Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական արդյունքներ չկան բանակցային ձեւաչափի խեղաթյուրման պատճառով: BBC-ի ռուսական ծառայության հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԼՂՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար, ԼՂՀ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Մասիս Մայիլյանը։ «Խնդիրն այն է, որ բանակցային ձեւաչափը խեղաթյուրված է: Հակամարտությանը մասնակցում է երեք կողմ` ԼՂՀ-ն, Ադրբեջանը եւ Հայաստանը: Քանի որ Ղարաբաղն այդ բանակցային ձեւաչափին չի մասնակցում, անհնար է սպասել, թե ինչ-որ որոշումներ կկայացվեն: Նույնիսկ, եթե դրանք ընդունվեն, խնդիրներ կծագեն դրանց իրականացման ընթացքում»,- նշել է Մասիս Մայիլյանը: Վերջինս ներկայումս ղեկավարում է ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհուրդը: Մեկնաբանելով այն կարծիքը, թե Հայաստանը բանակցություններում ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի շահերը, Մասիս Մայիլյանը կրկնել է. «Բանակցությունների ձեւաչափը եռակողմ է, այն ընդունվել է ԵԱՀԿ շրջանակներում: Այն ամրագրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերով: Սակայն 1997 թվականից այդ ձեւաչափը խեղաթյուրվել է, այդ իսկ պատճառով մինչ այժմ բանակցային գործընթացում իրական արդյունքներ չկան»: