Արվեստը՝ որպես հիշելու եւ հաշվետու լծակ

15/02/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

ՀՀ Մշակույթի նախարարությունը նախաձեռնել է հանդիսավոր ու սիրուն միջոցառում, որը պետք է հանրությանը ցուցադրի, թե ինչ լավ բան է արվել մշակույթի ոլորտում անցյալ տարվա ընթացքում: Փետրվարի 13-14-ն անցկացվող «ART EXPO»-ն մեծ թվով արվեստի գործիչների ու մի քանի պաշտոնական անձանց էր հավաքել:

Նկարիչների տան սրահում ստեղծվել էին մոտ 20 տաղավարներ, որտեղ ցուցադրվում էր մշակութային արտադրանքը (փառատոնային ու թանգարանային բուկլետները, գրքերը, վիդեո եւ աուդիո ձայնագրությունները, էլեկտրոնային աշխատանքներն ու կայքերը): Հասկանալի է, որ այդ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն պիտի առաջացներ, քանի որ առաջին անգամ է, երբ մշակույթի տարբեր ճյուղերը պաշտոնապես ու, ինչպես ասում են` «առաջին ձեռքից» են ներկայացվում: Վերջիվերջո, վաղուց հասունացել է մշակույթի դերը բարձրացնելու պահը: Եվ «Արվեստների ցուցահանդեսը» (փորձենք թարգմանել «ART EXPO» բառակապակցությունը) մեզ պետք է արվեստ ցուցադրի, արվեստ առաջարկի ու արվեստ «սպառողներ» դարձնի: Յուրաքանչյուր ցուցադրություն-վաճառք նման կոնցեպցիայով է աշխատում: Եվ եթե նույնիսկ պատրաստի արտադրանք չի վաճառում, ապա գոնե մտահղացումներն իրականացնելու ճանապարհներ է նախանշում: Այլապես` նրա ստեղծումը դառնում է ավելորդ ծախս ու ժամանակի վատնում:

Խոսենք առաջարկ-սպառում շղթայի մասին: Մշակույթի նախարարությունը արվեստների այդօրինակ ստուգատեսը որպես ցուցահանդես է ներկայացրել` խուսափելով «տոնավաճառ» բառից (միգուցե դա արվել է «մշակույթ» բառի վեհ կշիռը չթուլացնելու համար): Թեեւ հենց տոնավաճառի սկզբունքները կարող են ավելի լայն ու ազնիվ դաշտ բացել արվեստի գործիչների առջեւ: Տոնավաճառի կոնցեպցիան առաջին հերթին ենթադրում է պոտենցիալ գնորդների ու պարտնյորների որոնում, ինչը, թերեւս, ամենաարդիական խնդիրն է մշակույթի կառավարման ոլորտում: Այս մոտեցումը թույլ է տալիս ոչ միայն վաճառել արվեստի ստեղծագործությունները, այլեւ` ուսումնասիրել հանրության հետաքրքրություններն ու հետեւել հանդիսատեսի ու ընթերցողների արձագանքներին: Շատ դեպքերում արվեստի մարդու համար դա ավելի մեծ խթան է, քան իր կտավի կամ ձայներիզի վաճառքը, քանի որ դա գաղափարների փոխճանաչման պարարտ հող է ստեղծում: Ուզենք թե չուզենք, մշակութային արտադրանքը լայն սպառման շուկա պիտի մուտք գործի (որքան էլ որ խորշենք «ապրանք» բառից, միեւնույն է` ներկայացումը, ֆիլմը կամ գիրքը իրոք ապրանքներ են, որոնք չպիտի կուտակվեն պահեստներում կամ ուղեղներում, այլ` պետք է ցուցափեղկերում դրվեն ու սպասեն իրենց «գնորդին»):

Բայց «ART EXPO»-ն տոնավաճառ չէ, այնտեղ ոչինչ չի վաճառվում: Որեւէ գիրք, դիսկ կամ թեկուզ լոգոտիպով բաժակ գնելու համար պետք է խանութ կամ տվյալ կազմակերպության գրասենյակ դիմել: Որեւէ բան վաճառելն անօրեն գործարք է համարվում, քանի որ ՀԴՄ-ներ են հարկավոր, որոնք չկային, թեեւ գրքեր կամ Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ տպագրված խաղերը գնել ցանկացողները շատ էին: Միգուցե «ART EXPO»-ն առաջարկ անելու ա՞յլ ձեւ է գտել` հայտարարելով, որ ցուցադրում է «հայրենական մշակույթի ձեռքբերումներն ու զարգացումները, միաժամանակ համագործակցության, գործնական կապեր հաստատելու հնարավորություն է ընձեռում բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ու կառույցներին»: Հիանալի նպատակներ են, փորձենք հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է այդ ամենն իրագործել: Բոլորն, իհարկե, ընդունում են, որ կապեր ու պարտնյորներ գտնելը մշակութային գաղափարներն իրականացնելու ամենաանարդյունավետ ուղիներից են: Սակայն այստեղ հարց է ծագում. որո՞նք են այն գաղափարներն ու ծրագրերը, որոնց հետ կարելի է համագործակցել 2009 թվականին: Ազգային Կինոկենտրոնի տաղավարը ներկայացնողներին հարց տրվեց` որո՞նք են արտադրության մեջ գտնվող այն ֆիլմերը, որոնց հետ կարելի է համագործակցել, ու գումար ներդնելու համար ինչպիսի՞ պայմանագրեր կարելի է կնքել: Կինոկենտրոնը պատրաստ չէր ասել, թե ինչ է արվելու, այն միայն ներկայացնում էր արդեն իսկ արված ֆիլմերը: «Մենք չգիտեինք, որ պետք է ներկայացնել մեր ապագա ծրագրերը»,- ասացին: Միգուցե հենց այս վայրկյանին նրանք կինոյի ոլորտի մեջ խոշոր ներդրողի կորցրին: «Հայկական ջազ-70» ընկերությունը, որը մեծ թափով աշխատեց ողջ անցյալ տարվա ընթացքում, տեղեկացրեց, որ հիմա ոչ մի բան էլ չեն նախատեսում, քանի որ 70-ամյակն ավարտվել է: Իսկ ձայներիզներ գնելու համար խորհուրդ տվեցին տարբեր խանութներ դիմել: «ՀայՖեստի» ու Շեքսպիրյան փառատոնի հիմնադիրներն ասացին, որ համագործակցությունն իրենք ակնկալում են իրենց ինտերնետային կայքի միջոցով, քանի որ վաղուց արդեն այդ մեխանիզմն են մշակել, բայց հույս ունեն, որ «ART EXPO»-ն կզարգանա: Եղան մարդիկ, որոնք մոտենալով «Շուշի» հիմնադրամին՝ հարցրեցին` ինչպե՞ս կարելի է իրենց ապագա ծրագրերին ծանոթանալ` աջակցելու համար: Ծրագիրը դեռ ճշտված չէր, ու պոտենցիալ սատարողները ձեռնունայն հեռացան: Տպավորություն էր, որ ոչ ոք չէր ցանկանում խոսել ապագայի մասին, բոլորը միայն խոսում էին արվածի մասին:

Այստեղ աննշան թվացող, բայց հիմնարար հավելում պետք է արվի. ցուցադրվում են միայն պետության աջակցությամբ ստեղծված մշակութային նմուշներն ու ծրագրերը: Այսինքն, եթե պետությունը գումար է տալիս «Ոսկե ծիրան» կինոփառատոնին կամ Մնջախաղի փառատոնին, ապա նրանք հնարավորություն են ստանում սեփական տաղավարով ներկայանալ: Այդ փառատոների արժեքի ու նշանակության հետ ոչ ոք չի վիճում, վիճելի է նման մոտեցումը: Ստացվում է, որ սա ոչ թե սոսկ ցուցադրություն է, այլ` յուրատեսակ հաշվետվություն է: Եվ պետական գումարներ ստացած կազմակերպությունները ցուցադրում են, թե ինչ են արել այդ գումարների հետ: Նրանք ոչինչ չեն վաճառում ու ոչինչ չեն առաջարկում, միայն հաշվետու են դառնում: Համենայնդեպս, շատ մասնակիցներ այդպես են հասկացել «ART EXPO»-ի կոնցեպցիան եւ այդպես էլ ներկայացել են: Եվ այդ կոնցեպցիայի համաձայն` համագործակցության որոնում լինել չէր կարող:

Հայաստանի երաժշտական կյանքում հսկայական դեր ունեցող «21-րդ դարի հեռանկարներ» փառատոնի ներկայացուցիչն ասաց, որ իրենք հաջորդ տարի անելու են այն, ինչ անում են` լավ երաժիշտներին են բերելու Հայաստան: Եվ «ART EXPO»-ն դիտարկում են միայն որպես հնարավորություն` իրենց մասին հիշեցնելու համար: Շատ ազնիվ ու սթափ դիրքորոշում է: Երբ խոսքը գնում է դասական երաժշտության փառատոների կամ Հայաստանի Ազգային պատկերասրահի մասին, հասկանալի է դառնում, որ պետությունը` «համագործակցություն» ասելով` ենթադրում է միջազգային կառույցները, դեսպանատներն ու այլազգի գործարարներին: Եվ այդ դեպքում հարց է ծագում. ինչո՞ւ են բոլոր ցուցանակները միայն հայերեն լեզվով գրված: Եվ, վերջիվերջո, ո՞ւմ համար է «ART EXPO»-ն: Եթե այն պետք է արվեստի շուկա ձեւավորի, ապա սելեկցիոն ծրագիրը պետք է ոչ միայն պետական հովանավորություն ստացած ծրագրերն ընդգրկի, այլ` յուրաքանչյուր, թեկուզեւ «հում» արժեքավոր գաղափարները ներկայացնի, եւ հետո միայն դրանց միջից ընտրի լավագույններին: Իսկ եթե պետք է արվեստի հանդեպ հետաքրքրություն առաջացնի, ապա գոնե պետք է նախատեսել մշակութային արտադրանքի վաճառքը, քանի որ սա այն վայրն է, որտեղ կարելի է տեսնել, զրուցել, հավանել ու գնել: Այցելուների մեծաքանակ լինելը շատ նպաստավոր է` գիրքը, ֆիլմը կամ ձայնագրությունը տեղում «գովազդելու» ու տեղում ձեռք բերելու համար: Եվ եթե գրքեր են ներկայացված, ապա ինչո՞ւ են ընտրվել միայն մեկ հիմնադրամի տպագրած գրքերը: Արդյո՞ք պետական աջակցությունն այս դեպքում որակի երաշխիքն է: Գուցեեւ այդպես է, բայց այցելուները պետք է իրենք դրանում համոզվեն` համեմատելու շանս ստանալով: Իսկ արվեստի «ապրանք» ստեղծողներն էլ պետք է շահագրգռված լինեն ֆինանսական հաջողություն ունենալու մեջ: Այլապես` միայն հաշվետու լինելով, իրենք էլ չեն զարգանա:

Մի խոսքով, առաջին անգամ կազմակերպած «ART EXPO»-ի կոնցեպցիան շատ մշուշոտ է, հայտարարված նպատակներն ու իրագործման եղանակն իրար չեն համապատասխանում: Ամեն ինչը շատ գեղեցիկ, անարդյունավետ ու «հոգնած» տրամադրությամբ է ներկայացվում: Հասկանալի է, որ հաշվետվություն պատրաստելը հաճելի չէ ստեղծագործողների համար: Միգուցե պետք է սպասել, որպեսզի նման ցուցադրության գաղափարն իր արդյունավետ ֆորման գտնի` հենց մասնակիցների առաջարկների շնորհիվ:

Եվ թող սելեկցիոն ֆիլտրի միջով անցնեն այն կառույցների, հիմնադրամների, ընկերությունների ու անհատների ստեղծած արվեստի նմուշներն ու ծրագրերը, որոնք հետք կթողնեն 2009 թվականին: Եվ եթե մի քանի ամիս անց կազմակերպվի նոր ծրագրեր ներկայացնող «ART EXPO»-ն, ապա այս առաջինը իմաստավորված կլինի: