Նորվարդ Վարդանյանի 5-րդ երեխան կծնվի մի քանի ամսից, սակայն նա չգիտի, թե որտեղ է բնակվելու իր անչափահաս երեխաների հետ: Շուշիում գտնվող այն բնակարանը, որտեղ հիմա բնակվում է նրա ընտանիքը, շուտով պետք է ազատեն:
«Որտեղ պետք է ապրեմ` չգիտեմ, որտեղ դուրս գանք: Չէ՞ որ եկել ենք Շուշիում բնակություն հաստատելու, բայց մեզ ասում են, որ տունը պետք է ազատենք, իսկ ուրիշն էլ չկա»,- ասում է 32-ամյա մայրը:
Ավարտելով հայրենի` Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղի դպրոցը, Նորվարդն ընդունվել է Շուշիի մանկավարժական տեխնիկում: 1996թ. ամուսնացել է ստեփանակերտցի մի երիտասարդի հետ, սակայն 7 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել են: Նորվարդը երկու երեխաների հետ միայնակ է ապրում, սակայն դա երկար չի տեւում: Երկու երեխան գրկին` նա դուրս է գալիս ամուսնու տնից եւ շարժվում դեպի Ստեփանակերտի հոսպիտալի հարեւանությամբ գտնվող փոքրիկ պուրակը, նստում նստարաններից մեկին: Քիչ անց Նորվարդին հանդիպում է Միշան, ով այդ օրը Մարտակերտից Ստեփանակերտ էր եկել` մասնակցելու հարազատներից մեկի ծննդյան քեֆին:
«Տեսա նրան` տխուր, երկու փոքր երեխան գրկին, միանգամից որոշեցի տանել մեր տուն»,- հիշում է Միշան: Իսկ Նորվարդը, վերհիշելով այդ պահը, խոստովանում է. «Այնքան վատ վիճակում էի, որ նույն պահին համաձայնվեցի այդ անծանոթ տղամարդու հետ գնալ»: Ու այդպես էլ սկսվում է նրանց համատեղ կյանքը: Ծնվում են երրորդ եւ չորրորդ երեխաները:
Միշան այդ ժամանակ Սվերդլովսկից տեղափոխվել էր Ղարաբաղ եւ ծառայում էր պաշտպանության բանակում: Մարտակերտում շուրջ 2 տարի բնակվելուց հետո նրանք տեղափոխվում են նախ՝ Ստեփանակերտ, այնուհետեւ` Շուշի: Երկու տեղում էլ վարձով էին ապրում, միայն շուրջ մեկուկես տարի է, ինչ բազմազավակ ընտանիքն ապրում է Շուշիի Ա. Մանուկյան փողոցի թիվ 5 շենքի 25-րդ բնակարանում, որը թեեւ 3 սենյականոց է, բայց ընտանիքն ապրում է մեկ սենյակում:
Ինչպես տնեցիներն են հավաստում, տունն ազատ էր` առանց դուռ ու պատուհանի, ավերված վիճակում: «Մի կերպ սենյակներից մեկն ինչ-որ չափով կարգի բերեցի: Ի՞նչ անեինք, հո առանց տուն չէի՞նք մնալու»,- ասում է Միշան ու ցույց տալիս կարգի բերած սենյակը, որտեղ չկան ապրելու համար նվազագույն պայմաններ. սեւացած պատերը տեղ-տեղ սվաղված են, իսկ տեղ-տեղ էլ երեւում են նաեւ աղյուսները, հատակը հողից է` ծածկված միայն լինոլեումով:
Այս փոքրիկ սենյակն ընտանիքի համար եւ՛ հյուրասենյակ է, եւ՛ ճաշասենյակ, եւ՛ ննջարան, եւ՛ խոհանոց: Սենյակում տեղադրված է 3 անկողին, որից մեկը` երկհարկանի: Բազմանդամ ընտանիքն ունի միայն մի գունավոր հեռուստացույց, որը նույնպես գտնվում է նրանց միակ սենյակում` փայտի վառարանի ու մի փոքրիկ պահարանի հետ միասին: Տանը չկա նաեւ գազ ու ջուր, իսկ լույսն էլ հարեւանի տնից են քաշել:
Այս պայմաններում ապրող ընտանիքը, սակայն, պետք է ազատի բնակարանը, քանի որ, ինչպես նշում են շրջանի եւ քաղաքի ղեկավարները, նրանք ապօրինաբար են զբաղեցրել այդ բնակարանը: «Երբ մենք տեղափոխվեցինք այստեղ, չգիտեինք, որ բնակարանը օրդերով ինչ-որ մեկին է պատկանում, քանի որ այն Շուշիի մի շարք ավերված տների նման դուռ էլ չուներ: Երբ արդեն կարգի բերեցինք ու ցանկացանք այն օրինականացնել, պարզվեց, որ տունն օրդերով ուրիշինն է, իսկ ուրիշ բնակարանի տրամադրման մեր բոլոր խնդրանքները մերժվում են` Շուշիում ազատ բնակարանի բացակայության պատասխանով»,- ասում է Նորվարդը:
Գրավոր պատասխաններում որպես մերժման պատրվակ՝ ամեն անգամ առաջ է քաշվում տարիներ առաջ նրանց կողմից ստորագրված մի փաստաթուղթ, որում նշված է, որ իրենց բնակարան պետք չի, այլ` միայն գրանցում: Փաստաթուղթը, ինչպես Նորվարդն է պնդում, ստիպված է եղել ստորագրել, քանի որ արդեն 7 ամիս երեխաների նպաստը չէր ստանում` գրանցում չունենալու պատճառով, իսկ գրանցում էին միայն այն պայմանով, որ բնակարանի պահանջ չեն ունենալու:
Ահա եւ ամբողջ պատմությունը, որ ստեղծվել է այդ ընտանիքի կացարանի խնդրի շուրջ: «Երբ արդեն հայտնեցին, որ վաղ թե ուշ պետք է տունն ազատենք, չգիտեինք՝ ինչ անել: Մեզ ասացին, որ կարիքավոր ընտանիքներին 5-րդ երեխայի ծննդյան դեպքում պետությունը բնակելի տուն է կառուցում, ու որոշեցինք ունենալ 5-րդ զավակը: Հույսներս այդ երեխան է, նրանից է կախված մեր ընտանիքի ապագան»,- կեսկատակ, կեսլուրջ նշում է երեխաների հայրը, ով շինարարությունում է աշխատում` որպես զոդող: Մշտական աշխատանք Միշան չունի, բայց, ինչպես ինքն է ասում, լինում են գործեր: Ամսական միջին հաշվով 120 հազար դրամ է աշխատում, եթե, իհարկե, նորմալ գործ է լինում: Այս եկամտից բացի՝ ընտանիքը ստանում է եւս 25 հազար դրամ` երեխաների նպաստն ու 3-րդ եւ 4-րդ երեխաների անվամբ բացված ավանդի տոկոսների գումարը: Հենց այդ եկամտով է գոյատեւում բազմանդամ ընտանիքը:
Բացի բնակարանային խնդրից` ամուսիններին մտահոգում է նաեւ երկրորդ երեխայի առողջական վիճակը. 7-ամյա Սյուզաննան տառապում է էպիլեպսիայով: «Ամեն օր դեղ պետք է խմի, թե չէ նոպա կունենա: Նախկինում այդ դեղը ստանում էի անվճար, սակայն արդեն 4 ամիս է՝ չեն տալիս` ասելով, որ դեղը չկա: Ստիպված գնում եմ դեղը, որ երեխայի վիճակը չվատանա»,- ասում է մայրը: Սյուզաննային մեկ անգամ բժշկական ստուգման են տարել Ստեփանակերտ: Ծնողներն ասում են, որ բժիշկները հավաստիացրել են, թե հիվանդությունը կանցնի, սակայն իրենք մտահոգված են ու ինչ-որ չափով էլ կասկածում են: «Իհարկե, լավ կլիներ, որ նա ստուգվեր մեկ այլ տեղ, բայց դեռ հնարավորություն չունենք»,- ավելացնում է մայրը:
Միշան եւ Նորվարդը դիմել են նաեւ հողատարածքի տրամադրման խնդրանքով` այն հույսով, որ պետության կողմից կառուցվելիք տան հողատարածքը գոնե կունենան, սակայն պատասխանում միայն նշվում է, որ դիմումը հաշվառված է Շուշիի քաղաքապետարանում: «Տան հարցն այսպես էլ մնացել է օդում կախված: Չեմ էլ ուզում ինչ-որ բան անել, քանի որ գիտեմ, որ կարող է մեզ այստեղից հանեն, իսկ ուրիշ տան տրամադրման հույսն էլ մարում է»,- հավելում է 4 երեխաների հայրը` Միշա Սարգսյանը: «Բոլորը խոսում են Շուշին բնակեցնելու անհրաժեշտության մասին, իսկ թե ինչու չի լուծվում մեր հարցը` չեմ հասկանում: Չէ՞ որ մենք էլ ենք եկել եւ մտադրություն ունենք մշտապես բնակվել այստեղ»,- իր զարմանքն է արտահայտում բազմազավակ մայրը:
Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
www.hetq.am