«Թուրքիայի միջոցով արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններ չեն վարվում»,- մեկնաբանելով թուրքական «Հյուրիեթ» թերթում հրապարակված տեղեկատվությունը` Թուրքիայի միջնորդությամբ ԼՂ հարցում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ, ասել է ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը: «Ինչպես բազմիցս նշվել է, ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ` Մադրիդյան առաջարկությունների հիման վրա: ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հայաստանյան իշխանությունների մոտեցումները հստակ են եւ տարբեր առիթներով ներկայացվել են ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ արտաքին գործերի նախարարի կողմից: Կարգավորման սկզբունքների շուրջ որեւէ պայմանավորվածություն այսօր չկա: Բազմիցս ասվել է, ու դա ակնհայտ է, որ որեւէ համաձայնության կամ պայմանավորվածության պարագայում այդ մասին առաջին հերթին կտեղեկացվի հենց մեր` Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրությունը»,- նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ բացի «Հյուրիեթից», թուրքական այլ լրատվամիջոցներ եւս վերջին օրերին գրել են առաջիկայում ղարաբաղյան բանակցություններում Թուրքիայի ներգրավվելու հնարավորության մասին: Իսկ երկու օր առաջ ՌԴ-ում Թուրքիայի դեսպանը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` այսօր Մոսկվա կատարելիք պետական այցի շրջանակներում ՌԴ իշխանությունների հետ այլ հարցերի թվում քննարկվելու է նաեւ ԼՂ հիմնախնդիրը: Այս տեղեկատվությունը ՀՀ ԱԳՆ խոսնակը, բնականաբար, չի մեկնաբանել: