Հիմա լավ չեմ հիշում՝ ռո՞ւս հեղինակ էր, թե՞ եվրոպացի, հիշում եմ,
պատմվածք էր, որի հերոսն ամեն օր բացում էր լրագրերն ու վախենում, որ պիտի
կարդա իր մահվան լուրը։ Հեղինակն ընդհանրացնում էր՝ լրագրերն արձանագրում
են մեռնող իրականությունը։
Մեր դեպքում այս ընդհանրացումն առավել քան ճշգրիտ է, որովհետեւ մենք ամեն
օր թերթերը բացելով առիթ ունենք ծանոթանալու մեռնող բարոյականության,
մեռնող սկզբունքայնության, մեռնող մարդկայնության հետ։ Եվ վաղ առավոտվա
այդ հոգեհանգիստը, ինչպես բոլոր հոգեհանգիստներն ու մահվան հետ կապված
ծեսերն՝ իրենց ձգձգված ավելորդություններով, բթացնում է ցավը։
Երեկ առավոտյան «Հայկական ժամանակ» օրաթերթի առաջին էջում տեսնելով
ընկերոջս՝ Պավլիկ Մանուկյանի լուսանկարը, որը դրված էր «Համը հանեցին»
վերնագրի տակ, անասելի վատ զգացողություն ունեցա։ Բանն այն է, որ
Ղարաբաղում ընտրությունների թոհուբոհի մեջ գտնվել են մարդիկ, ովքեր զորել
են ձեռք բարձրացնել պատերազմի լեգենդար մարտիկներից մեկի վրա։ Իշխանության
համար պայքարն այն աստիճան է ցածրացել, որ հասել է անձնական հաշվեհարդարի։
Իսկ ինչո՞ւ Պավլիկը։ Ընթերցողի համար այս հարցը պարզ չէ, որովհետեւ շատերը
կամ չեն ճանաչում նրան, կամ միայն անունն են լսել։ Պավլիկ Մանուկյանին կամ
պարզապես Ապարանցի Պավլիկին ես հիշում եմ «Գարուն» ամսագրից։
Բանաստեղծություններ էր գրում, մի քանիսը տպագրվել էին։ Երբ սկսվեց
ղարաբաղյան շարժումը՝ բոլորի հետ ու բոլորի նման նախ՝ Ազատության
հրապարակում էր, հետո՝ Երասխավանից սկսած՝ ամենուրեք։ Ժամանակ առ ժամանակ
լուրեր էինք ստանում Պավլիկի «ծռությունների» մասին եւ հպարտանում, որ
գիտենք նրան, ճանաչում ենք։ Երկար ընդմիջումից հետո 2001-ին հանդիպեցինք
Շուշիում։
Այն, ինչ գրեցի, ընթերցողին շատ բան չի ասում նրա մասին։ Ավելացնեմ, որ
ապարանցի այս զինվորն իր կռիվը կռվելուց հետո չեկավ Հայաստան՝ իր փայ
տնտեսությունն ու քաղաքականությունը պահանջելու, այլ մնաց Ղարաբաղում,
ամուսնացավ, երեխաներ ունեցավ, հիմա էլ զբաղվում է հողագործությամբ։
«Հաղթողը պետք է հաղթած հողում ապրի»,- մի անգամ ասաց նա՝ բացատրելով Ղարաբաղում իր մնալը։
Բացառիկ հմուտ այս գնդացրորդի ծառայությունը Ղարաբաղի բանակում մերժվել էր
դեռեւս Սամվել Բաբայանի նախարարության շրջանում։ Կապիտան Մանուկյանին
աստիճանազրկելով՝ դարձրել էին շարքային։ Եվ պարզ է, որ այս բանն արել էին
ոչ թե ծառայողական պարտականություններում թերանալու, այլ բանակում տիրող
բարոյահոգեբանական մթնոլորտին ընդդիմանալու համար։
Երբ նա պատմում էր իր գլխով անցածը, ես մտածում էի, որ մի այլ մարդ՝
թերթերից, հեռուստատեսությունից, հրապարակներից մեզ ծանոթ մի այլ մարդ,
այս նվաստացումը հարմար առիթ համարելով՝ կհավաքեր տունուտեղն ու կգար
Հայաստան՝ Սամվել Բաբայանի այն ժամանակվա հակառակորդներից ստանալու իր
բաժին տնտեսությունն ու քաղաքականությունը։ Բայց Պավլիկը Պավլիկ է հենց
նրանով, որ մանր բաներից չի վհատվում, որ չի թողնում Ղարաբաղը, որովհետեւ
այդտեղ կատարվածը համարում է (իր խոսքն եմ ասում) «Հաղթանակի դուռը»։
Մի անգամ էլ հանդիպեցինք Ստեփանակերտում։ Շուշիի ազատագրման տարեդարձն էր։
Հարցրի՝ ինչո՞ւ Շուշիում չէիր։ Ասաց՝ ինձ ոչ ոք չէր հրավիրել։ Ասացի՝
պա՜հ, քեզ պե՞տք ա հրավերը, գնայիր առանց հրավիրատոմսի։ Պավլիկը դառնացավ.
«Ես չեմ կարող այդ օրը նշել այն մարդկանց շրջապատում, ովքեր դրա հետ ոչ մի
կապ չունեն։ Ես իմ արածն արել եմ, թող իրենք վայելեն փառքը»։
Հետո մի անգամ էլ տեսա, եկել էր Երեւան, ուզում էր հանդիպել Պաշտպանության
նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին, որ կրկին վերականգնվեր
բանակում։ Ասում էր՝ ես զինվորներին տալու շատ բան ունեմ, ձախ ձեռքով
գնդացիր կրակելը հանաք բան չէ, բայց մարտավարության տեսակետից շատ կարեւոր
է։ Չիմացա, հետո վերականգնվե՞ց բանակում, թե՞ ոչ, բայց հիշում եմ, որ
Երեւանից գնաց կոտրված սրտով։
Պավլիկը դաշնակցական է, բայց դա նրան ոչ մի առավելություն չի տալիս,
անգամ՝ պատերազմից ստացած բազմաթիվ վերքերը բուժելու հարցում։ Մարդու այս
տեսակին չեն սիրում ոչ պետական պաշտոնյաները, ոչ էլ կուսակցական բոսերը,
որովհետեւ ուղղամիտ մարդը բարդացնում է նրանց կյանքը, որովհետեւ շիտակ
հայրենասերը բարձրացնում է հայրենասիրության նշաձողը՝ զավզակությունից
մինչեւ մաքուր զգայնություն։ Մարդու այս տեսակը սիրելի եւ հիշատակելի է,
երբ արդեն չկա, երբ նրան նմանվելն իբրեւ անհրաժեշտություն օգտագործվում է
«գաղափարախոսություն» կոչվող թանձրուկի մեջ։
Ես դաշնակցական չլինելով եւ այդ կուսակցության գաղափարները չկիսելով,
անչափ հարգում եմ Պավլիկին, որովհետեւ առհասարակ հարգում եմ տղամարդու
տեսակը, ով «կողմ ըլլալով՝ դեմ կըլլանք» դատարկաբանություններից չօգտվելով
(բառի բուն իմաստով չօգտվելով), ընդունել է «Ազատ, անկախ, միացյալի» հին
դրոշն ու գնում է առաջ։ Ո՞ւր, ես էլ չգիտեմ։ Ինչո՞ւ, ես էլ չգիտեմ։ Ո՞նց,
ես էլ չգիտեմ, բայց գիտեմ մի բան, որ իսկական կուսակցականն իր
կուսակցության կարգախոսն ընդունում է որպես առաջադրանք, իսկ առաջադրանքն
ընդունվում է առանց երկմտանքի։
Ի՞նչ էր անում Պավլիկը Ղարաբաղի Ազգային ժողովի ընտրություններին մասնակից
«ՀՅ Դաշնակցություն-Շարժում-88» ցուցակում, չգիտեմ։ Կարծում եմ, նրան
խոստացել են վերականգնել մարդկային այն մթնոլորտը, որը տիրում էր
պատերազմի շրջանում, երբ բոլորը հավասար էին իրենց իրավունքներով ու
պարտականություններով, երբ բոլորը մի խնդիր ունեին՝ ապահովել Ղարաբաղի
ժողովրդի անվտանգ ու երջանիկ ապագան։ Այլ դեպքում դժվար թե նա հայտնվեր
ինչ-որ դաշինքի ցուցակում, այլ դեպքում դժվար թե պայքարեր հանուն այդ
դաշինքի հաղթանակի, եւ այլ դեպքում դժվար թե նախընտրական ու հետընտրական
լարվածությունը կոտրվեր հենց իր՝ լեգենդար մարտիկի գլխին։
«Քաղաքականություն» կոչվող ձեռնածություններում նա օտար մարմին էր, եւ
քաղաքական մարդկանց ձգտումն այդ օտար մարմինը հեռացնելն է։ Փառք Աստծո, որ
այդ ամենն ավարտվել է միայն վնասվածքներով, հակառակ դեպքում՝ ցավով պիտի
փաստեինք, որ Ղարաբաղյան ազատամարտը հոշոտում է իր ընտիր զավակներին՝
հեղափոխությունների ու նման խժդժությունների «լավագույն» ավանդույթով։