Հայաստանը ձեռք է բերում նոր կարգավիճակ

14/02/2009

2009թ. փետրվարի 7-ին մեկնարկած Անվտանգության քաղաքականության մյունհենյան 45-րդ միջազգային համաժողովը բավական հետաքրքիր ընթացք եւ ավարտ ունեցավ: Այն մեկնարկեց մի այնպիսի ժամանակահատվածում, երբ միջազգային քաղաքական հարաբերությունները թեւակոխել են Արեւմուտք-Արեւելք հարաբերությունների սառեցման հերթական շրջափուլը:

Այն բավական հետաքրքիր էր նաեւ այլ բաղադրիչի առումով, որն անմիջականորեն կապված էր հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական ապագայի եւ անվտանգության հեռանկարի հետ: Այս առումով հատկանշական էր, մասնավորապես, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մյունհենյան ելույթը, որը մի շարք սկզբունքորեն նոր շեշտադրումներ էր պարունակում:

Իր ելույթում, որպես Հարավային Կովկասի անվտանգ հեռանկարի հիմնական գրավական, դիտելով տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ձեւավորման մթնոլորտը` ՀՀ նախագահը առանձնացրեց մի շարք կարեւոր հանգամանքներ` նշելով, որ «այս տարածաշրջանում յուրաքանչյուր անզգույշ խոսքը, յուրաքանչյուր չհաշվարկված քայլը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, եւ որ սպառազինությունների մրցավազքը, ռազմական բյուջեի շեշտակի ավելացումը, ռազմատենչ հայտարարությունները շիկացնում են մթնոլորտը, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է սադրանքների, գործողությունների եւ այնպիսի իրավիճակների, որոնք, ինչպես սովորաբար լինում է, կարող են դուրս գալ այդ մթնոլորտի ստեղծման համար պատասխանատուների հսկողությունից»:

Իր առջեւ ունենալով «վրացական» գործոնի անհեռանկար քաղաքական կողմնորոշման տարածաշրջանային անդրադարձերը` Ս. Սարգսյանը ոչ միայն միջազգային հանրության ուշադրությունը բեւեռեց Հվ.Կովկասում առկա «լարվածության իրական մակարդակի եւ այստեղ առկա մարտահրավերների ու վտանգների լրջության» վրա, այլ նաեւ արձանագրեց, որ այդ ամենի հաղթահարման ուղին իր մեջ պարունակում է մի իրավիճակ, երբ «Հվ.Կովկասում ոչ թե պետք է հակադրվեն, այլ համադրվեն այն բոլոր պետությունների ու կազմակերպությունների շահերը, որոնք տարածաշրջանում ունեն հստակ ու որոշակի դերակատարություն»:

Ս. Սարգսյանի ելույթն արձանագրեց եւս մեկ հանգամանք. այդօրինակ ներկայացուցչական եւ կարեւոր համաժողովին Հայաստանը կարողացավ ներկայանալ շահեկան դիրքերից: Խոսքը ոչ միայն Ադրբեջանի նկատմամբ նրա որդեգրած դիրքորոշման, այլ այն խորքային մոտեցման եւ ետնապատկերի ձեւավորման մասին է, որով Հայաստանը կարողացավ ներկայանալ արեւմտյան աշխարհին: Եվ դա՝ այն պարագայում, երբ պաշտոնական Երեւանը անվտանգության իր ռազմաքաղաքական հիմնարար բաղադրիչը կապում է Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի` աստիճանաբար քաղաքական նոր թափ հավաքող կազմակերպության հետ: Այսօր իրողությունները, որոնք ձեւավորվել են աշխարհում եւ, մասնավորապես, մեր տարածաշրջանում, իրենց տրամաբանության մեջ արտացոլում են մեկ պարզ ճշմարտություն. կողմնորոշման քաղաքականությունն այլեւս սպառել է իրեն: Պետական շահերի եւ ազգային անվտանգության ապահովման հրամայականներն այսօր ստիպում են, որ երկրներն առավել ճկուն եւ հաշվենկատ դիրքորոշում որդեգրեն, որը նրանց հնարավորություն կտա բազմաբեւեռ աշխարհում սեփական անվտանգության համար առավել բարձր մակարդակի երաշխիքներ ապահովել: Հանդիսանալով ՀԱՊԿ անդամ, ինչպես նաեւ՝ արեւմտյան անվտանգության ճարտարապետության շրջանակներում ակտիվ գործակցություն ծավալելով ՆԱՏՕ-ի հետ՝ պաշտոնական Երեւանը, փաստորեն, որդեգրել է վարքագիծ, որն ածանցվում է երկու հիմնական բեւեռների միջեւ ակտիվ գործակցային հարաբերություններ հաստատելու պարադիգմից: Դա հնարավորություն է տալիս Հայաստանին ձեռք բերել հարավկովկասյան վստահելի, կայուն եւ ինքնուրույն գործընկերոջ կարգավիճակ, որին դժվարությամբ, սակայն, հաջողվում է իր մեջ կամրջել եվրասիական եւ արեւմտյան ուժային առանձին կենտրոնների խիստ տարամետ մոտեցումները: Ավելին, Հայաստանն իր նախաձեռնողականության շնորհիվ այսօր Հարավային Կովկասում մասնակից է դարձել այնպիսի զարգացումների, որոնք ապահովում են տարածաշրջանային գործընթացներին Թուրքիայի արդյունավետ ներգրավման հիմնահարցերը, Իրանի համար ակտիվ գործակցության պայմանների ստեղծումը, տարածաշրջանի եվրոպականացման քաղաքականության շարունակումը: Վերոնշյալ իրողությունները հիմք են փաստելու, որ ձեւավորված պայմաններում փոխլրացման քաղաքականությունը քաղաքական իրատեսականության տեսանկյունից լիովին արդարացված է: Իր հիմքում ունենալով ինչպես ՀՀ ազգային շահերի բաղադրիչներ, այնպես էլ քաղաքական ճկունության տարրեր, այն տարածաշրջանային բարդ խճանկարի պայմաններում այսօր երկրի անվտանգության բավական բարձր նշաձող է ապահովում:

Գրիգոր ՍԱՐԳՍՅԱՆ