Դրամափոխների կյանքից

14/02/2009

Նախօրեին «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը բավական ոգեւորված հայտարարություններ էր արել ռուսական ռուբլին ԱՊՀ տարածքում որպես միասնական վճարամիջոց կիրառելու մասին: Երեկ, սակայն, Տ. Սարգսյանը փորձել է պարզաբանել իր իսկ հարցազրույցը` իրականում բացատրության փոխարեն նոր հարցադրումներ առաջացնելով: Այսպիսով, ըստ նրա՝ Հայաստանը հետաքրքրված է, որպեսզի «ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ֆինանսական հաշիվներն իրականացվեն ազգային արժույթներով, ոչ թե դոլարով կամ եվրոյով, քանի որ դա հանգեցնում է արտարժութային ռիսկերի դիվերսիֆիկացման եւ կրճատում գործարքավարական ծախսերը»: Իսկ որքանո՞վ են իրատեսական Հայաստանի` ռուբլու գոտի անցնելու մասին լուրերը: Այդ հարցին ի պատասխան՝ Տ. Սարգսյանը չի ասել, որ դա իրատեսական չէ, բացառված է, հնարավոր չէ: Նա ասել է, որ նախ՝ անհրաժեշտ է պարզել, թե ինչ է նկատի առնվում՝ «ռուբլու գոտի» ասելով: «Եթե «ռուբլու գոտի» հասկացության տակ նկատի են առնվում այն երկրները, որոնք ՌԴ-ի հետ առեւտրային գործարքներում որպես հաշվարկային արժույթ օգտագործում են ռուբլին, ապա դա բավականին իրական հեռանկար է: Իսկ եթե հասկանում են Եվրոգոտու սկզբունքով երկրների միավորումը, ապա այսօր այդ մասին խոսելը վաղաժամ է»,- ասել է Տ. Սարգսյանը: Փաստորեն՝ վարչապետը չի բացառում, պարզապես վաղաժամ է համարում ազգային դրամից հրաժարվելով՝ ռուբլու գոտի մտնելը: Ընդ որում, հազիվ թե Հայաստանը նման քայլի է դիմում միայն ՌԴ-ից ստացվելիք 500 մլն դոլար վարկի դիմաց «վարձահատույց» լինելու համար: Ակնհայտ է, որ վերջին շրջանում իշխանությունների սկսած «արտաքին խաղերի» համատեքստում սա «մեսիջ» է Արեւմուտքին` ամբողջությամբ ՌԴ-ի գիրկն անցնելու սպառնալիքով: Եվ պատահական չէ, որ դրա մասին հայտարարում է հենց «արեւմտամետի» համարում ունեցող Տ. Սարգսյանը: Ի դեպ, երեկ վերջինս ռուբլու` որպես գերապատվելի վճարամիջոց լինելու փաստարկ՝ ասել է նաեւ, որ ՀՀ ԿԲ-ն 3 տարի առաջ որոշում է ընդունել ռուբլին որպես պահուստային արժույթ օգտագործելու մասին: ԿԲ նախկին նախագահը երկար-բարակ բացատրել է դրա անհրաժեշտությունը, սակայն ոչ մի բառ չի ասել այն մասին, թե որքան գումար է պահուստավորել Հայաստանը ռուսական ռուբլով: Եվ ամենակարեւորը` որքան գումար է Հայաստանը կորցրել դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու վերջին շրջանում արձանագրված շուրջ 50 տոկոս արժեզրկման պատճառով: