Wall Street-ն էլի կորցնում է

14/02/2009

ԱՄՆ-ի ֆոնդային շուկան, որը հոռետեսորեն է արձագանքել տնտեսության խթանման փաթեթի ընդունմանը եւ բանկային համակարգի օժանդակման՝ հայտարարված պլանին, երեքշաբթի օրը կորցրել է 500 միլիարդ դոլար:

Այդ մասին հաղորդել է «Wilshire Associates Incorporated» ընկերության հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Քիմ Շեֆերդը: Դա հավասար է այն անիրացվելի ակտիվների գումարին, որոնք, ինչպես սպասվում է, կառավարությունը մտադիր է գնել ԱՄՆ-ի 13 խոշորագույն բանկերից՝ բանկային համակարգի կոլապս թույլ չտալու համար: Ուոլ սթրիթը, որն, ակնկալելով միջոցների այս փաթեթի հաստատումը, անցյալ շաբաթն ավարտել էր դրական հաշվեկշռով, այս տարի առաջին անգամ՝ երեքշաբթի օրն արձագանքել է բաժնետոմսերի նետմամբ:

«Ուոլ սթրիթը, կարծում եմ, այս ամենից հեշտությամբ դուրս պրծնելու հույս ունի, բայց հեշտ ելք չկա»,- սակարանների արձագանքի առիթով հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Ըստ նրա, չափազանց շատ բան պետք է արվի բանկային համակարգի ամրությունը վերականգնելու համար: Երեքշաբթի օրն Ազգային բանկի ղեկավար Թոմիթի Գայթները հայտնել է, թե կառավարությունն ինչ է մտադիր անել բանկային համակարգի օժանդակման համար:

Պլանը ենթադրում է պետական եւ մասնավոր ներդրումների միաձուլում, որոնք բոլորը միասին կարող են կազմել ավելի քան 2 տրիլիոն դոլար, ներդրումային հիմնադրամի ստեղծում, որի շնորհիվ կվերացվեն ԱՄՆ-ի բանկային համակարգի պարտքերը, ինչը թույլ կտա ապասառեցնել վարկային շուկան: Կառավարությունը մտադիր է օժանդակել նոր վարկերի համար Համերկրային պահուստային հիմնադրամի հատուկ ընդլայնված ծրագրի միջոցով մինչեւ 1 տրիլիոն դոլարի տրամադրման ապահովմանը: Եվս 50 միլիարդ դոլար է պլանավորվում հատկացնել անմիջականորեն նրանց օգնելու համար, ում տներն աճուրդով վաճառվում են հիպոթեքի չվճարման պատճառով: Նաեւ ենթադրվում է խնդրահարույց ակտիվների հետագա գնում ամենախոշոր բանկերից, որոնց ակտիվների չափը գերազանցում է 100 միլիարդ դոլարը՝ ֆինանսական համակարգի կառավարման գործում պետության զգալիորեն աճող դերով հանդերձ: Ըստ որում, Ազգային բանկի ղեկավարը չի հայտնել կոնկրետ գումարը եւ գնման ենթադրյալ ժամկետներն՝ ասելով, որ կառավարությունն առայժմ ուսումնասիրում է այդ հարցը:

Ուոլ սթրիթը բացասաբար է ընկալել այն, որ Գայթները չի հայտնել կոնկրետ մանրամասները եւ միջոցների ենթադրյալ ծավալները՝ նրա առաջարկությունները համարելով չափազանց հեղհեղուկ եւ վերացական: