ընկերները վերջերս դա փորձեցին անել Բելառուսում:
Նրանք որպես առիթ օգտագործեցին չեռնոբիլյան դեպքերի հոբելյանը: Նրանք
կարծում էին, որ կկարողանան բողոքի ակցիաներ, ապստամբություն եւ, ի վերջո,
հեղափոխություն կատարել չեռնոբիլյան դեպքերի հիմքի վրա: Ցավոք, դա նրանց
չհաջողվեց: Ինչ վերաբերում է կանանց, ապա չեմ կարող միանշանակ ասել.
հնարավոր է՝ դա պատահականություն է, հնարավոր է՝ իմիջմեյքերների աշխատանքի
արդյունքն է: Սակայն կարեւոր է նաեւ երիտասարդների մասնակցությունը: Նրանք
բոլոր հեղափոխությունների ճարտարապետներն են: Իհարկե, կարեւոր է առաջնորդի
դերը, սակայն մարդկանց փողոց է հանում երիտասարդությունը: Այնպես որ,
որպես հեղափոխության գործոններ՝ կարելի է առանձնացնել ընտրությունները,
կանայք եւ երիտասարդությունը:
– Իսկ Լիբերալների միջազգային շարժումը հաշվի առնո՞ւմ է ազգային
առանձնահատկությունները: Օրինակ՝ Հայաստանում հաճախ «ազգային մենթալիտետը»
հակադրում են ժողովրդավարական արժեքներին:

– Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր առանձնահատկությունները: Բայց այդ
առանձնահատկությունները ժողովրդավարությանը հակադրելը միայն ավտորիտար
իշխանությունների լեզուն է. երբ նրանք ասում են՝ մյուսները կարող են ապրել
ժողովրդավարության մեջ, մենք՝ ոչ: Այնպես որ, չնայած բոլոր երկրներն ունեն
իրենց առանձնահատկությունները, սակայն բոլոր մարդիկ ձգտում են ազատության,
զարգացման: Եվ նման իշխանություններն ազգային առանձնահատկություններն
օգտագործում են որպես պատրվակ՝ գողանալու, սպանելու, օլիգարխներին
իշխանություն տալու համար:
– Իսկ ուսումնասիրություններ եղե՞լ են՝ արդյոք Հայաստանում ժողովուրդը պատրա՞ստ է հեղափոխության, թե՞ ոչ:
– Դա դեռեւս վիճելի հարց է: Տեսակետները շատ տարբեր ու հակասական են: Բայց
գերիշխող է այն կարծիքը, որ Հայաստանը պատրաստ է հեղափոխության:
Ժամանակները փոխվում են. եթե 10 տարի առաջ Ուկրաինայում ժողովուրդն ընտրեց
Կուչմային, որովհետեւ նա Ռուսաստանի հետ հարաբերությունների կողմնակից էր,
ապա հիմա ընտրեցին Յուշչենկոյին, որը հանդես է գալիս Եվրոպայի հետ
հարաբերությունների օգտին: Դա նշանակում է, որ Ուկրաինայի ժողովուրդը 10
տարվա ընթացքում արմատապես փոխվել է: Այնպես որ՝ հնարավոր է, որ
Հայաստանում էլ մարդիկ փոխվել են: 1998-ից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը
դարձավ նախագահ, բավական ժամանակ է անցել, եւ հնարավոր է՝ մարդիկ պատրաստ
են նոր առաջնորդի:
– Սակայն, օրինակ, 2003 թ. նախագահական ընտրություններում թե
իշխանության, թե ընդդիմության թեկնածուները ռուսամետ էին: Այսինքն՝ բոլոր
դեպքերում, ժողովուրդն ընտրում էր ռուսական կողմնորոշում ունեցող գործչի:

– Գուցե դուք ճիշտ եք՝ մտածելով, որ Ռուսաստանն աշխարհաքաղաքական
կայունության երաշխավորն է, քանի որ դուք ունեք Թուրքիայի նման հարեւան:
Դա չի նշանակում, որ նորերն անպայման պետք է լինեն Ռուսաստանի դեմ:
Կարեւոր է նաեւ Ղարաբաղյան հարցի առկայությունը: Բոլորը միակարծիք են, որ
շատ ավելի դժվար է բարեփոխումներ իրականացնել այն երկրներում, որոնք
գտնվում են պատերազմական վիճակում: Ադրբեջանի դեպքում իրավիճակը շատ
վտանգավոր է, որովհետեւ Ադրբեջանը կարող է գրավել Ղարաբաղի մի մասը՝
Թուրքիայի աջակցությամբ: Ի՞նչ կլինի, եթե Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի զորքով, կանգնի
Ալիեւի կողքին, եւ նրանք որոշեն գրավել Ղարաբաղի մի մասը, եւ, եթե
Ռուսաստանն ասի, որ դա Ադրբեջանի ու Հայաստանի գործն է, ու ինքը չի
միջամտում: Դուք ՆԱՏՕ-ի անդամ չեք, ձեր երաշխիքը միայն Ռուսաստանն է:
Ես ուղղակի զարմանում եմ՝ ինչպե՞ս է Լեւոն Տեր-Պետրոսյանը բարեփոխումներ
իրականացրել պատերազմի, շրջափակման պայմաններում: Այնուամենայնիվ, ձեզ
հաջողվել է այդ ժամանակահատվածում բարեփոխել երկիրը, այդ պատճառով
Հայաստանի փոփոխությունների գործընթացն ինձ համար շատ հետաքրքիր է:
– Որքանով դուք ծանոթ եք Հայաստանի քաղաքական դաշտին, այս պահին ո՞ր
գործիչը կամ քաղաքական ուժը կարող է դառնալ հեղափոխության առաջնորդ:

– Չգիտեմ, եւ ոչ մեկը չգիտի: Եվ դա հեղափոխությունների ամենահետաքրքիր
կողմերից է: Ոչ մեկը չգիտի, թե ով կլինի առաջնորդը: Հաստատ կարելի է ասել,
որ եթե Հայաստանում նարնջագույն շարժում լինի, դրան կմասնակցեն արդեն
հայտնի դեմքեր, գուցե՝ նախկինում իշխանության եղած մարդիկ: Բայց հնարավոր
է, որ նրանք չգլխավորեն այդ շարժումը, եւ հայտնվեն նաեւ մարդիկ, ովքեր
նախկինում հայտնի չեն եղել:
– Իսկ այդ համաշխարհային շարժման մեջ Հայաստանից որեւէ մեկն ընդգրկվա՞ծ է:
– Ես օգնել եմ ձեւավորել միջազգային խումբ, որը կոչվում է «Հրաշալի թիմ»:
Այդ թիմը պատրաստ է օգնել Կուբայի դեմոկրատներին: Դրա կազմում են Վացլավ
Հավելը, Ֆիլիպ Դիմիտրովը, Մարտ Լարը, Շուշկեւիչը, Լատինական Ամերիկայի մի
քանի երկրների նախկին նախագահներ: Եվ ես պատրաստ եմ առաջարկել Լեւոն
Տեր-Պետրոսյանին եւ Հրանտ Բագրատյանին, որպեսզի մասնակցեն այդ խմբի
աշխատանքներին: