Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կոչ է արել քաղաքական կուսակցություններին ներքին տարաձայնությունների պատճառով չմոռանալ երկրի շահերի մասին: «Մենք չպետք է թույլ տանք, որ քաղաքական կուսակցությունների միջեւ առկա տարաձայնությունների պատճառով մոռացվեն երկրի ու ժողովրդի շահերը»,- հայտարարել է Սահակաշվիլին՝ Վրաստանի խորհրդարանում հանդես գալով տարեկան հաշվետվությամբ: Նա նշել է, որ այսօր երկրի առջեւ ծառացած գլխավոր խնդիրը տնտեսությունը համաշխարհային ճգնաժամի ազդեցությունից զերծ պահելն է:
Սահակաշվիլին ասել է, որ, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների, Վրաստանը կարող է հայտնվել այն երկրների տասնյակում, որոնք ամենից քիչ կտուժեն համաշխարհային ֆինանսական ճգնաժամից: «Երկրում տնտեսական ճգնաժամ չկա, կան ճգնաժամի հետ կապված տնտեսական խնդիրներ ու դժվարություններ,- ասել է նա` ավելացնելով,- պետական կառույցների գլխավոր ու միակ գերակայությունը տնտեսության ապաքինումն է: Մենք պարտավոր ենք առաջիկա ամիսներին պահպանել ու ստեղծել նոր աշխատատեղեր: Մեր բոլոր ջանքերը կնպատակամղվեն դրան»: Սահակաշվիլին ընդգծել է, որ բացի այդ՝ «ամենագլխավորը հասարակության միասնությունն է»: «Եթե մենք միասնական լինենք, ապա կլինենք անհաղթելի ու կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները»,- հայտարարել է նա: