«Լավություն արա՝ ջուրը գցի»: Սա հայերի ամենաընդունված ասացվածքներից
մեկն է: Ավելի շուտ, մեկն էր, քանզի այսօր այդ արտահայտությունն ավելի շատ
օգտագործվում է «Լավություն արա՝ ջուրը քաշի» տեսքով:
Այն, որ հայերի մեջ միշտ եղել են մեկենասներ եւ բարերարներ, գիտեն բոլորը:
Սակայն ոչ բոլորը գիտեն, որ եթե առաջներում մեկենասներն աջակցում էին
անապահով հայերի լավագույն ներկայացուցիչներին (չնայած, օրինակ, Մանթաշովի
մտքով անգամ չէր կարող անցնել, որ Շահումյանն այդ աստիճանի «անաղուհաց»
կլինի, բայց ի՛նչ արած, «գեղ չկա, որ շուն չլինի»), ապա արդի հայկական
բարերարությունն ունի հետեւյալ արտահայտչամիջոցները:
1. Նախընտրական լավություն
Այս լավությունը կրում է զուտ նախընտրական բնույթ, երբ «ազգի ապագա
փրկիչները» փորձում են բոլորին ապացուցել, թե ինչքան բարի եւ մեծահոգի են
իրենք: Այդ պրոցեսը կանգ է առնում անմիջապես ընտրության հաջորդ օրը:
Չնայած «ազգընտիրների» որոշ, առավել «շուստրի» ներկայացուցիչներ
ընտրություններից հետո շարունակում են ձեւացնել, թե իրենց «բարեգործական»
գործունեությունը կապ չուներ ընտրությունների հետ: Սա օլիգարխիկ խավի
առավել «տեսած» հատվածն է, որ, ի տարբերություն մնացածների, հասկանում է,
որ ընտրապայքարը սկսվում է, ոչ թե ընտրություններից մի քանի ամիս առաջ,
այլ՝ անմիջապես հետո: Նրանց նախընտրական շտաբները շարունակում են
ձեւացնել, թե օրուգիշեր մտածում են իրենց բնակիչների խնդիրների մասին:
Բնակիչները հիմնականում այդ «կուտն» ուտում են: Սակայն իրականում այդ
«բարեգործները» գտնում են, որ «բոմժերն» արդեն զզվեցրել են, իսկ փողոցի
«պուտանկաների» համար իրենք արդեն վաղուց (մի քանի ժամ) «բարեգործություն»
չեն արել: Իմիջիայլոց, «պուտանկաների» համար կատարված բարի գործերը
հիմնականում կրում են «ինստիտուտավորված» բնույթ, իսկ ժողովրդի համար՝
պատահական:
2. Սփյուռքահայ լավություն
Այս լավությունն իր հերթին բաժանվում է երկու մասի՝ բարեկամական եւ
պետական: Բարեկամականը, ինչպես հասկանում եք, այն գումարներն են, որը
«բախտավոր» հայերն ուղարկում են իրենց հարազատներին եւ ընկերներին, եւ
որը, տարվա կտրվածքով, ընդհանուր առմամբ, կազմում է Հայաստանի բյուջեի
կրկնապատիկը: Պետականն այսօրվա իսկական մեկենասների եւ բարեգործների՝ Քըրք
Քըրքորյանի, Շառլ Ազնավուրի, «Հայաստան» հիմնադրամի նվիրատվությունները
(եւ այլն), տրամադրած գումարներն են: Իրականում պարզ չէ, թե որ
«բորդյուրից են կախված» մնում այդ գումարները, բայց դա արդեն այդ մարդկանց
հետ ոչ մի կապ չունի: Նրանք իրոք մեծ գործ են անում իրենց Հայրենիքի
համար:
3. Արտասահմանյան լավություն
Այս տիպի լավությունն ունի գրանտի կամ վարկի տեսք, որից հիմնականում
օգտվում են իշխանություններին մերձ հասարակական կազմակերպությունները
(տարաբնույթ սանիկներ եւ ապագա լոտոների տերեր) կամ «աբիժնիկ» ընդդիմադիր
կազմակերպությունները, որոնք Արեւելքին կարողանում են համոզել, որ իրենք
«աբիժնիկ» են: Նշեմ, որ շատ դեպքերում այսպիսի լավությունը «թակարդում
դրված պանրի» բնույթ է կրում:
4. Բիզնես լավություն
Այս կարգի լավությունը քիչ է տարբերվում նախընտրական լավությունից, սակայն
կրում է անընդհատ բնույթ: Որովհետեւ, երբ այն ընդհատվում է, «լավություն
անողն» անմիջապես իր գլխի վրա ծակեր է հայտնաբերում: Այս լավությունը
հիմնականում արվում է մեդիադաշտի «բնակիչներին», միջին կարգի
չինովնիկներին եւ, ավելի հազվադեպ, բիզնեսմենի «զեմլյակներին» (թաղի
ժողովուրդ, շենքի ժողովուրդ, համագյուղացիներ եւ այլն): Այս կարգի
լավությունն այլ կերպ կարելի է կոչել գովազդային լավություն, իմիջային
լավություն կամ PR։
5. Հայրենակցական լավություն
Վերջին տարիներին զարգացած լավության տեսակ: Պատմության ընթացքում առավել
տարածված է եղել հրեաների մոտ: Սակայն նրանց մոտ դա կրել է ոչ թե տեղային,
այլ ազգային բնույթ: Մեզ մոտ այն կրում է սեզոնային բնույթ, կախված
նրանից, թե որ սեզոնին, որ շրջանի ներկայացուցիչն ինչ պաշտոն ունի
Հայաստանի Հանրապետությունում:
6. Հայկական լավություն
Լավության միակ նորմալ եւ ինձ համար ընդունելի տեսակը, երբ բուն պրոցեսը
կախված չէ լավություն անողի սոցիալական վիճակից, սեռից ու տարիքից: Երբ
լավություն են անում՝ լավություն անելու համար, առանց ակնկալիքի, երբ
մարդու մոտ զարթնում է կողքինին օգնելու մանկական անմեղ բնազդը:
Իմիջիայլոց, եկեղեցի այցելող եւ հատկապես կառուցող անձանց ուզում եմ
հիշեցնել, որ վերոնշյալը քրիստոնեության հիմնադրույթներից է:
Եվ հենց այս բառերով էլ ուզում եմ ավարտել իմ մտքերը՝ համոզված
լինելով, որ եթե մենք հայ ենք, ապա պիտի միայն հայկական լավություն անենք: