Ճգնաժամի իրական հետեւանքները

15/02/2009

Համաշխարհային շուկայում մետաղների գների կտրուկ նվազման պատճառով «Վալլեքս» խմբի ընկերությունները ժամանակավոր ֆինանսական դժվարությունների առջեւ են կանգնել: «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրեսին» ասել են, որ մասնավորապես` «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն ստիպված է եղել դադարեցնել Ալավերդու հանքի եւ հանքահարստացուցիչ ֆաբրիկայի գործունեությունը, որը շահութաբեր չէր անգամ մետաղների` մինչ ճգնաժամը ձեւավորված աննախադեպ բարձր գների պայմաններում: Մետաղների գների կտրուկ անկման պայմաններում ձգձգվում է նաեւ «ՎՏԲ» բանկի կողմից Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի ֆինանսավորման նպատակով վարկային միջոցների հատկացումը, ինչի հետեւանքով ծրագրի իրականացման համար կատարվող ներդրումներն այժմ սահմանափակվում են ընկերության ներքին ռեսուրսներով: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի պղնձաձուլական գործունեության վրա մետաղների գների անկումն ուղղակի բացասական ազդեցություն չի ունեցել, սակայն այլ գործոններով պայմանավորված` Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքը երկարաժամկետ հեռանկարում շարունակելու հարցն անորոշ էր: Ըստ ընկերության տեղեկատվության` նշված պղնձաձուլարանի գործունեության դադարեցումն առաջիկա ամիսների ընթացքում անխուսափելի է: Հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցներ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն չունի: 2008թ. նոյեմբերին աշխատանքային պայմանագրերի չերկարացման արդյունքում ընկերությունում աշխատանքը կորցրել է 113 մարդ: 2008 թ. դեկտեմբերին աշխատանքային պայմանագրերը դադարեցվել են՝ 48 (այդ թվում` 27-ի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով), այս տարվա հունվարին` 78 (49-ը` նույն հիմքով) աշխատակցի հետ: Ալավերդու գործարանում այժմ աշխատում է շուրջ 650 մարդ: Պղնձաձուլարանի աշխատանքի դադարեցման դեպքում այդ աշխատակիցների հիմնական մասի հետ աշխատանքային պայմանագրերը նույնպես չեն երկարացվի: Տնտեսական ճգնաժամի հետեւանքով մետաղների գների կտրուկ անկումն էապես ազդել է նաեւ ԼՂՀ Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը շահագործող «Բեյզ Մեթըլսում» ՓԲԸ եկամուտների վրա, քանի որ ընկերության կողմից արտադրվող խտանյութում պարունակվող հիմնական մետաղներից մեկը պղինձն է: Այդուհանդերձ, «Բեյզ Մեթըլսում» աշխատակիցների զանգվածային կրճատումներ չեն եղել, հիմնական արտադրանքի` պղինձ-ոսկու խտանյութի արտադրության ծավալները չեն նվազեցվել: Ընկերությունը, ըստ այդ տեղեկատվության, նույնիսկ որոշակիորեն ավելացրել է արտադրության ծավալները. այժմ ստորգետնյա հանքից հանքաքարի արդյունահանման ծավալները տարեկան կազմում են 350.000 տոննա: Դա հնարավորություն է ստեղծել ամսվա մեջ 15-օրյա աշխատանքային ռեժիմով աշխատանքներում ներգրավելու նաեւ Ալավերդու պղնձաձուլական գործարանում աշխատանքը կորցրած շուրջ 100 աշխատակիցների: