Կյանքը ցույց է տալիս, որ իմ լավատեսությունն անհիմն չէ: Որովհետեւ, եթե անգամ Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում են լուսավոր կետեր հայտնվում, ապա, իրոք, դեռ ամեն ինչ չէ անդառնալի կորած:
Մի քանի ամիս առաջ Հանրային հեռուստաընկերությունը սկսեց «Հատուկ ռեպորտաժների» մի շարք, որի վերջին հաղորդումը նվիրված էր «ռաբիս» երաժշտությանը: Հաղորդման հաջողության գրավականն, ըստ իս, այն էր, որ հեղինակները ոչ թե ստերեոտիպ ձեւով ագրեսիվ քննադատում էին «ռաբիս» երգիչներին, այլ փորձում էին հասկանալ` ինչն է ընկած այդ երգիչների եւ երաժշտության պահանջարկի հիմքում: Ամենահետաքրքիր եզրակացություններից մեկն այն էր, որ իրականում հայկական «փոփ» եւ «ռաբիս» երաժշտությունն այսօր սերտաճած է, եւ առանձնապես չի տարբերվում միմյանցից: Եվ այն փաստը, որ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն երգիչ» անվանակարգում հաղթեց Արման Հովհաննիսյանը, վերոնշյալի ամենավառ ապացույցն է: Եվ եթե, օրինակ, բազմազան պետեր բարեխոսեին ոչ թե Արման Հովհաննիսյանի, այլ Սպիտակցի Հայկոյի համար, ապա չի բացառվում, որ լավագույն երգիչ կդառնար հենց Սպիտակցի Հայկոն: Պարզապես այս կամ այն երգչի «ռաբիսության» աստիճանը որոշում են այս կամ հեռուստատեսության ղեկավարները: Եթե երգիչն ունի «հզոր մեջք», ապա նրա «ռաբիս» երգերն ու հոլովակները կարելի է ցուցադրել հեռուստատեսությամբ եւ ասել, որ նա սիրված երգիչ է, իսկ եթե ոչ` ապա ասում են, որ նա «ռաբիս» է, եւ նրա մուտքը հեռուստաեթեր արգելափակում են: Իրականում Հ1-ի այդ հաղորդումը շատ պարզ ցույց տվեց, որ հայկական փոփ-աստղերի գրեթե 90 %-ը շարքային «ռաբիս» երգիչներ են: Ընդ որում, այս «ֆրազով» ես ամենեւին էլ չեմ ուզում որեւիցե մեկին վիրավորած լինել:
Ե՛վ Արմինկան, եւ՛ Սասունցի Դավիթը, եւ՛ Քրիստինե Պեպելյանը, եւ՛ Սիլվա Հակոբյանը, եւ՛ անգամ Արամեն, ում մասին «Հատուկ ռեպորտաժում» չնշվեց, եւ մնացածները այսօր «ռաբիս» երգիչներ են: Իսկ հայկական ժամանակակից երգարվեստում մինչ օրս չռաբիսացած մի քանի երգիչ-երգչուհիների առկայությունը գալիս է ապացուցելու, որ բացառությունները հաստատում են օրինաչափությունը:
Բայց վերոնշյալ «Հատուկ ռեպորտաժը» շատ ավելի խորը իմաստ ուներ: Հաղորդման մի հատվածում դրամատուրգ Վահրամ Սահակյանը փորձեց բացատրել, որ Հայաստանում «ռաբիսը» վաղուց արդեն ոչ թե երգարվեստի մի ճյուղ է, այլ ապրելակերպ: Որովհետեւ խնդիրը երաժշտական 6/8 տակտի մեջ չէ, այլ մտածելակերպի: Ռաբիսը դա «գռդոնի» մտածելակերպն է: Բոլոր այն երգիչները, որոնք համերգի ժամանակ, որի համար հանդիսատեսը գումար է վճարել եւ տոմս գնել, ֆոնոգրամայի տակ են երգում` «ռաբիս» են ու «գռդոնչի», անկախ այն բանից, թե իրենց փոխարեն երգող CD-փլեերն ինչի մասին է երգում` քաբաբի՞, թե՞ կորցրած սիրո (ընդ որում, կապ չունի՝ սերը առավոտյա՞ն է կորել, թե՞ երեկոյան):
Ստացվել է այնպես, որ անկախությունից ի վեր Հայաստանում ձեւավորվել են ռաբիս եւ ոչ ռաբիս մասնագետներ: Օրինակ, կան գիտնականներ եւ կան «ռաբիս» գիտնականներ, քաղաքական գործիչներ եւ «ռաբիս» քաղաքական գործիչներ, ընդդիմություն եւ «ռաբիս» ընդդիմություն, մտավորականներ եւ «ռաբիս» մտավորականներ (թեեւ ոչ «ռաբիս» մտավորականներին մեզ մոտ կարելի է արդեն մատների վրա հաշվել), ոստիկաններ եւ «ռաբիս» ոստիկաններ եւ այլն: Քաղաքականության մեջ կա «պոպուլիզմ» հասկացողությունը: Դա հենց քաղաքական «պոպսան» է կամ «փոփը», որն, ինչպես արդեն ասացինք, «ռաբիսից» ոչնչով չի տարբերվում: Պարզապես, ինչպես հաղորդման մեջ նշեցին մի քանի երգիչներ, դա պահանջարկ ունի, եւ «մարդիկ այդպես փող են աշխատում»: Թեեւ քաղաքական դաշտում էլ կան «ջազ, ռոք, դասական եւ անգամ ռեփ» ներկայացուցիչներ: Սակայն, ինչպես եւ երգարվեստում, «ռաբիսներն» այսօր ավելի մեծ պահանջարկ ունեն հատկապես իշխանության համար: Նույնը գիտնականներին է վերաբերում: Օրինակ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ռաբիս սոցիոլոգ է, թեեւ իրեն «հիպիի» տեղ է դրել: Բայց փողով թիվ նկարողը չի կարող «հիպի» լինել: Մեր դատավորները ռաբիս են: Բայց ամենասարսափելին այն է, որ դատապարտյալների մեծ մասը դատավորներից ավելի ռաբիս են: Ինձ միշտ զարմացնում է ԱԺ-ի կիսադատարկ դահլիճը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, ոնց որ դասական համերգի դահլիճ լինի: Թեեւ ազգիս ամենաթունդ ռաբիսները հենց ԱԺ-ում են հավաքված, եւ պետք է որ իրենց շատ հարմարավետ զգան: Երեւի, անգամ ռաբիսների համար, ռաբիսի գերհագեցվածությունը տհաճ է:
Իսկ ընդհանուր առմամբ, ռաբիսը միշտ եղել է, կա ու կլինի: Պարզապես այն պետք է «զապիսնոցներից» այն կողմ չանցնի: Առավել եւս` այն չի կարելի եթեր թողնել եւ մասսայականացնել: Խոսքը բոլոր բնագավառների ռաբիսների մասին է:
Հ.Գ. Հետաքրքիր կլինի, եթե մի օր էլ «Հատուկ ռեպորտաժն» իր հաղորդումը նվիրի քաղաքական «ռաբիսներին»: Հետաքրքիր կլինի նաեւ իմանալ, թե որ քաղաքական գործիչը որ երաժշտական գործիքին է համապատասխանում: Առավել եւս, որ «դհոլի» մասին արդեն բոլորը գիտեն, բայց չգիտեն, թե ով է շեփորը, ով` զուռնան, եւ ո՞վ` պարկապզուկը: