«Ես ընդհանրապես դեմ եմ «7-ի գործով» դատավարությանը: Պետք է համաներում լինի, քանի որ, գուցեեւ մեղավորներ կան, բայց ոչ այն մարդիկ, ում մեղադրանք է ներկայացված»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը` հավելելով, թե դա ոչ թե դատավարություն է, այլ` կատակ: «Եթե պատգամավորները չեն ցանկանում, որ իրենց ամբաստանյալ կոչեք, մի՛ կոչեք: Պատգամավորների ոտքի չկանգնելը պատճառ բռնելով դատը անընդհատ հետաձգելը նույնպես սխալ է: Պետք է լրջորեն լուծել այդ հարցերը: Ես համոզված եմ, որ մեկ ամսվա ընթացքում որեւէ քաղբանտարկյալ չի լինի Հայաստանում: Որքան շուտ լուծեն այդ խնդիրը, այնքան լավ: Այլ ճանապարհ չկա»,- ասել է Տիգրան Կարապետովիչը: Ինչ վերաբերում է ԵԽ ԽՎ ընդունած նոր` 1643 բանաձեւի` իշխանություն-ընդդիմություն երկխոսության մասին պահանջին, ապա, ըստ Տ. Կարապետյանի` այն այնքան էլ տեղին չէ. «Այդ երկխոսությունն այնքան էլ տեղին չէ, քանի որ, իմ կարծիքով, քաղբանտարկյալները պետք է համաներումով դուրս գան, իսկ իշխանության ու ընդդիմության մեջ երկխոսություն միշտ պետք է լինի, անկախ որեւէ բանաձեւից»: Տ. Կարապետյանի համոզմամբ` քաղաքական երկխոսության լավագույն տեղը խորհրդարանն է, որտեղ, սակայն, ընդդիմությունը ներկայացված չէ, եւ ԱԺ-ն չի ներկայացնում ողջ քաղաքական սպեկտրը: «Այդպես չի լինում, որ ընդդիմությունը փողոցում կա, իսկ խորհրդարանում չկա: Այդ պայմաններում երկխոսությունը որեւէ արժեք չի կարող ունենալ»,- նշեց նա: Ի դեպ, երեկ Տ. Կարապետյանը հայտարարել է, որ իր գլխավորությամբ փետրվարի 28-ին, ժամը 17-19-ին կազմակերպվելու է մոմավառության ակցիա Մյասնիկյանի արձանի մոտ ու Գր. Լուսավորիչ փողոցում, նվիրված 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին: Միջոցառումն անցկացնելու համար իրենք հայտ են ներկայացրել Երեւանի քաղաքապետարան, բայց դեռեւս պատասխան չեն ստացել: Սակայն, ըստ նրա` եթե նույնիսկ քաղաքապետարանը չարտոնի միջոցառումը, միեւնույն է` իրենք իրենց ակցիան անելու են եւ անելու են միայն այդ վայրում: «Մենք այլ տեղ չենք գնա եւ հայտի մեջ էլ նշել ենք, որ միեւնույն է` կազմակերպելու ենք»,- ասել է Տ. Կարապետյանը: Ակցիայի ընթացքում, ըստ նրա` 3-4 հազար մոմ սգո թելով կդրվի գետնին, ներկա կլինի հոգեւորական, կհնչի աղոթք, կլինեն ելույթներ, հնարավոր է՝ ներկա լինեն նաեւ զոհերի հարազատները: «Ես կցանկանայի, որ դա լիներ ոչ թե քաղաքական ակցիա, այլ հոգեւոր: Ակցիան քաղաքական երանգ, անշուշտ, ունի, բայց ոչ վառ արտահայտված»,- ասել է նա: Հարցին, թե ինչո՞ւ են ակցիա անցկացնելու համար ընտրել փետրվարի 28-ը, եւ ոչ՝ մարտի 1-ը, նա պատասխանել է, թե չեն ցանկացել որեւէ կերպ խանգարել Հայ Ազգային կոնգրեսին, որը մարտի 1-ին քաղաքական ակցիա է կազմակերպելու նույն վայրում: Նա նաեւ նշել է. «Իմ կարծիքով, մարտի 1-ը պետք է խորհելու օր լինի, թե ինչու այդպես եղավ… Իսկ նախօրեին մենք ուղղակի կհարգենք զոհերի հիշատակը ու կսգանք»: Տ. Կարապետյանն անդրադարձել է նաեւ քաղաքապետի ընտրություններին` ասելով, թե իր ղեկավարած կուսակցությունը ոչ միայն մասնակցելու է այդ ընտրություններին, այլեւ` հաղթելու է: