Երեկ հենց այս հակաընդդիմադիր մթնոլորտում անցավ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի ու հոգեբան Կարինե Նալչաջյանի հանդիպումը լրագրողների հետ: Խոսելով մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի մասին` Ա. Ադիբեկյանը ընդդիմության լիդերներին «պնդաճակատներ» ու «հիվանդներ» անվանեց: «Ինձ հետաքրքիր է, թե ընդդիմությունը անցյալ տարվա դեպքերից հետո դասեր քաղե՞լ է, թե՞ ոչ: Եվ նրանց պնդումները, որ մենք ապրում ենք ավազակախմբի կողմից հիմնված ոստիկանական պետությունում, համապատասխանում է իրականությանը, թե նրանք ուղղակի մոլորված են: Եթե գան բազմաթիվ մարդիկ եւ բարեկիրթ եղանակներով իրականացնեն իրենց հանրահավաքը, ուրեմն նրանք, իրոք, դասեր քաղել են: Որովհետեւ պնդաճակատներին եթե կյանքն էլ չի սովորեցնում, ուրեմն նրանք արդեն հիվանդ են ցմահ: Հույս ունենանք, որ հետեւություն արել են»,- ասաց սոցիոլոգը: Հարց հնչեց, որ եթե մարդիկ հանրահավաք են անում` ընտրակեղծիքների դեմ բողոքելով, դա նորմա՞լ է, թե՞ հոգեխանգարմունքի դրսեւորում է: «Նայած՝ ինչ ձեւով են բողոքում: Եթե մեքենա են վառում, խանութ են ջարդում, կողոպտում են, դա աննորմալություն է: Կան շատ նորմալ ձեւեր` հանրահավաքներ, պիկետներ, ստորագրահավաքներ եւ այլն»,- պատասխանեց Ա. Ադիբեկյանը այնպիսի տոնով, կարծես ընդդիմադիրները տասը օր շարունակ ջարդում, փշրում-ավերում էին ամեն ինչ: Նրանից առանձնապես ետ չմնացող Կ. Նալչաջյանն էլ ասաց, որ մարտի 1-ին սպասվող հանրահավաքը այն մասշտաբները չի ունենա, ինչ որ նախկինում էր: «Մարտի մեկի ողբերգական իրադարձությունների հետեւանքով կիսատության, անորոշության զգացողություն ոնց որ թե մնացել է, քանի որ կոնկրետ հարցերին կոնկրետ պատասխաններ տրված չեն: Ուստի ասել, որ հոգեկան լարվածությունը ամբողջությամբ թուլացել է, զրոյացել է, ճիշտ չէ: Բայց մարդիկ սթափ են վերաբերվում այդ հարցերին, որոշակի եզրակացություններ են արել, որոշակի հետեւությունների են հանգել: Նրանք, ովքեր ակտիվորեն ներգրավված էին այդ պրոցեսների մեջ, որոնք ունեին հեղափոխական նպատակներ եւ ուզում էին հասնել դրանց, կարծես թե կանգ են առել: Վերջնական նպատակին, ինչին ձգտում էին լիդերները, չհասան: Սա նշանակում է, որ նոր պրոցեսներ կլինեն, եւ որոշակի զանգված ոտքի կկանգնի: Չեմ կարծում, թե այդ ներքին բռնկումների վտանգը զրոյական է, բայց, այնուամենայնիվ, թափը կոտրվել է»,- ասաց հոգեբանը: Այն հարցին, թե ինքը ողջունո՞ւմ է արդյոք այդ թափը կոտրելու համար իշխանության կողմից գործադրված բռնություններն ու ճնշումները, Կ. Նալչաջյանը պատասխանեց, թե ինքն իշխանության կողմից գործադրած բռնությունների մասին փաստեր չունի, եւ որ բռնության դրսեւորում է նաեւ այն, որ ընդդիմադիրները իրեն փողոցում տեսնելիս «թարս-թարս» են նայում: Կ. Նալչաջյանը անդրադարձավ նաեւ սերիալների բացասական հետեւանքներին: «Սերիալները իսկապես շատ ուժեղ ազդեցություն են թողնում մարդկանց, հատկապես` պատանիների, դեռահասների վրա: Դրանցում մատուցվում է ուժ, առնականություն, մարդիկ ինչ-որ ձեւերով հարցեր են լուծում, եւ դա արվում է բավականին հրապուրիչ ինտերիերներում, նաեւ հարուստ են, բարեկեցիկ, ամեն օր չեն գնում առավոտից իրիկուն չարքաշ աշխատում: Սրանք շատ հրապուրիչ կերպարներ են դեռահասների համար, եւ մենք տեսնում ենք, որ նրանք կրկնօրինակում են այդ հերոսներին նույնիսկ շարժուձեւերով»,- նշեց Կ. Նալչաջյանը` առաջարկելով որպես ընդօրինակման մոդել վերցնել, օրինակ, պատմական ինչ-որ կերպարների եւ դրանց մասին սերիալներ նկարել: Սոցիոլոգն ու հոգեբանը անդրադարձան նաեւ ֆինանսական ճգնաժամի սոցիալ-հոգեբանական հետեւանքներին: «Ճգնաժամի գլոբալ ընկալումը մի քիչ թուլացնում է մարդկանց սթրեսային վիճակը, հոգեկան ցնցումը, որովհետեւ ընդհանրապես ավելի հեշտ է տանել որոշակի հոգեկան բացասական ազդեցություններ այն դեպքում, երբ դու գիտես, որ մենակ չես: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր երկրում կան առանձնահատկություններ: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք դիմագրավել ճգնաժամին համախմբվելով»,- նշեց Կ. Նալչաջյանը` հավելելով, որ մարտի մեկի հանրահավաքը այս տեսակետից էլ է վնասակար: Ըստ նրա՝ ճգնաժամի եւ Հայաստանում վերջերս նկատվող ինքնասպանությունների թվի ավելացման միջեւ ուղղակի կապ չկա: «Իհարկե, չի բացառվում, որ հուսահատությունը մարդկանց այնպիսի աստիճանի կարող է հասցնել, որ նրանք այդպիսի ծայրահեղ քայլերի դիմեն: Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ կարելի է եւ արժե ուղիղ պատճառական կապ փնտրել: Ինքնասպանությունները տարբեր ծագում ու զարգացում ունեն, ինքնասպանության դրդող գործոնների թիվը մեծ է»,- ասաց Կ. Նալչաջյանը: Իսկ Ա. Ադիբեկյանի կարծիքով, մեր բնակչության ծայրահեղ աղքատ խավը` 10 տոկոսը, ինչպես նաեւ՝ աղքատության շեմից ներքեւ գտնվող շուրջ 30 տոկոսը, այսպես թե այնպես, միշտ էլ գտնվել է ճգնաժամի մեջ: «Ճգնաժամը կհարվածի միջին դասին, որոնք ստիպված կլինեն հրաժարվել, ասենք, երեխաների վճարովի ուսուցումից, որակյալ ու վճարովի բժշկությունից: Սոցիալական առումով էլ վտանգ կա, որ Հայաստան կվերադառնան հարյուր-հազարավոր այն հայերը, որոնք աշխատում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Միջին Ասիայում եւ այստեղ աշխատանք չեն գտնի»,- նշեց Ա. Ադիբեկյանը: Պարզվում է, որ տնտեսական ճգնաժամն ազդել է նաեւ պարոն Ադիբեկյանի «Սոցիոմետր» կոչվող կենտրոնի վրա: «Երեք խոշոր պատվեր, որ Ռուսաստանից պետք է գար, հիմա այդ պատվերները հանվեցին»: Ադիբեկյանը վստահ է, որ հայ ժողովուրդը ամեն դեպքում այս դժվարությունները հաղթահարելու պոտենցիալ ունի: «Մենք ամուր ազգ ենք, եւ իզուր չէ, որ ունենք 2-րդ խմբի արյուն: Դրանք համբերատար մարդիկ են»,- ասաց նա: