«Կարդացեք ձեր թելադրված վճիռը»

14/02/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Ինչքա՞ն ու մինչեւ ե՞րբ պետք է շարունակվի արդարադատության բռնաբարումը, ծաղր ու ծանակը: Ես Ձեզ բազմիցս կոչ եմ արել չընկնել ձեւականությունների հետեւից, չտանջել ո՛չ Ձեզ, ո՛չ ինձ, ո՛չ ժողովրդին, միանգամից հրապարակեք ձեզ թելադրած ու պարտադրած դատավճիռը: Շնորհակալություն` Ձեր որոշմանը սպասող` Գագիկ Ջհանգիրյան»,- երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ժորա Վարդանյանին դիմելով` հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, ում դատավարությունն արդեն մոտենում է ավարտին:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ պետք է ցուցմունք տար Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (հայտնի 6-րդ վարչության) Քրեական հետախուզության վարչության պետ Սամվել Ասատրյանը: Վերջինս, սակայն, իբր թե հիվանդ լինելու պատճառով չէր եկել, եւ անցած դատական նիստի ժամանակ Ժ.Վարդանյանը որոշեց քննարկել դեռեւս ամիսներ առաջ պաշտպանական կողմի ներկայացրած երեք միջնորդությունները: Միջնորդություններից մեկը վերաբերում էր Գ.Ջհանգիրյանի քրեական գործը կարճելուն եւ քրեական հետապնդումը դադարեցնելուն: Մյուս երկուսն էլ վերաբերում էին Գ.Ջհանգիրյանի խափանման միջոցը վերացնելուն եւ նրան ազատ արձակելուն: Անցած նիստի ժամանակ դատավորը այդ միջնորդությունների նկատմամբ վճիռ կայացնելու համար գնացել էր խորհրդակցական սենյակ: Երեկ այնտեղից վերադառնալով ու երկար-բարակ հիմնավորելով` հայտարարեց, թե մերժում է բոլոր երեք միջնորդությունները:

«Ակնհայտ էր, որ դուք ուղղակի ժամանակ շահեցիք, մինչեւ Ասատրյան Սամվելը գար: Ուրիշ բան ձեզանից չէինք սպասում»,- ասաց Գ.Ջհանգիրյանն ու ավելացրեց, թե հայտարարություններ ունի իր եղբայր Վարդան Ջհանգիրյանի դատավարության հետ կապված:

Հիշեցնենք նաեւ, որ եղբայրը` Վ. Ջհանգիրյանը, Գ.Ջհանգիրյանի հետ միասին փետրվարի 23-ին Արգավանդի խաչմերուկից բերման էր ենթարկվել, հրազենային վնասվածք ստացել, որից հետո ծեծի էր ենթարկվել: Արդյունքում՝ այսօր նա ունի առողջական լուրջ խնդիրներ, ինչի պատճառով էլ գամված է անկողնուն եւ չի կարողանում մասնակցել իր սեփական դատավարությանը: Երեկ առավոտյան` Գ.Ջհանգիրյանի դատավարությունից մի քանի ժամ առաջ Երեւանի քրեական դատարանում «7-ի գործով» հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց պաշտպանական կողմի այն միջնորդությունը, որով խնդրում էին թույլատրել Վ.Ջհանգիրյանին` հետազոտվելու եւ բուժվելու նպատակով մեկնել Գերմանիա:

«Փիլոյան, դուք անմարդկային ու անաստված գտնվեցիք, սկսել եմ կասկածել, որ դուք ու Մ.Մարտիրոսյանը քրիստոնյա եք: Ի սկզբանե ակնհայտ էր, որ իմ եղբայրը քրեական հետապնդման է ենթարկվում իմ պատճառով, իմ քաղաքական հայացքների եւ արտահայտած դիրքորոշման համար: Այսօր եւս մեկ անգամ դատարանն ապացուցեց, որ հանցագործության զոհ, տուժող մարդուն դարձրել եք հաշմանդամ: Վ.Ջհանգիրյանը որեւէ հանցագործություն չի կատարել: Ավելին, նա հանցագործության զոհ է»,- մեղադրող Կորյուն Փիլոյանին դիմելով` հայտարարեց Գ.Ջհանգիրյանը: Կ.Փիլոյանը երեկ փորձեց առարկել Գ.Ջհանգիրյանի այս հայտարարությանը: Իսկ Ժ.Վարդանյանը լրագրողներին արգելեց տեսաձայնագրել եւ լուսանկարել դատը:

«Վստահ եմ, որ դուք քաջ գիտակցում եք, թե ինչ անիրավություն ու ապօրինություն եք գործում, երբ ձեր նախկին կոլեգային ու ընկերոջը չգործած հանցանքի համար շուրջ մեկ տարի պահում եք անազատության մեջ, երբ նույնիսկ այդ մոգոնած մեղադրանքի համար հոդվածի սանկցիան տուգանք էլ է սահմանում: Էդ ի՞նչ հանրորեն վտանգավոր արարք են ինձ մեղսագրել, կամ ի՞նչ վնասակար հետեւանքների են դրանք հանգեցրել, որ համառորեն շարունակում եք ինձ պահել անազատության մեջ»,- միջնորդությունները մերժելու վերաբերյալ հայտարարեց Գ.Ջհանգիրյանը:

Երեկ Գ.Ջհանգիրյանի նիստին առաջին անգամ մասնակցում էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: «Սա ընդամենը քաղաքական դատավարություն է: Այնուամենայնիվ, այդ հոդվածի շրջանակներում էլ շատ հանգիստ կարող էին խափանման միջոցն առնվազն փոխել եւ դատավարությունը շարունակել Ջհանգիրյանի ազատ կարգավիճակով»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:

Ու նաեւ այս միջնորդությունները մերժելու, լրագրողների աշխատանքը սահմանափակելու համար Գ.Ջհանգիրյանի պաշտպանները երեկ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին: «Այն, որ թույլ չեք տալիս, որ ապահովվի այս գործի հրապարակայնությունը, ապացուցում է, որ դուք անկողմնակալ չեք: Եթե դուք հանրությունից թաքցնելու որեւէ բան չունեք, եթե դուք արդարադատություն եք իրականացնում եւ համոզված եք, որ օրենքով սահմանված կարգով եք դա անում, դուք պետք է շահագրգիռ լինեք, որ ձեր կողմից վարվող դատական նիստը լինի հրապարակային, ձեր ասած այդ դիսկետները տարածվեն ժողովրդի մեջ, եւ ժողովուրդն էլ համոզվի, որ ունի արդարադատություն իրականացնող մի դատարան, մի դատավոր»,- հայտարարեց պաշտպան Լուսինե Սահակյանը: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ Գ.Ջհանգիրյանի գործի հետ կապված երկու դիմում են ներկայացրել Եվրոպական դատարան, իսկ մինչեւ մարտի 22-ը կներկայացնեն նաեւ երրորդը:

«Ես հասկանում եմ, որ որքան գործի քննությունը մոտենում է ավարտին, այնքան բարդանում է ինքնաբացարկ ընդունելը, բայց ես նաեւ հասկանում եմ, որ ինչքան մոտենում է գործի քննության ավարտը, այնքան մոտենում է դատավճիռը: Դրա համար մենք Ձեզ վերջին հնարավորություն ենք տալիս, որ քարը Ձեր փեշից թափեք եւ ինքնաբացարկ հայտնեք: Գուցե կգա մի նոր դատավոր, մի ջահել տղա, որի հետ ես ոչ մի անձնական խնդիր չեմ ունենա, որի հետ որեւէ մարդկային հարաբերություն ինձ չի կապի: Որովհետեւ Դուք շատ լավ գիտեք, որ ես Ձեզ վիրավորել չեմ կարող: Ընդունեք ինքնաբացարկը, եւ վերջացնենք»,- ավելացրեց Գ.Ջհանգիրյանը:

Ինքնաբացարկի միջնորդությունը քննելու համար Ժ.Վարդանյանը գնաց խորհրդակցական սենյակ: Վճիռը կհրապարակվի վաղը: Ու թեեւ երեկ վերջապես դատարան էր ներկայացել Քրեական հետախուզության վարչության պետ Ս.Ասատրյանը, սակայն դատավորը նրան ցուցմունք տալու հնարավորություն չտվեց: