Հրեաները չեզոք կլինե՞ն

15/02/2009

ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության դեմ քարոզչական առաքելությունից Անկարա վերադարձած Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորներն այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին մի զեկույց են ներկայացրել, որտեղ շարադրել են «ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունման դեմ թուրքական կողմի անելիքները»: Թուրքական «Միլիեթի» փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի «թիմի հետ» հանդիպումից հետո երեք հոգուց բաղկացած թուրք պատգամավորների առաքելությունը հանդիպումներ է ունեցել նաեւ ԱՄՆ 13 տարբեր հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտելու համար աջակցություն խնդրել նրանցից: Էրդողանի դավոսյան ելույթից դժգոհ հրեական կազմակերպությունները հայտարարել են, որ «ոչ կխոչընդոտեն, եւ ոչ էլ կաջակցեն հայկական օրինագծի ընդունմանը»: «Ամենաշատը կարող ենք չեզոքություն պահպանել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,- հայտարարել են նրանք: Թուրք պատգամավորների՝ Էրդողանին ներկայացրած զեկույցում ասվում է, որ հակառակ իրենց կողմից արված հորդորներին եւ այն վստահեցումներին, որ «հակահրեականությունը մարդկության դեմ հանցագործություն համարող Էրդողանի ելույթը Դավոսում ուղղված է եղել Գազայի ռմբահարումների դեմ, որ Թուրքիան պատմության ընթացքում մշտապես աջակցել է հրեաներին եւ գրկաբաց ընդունել օսմանյան շրջանում Իսպանիայից փախած հրեաներին, եւ, որ չի կարելի անտեսել թուրք-իսրայելյան ռազմական եւ տնտեսական հարաբերությունները»: AIPAC, ADL, National Jewish Democratic Counsil, EXEC DIR, World Zionist Council, AJCգMգTEE, UJC, Republican Jewish Coalition 13 հրեական կազմակերպությունների ղեկավարներից ոչ մեկը չի խոստացել, որ կաջակցի Թուրքիային: Զեկույցում թուրք պատգամավորները խորհուրդ են տվել Էրդողանին անձամբ հանդիպել «Թուրքիան եւ թուրքերին լավ ճանաչող» ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին եւ ՊՆ նախարար Ռոբերտ Գեյթսին: Նրանք կարեւորել են նաեւ մինչեւ ապրիլի 24-ը թուրքական խորհրդարանից տարբեր պատվիրակությունների «ավելի շատ այցելությունները ԱՄՆ»: