ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 10-ից կսկսի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների որակավորման դասընթացները: Ըստ ԿԸՀ որոշմամբ հաստատված կարգի՝ դրանք պետք է անցկացվեն տարեկան առնվազն մեկ անգամ. նախորդ տարիներին անցկացվել են 2-3 անգամ, մարտի 10-ին կմեկնարկի այս տարվա առաջին դասընթացը: ԿԸՀ Իրավաբանական եւ ծրագրամեթոդական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ դասընթացներին կարող են մասնակցել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամության թեկնածու անձինք, ովքեր դիմումներ կներկայացնեն փետրվարի 20-ից մարտի 5-ը: Անդամության թեկնածու համարվում են անձինք, ովքեր պետք է ունենան ընտրական իրավունք՝ լրացած լինի 18 տարին, չլինեն ԱԺ պատգամավորներ, նախարարներ, նախարարի տեղակալներ, ՍԴ-ի անդամներ, ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներ եւ նախկինում քրեական պատասխանատվության ենթարկված չլինեն ընտրախախտումներ կատարելու համար: Ն.Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ կան անհրաժեշտ թվով որակավորված քաղաքացիներ, ովքեր կարող են ներառվել ՏԸՀ-ների կազմում, սակայն ԿԸՀ-ն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ կազմակերպել դասընթացները: Դրանց տեւողությունը 16 ակադեմիական ժամ է. անցկացվում են բանավոր ուսուցման, ֆիլմերի ցուցադրման ձեւով, վերջում անցկացվում է գրավոր ստուգարք՝ թեստային համակարգով: Թեստերը կներառեն ընտրական օրենսդրությունը՝ ՀՀ Ընտրական օրենսգրքից, ԿԸՀ որոշումներից, Սահմանադրության՝ քաղաքացու ընտրական իրավունքին վերաբերող հատվածներից հարցեր: Թեստերը կունենան 7 տարբերակ, բաղկացած կլինեն 25 հարցից եւ մեկ խնդրից՝ քվեարկության արդյունքների արձանագրության կազմման վերաբերյալ: Նրա տեղեկացմամբ՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների համար դասընթացների ժամանակացույցը կսահմանվի ԿԸՀ նախագահի կարգադրությամբ: