Սրանք այն խոսքերն են, որ կարտասանի վերջին հինգ տարվա Հայաստանի ժողովրդագրության ցուցանիշներն ուսումնասիրողը: Հինգ տարի անընդմեջ Հայաստանի ժողովրդագրական հիմնական ցուցանիշները համարյա չեն փոխվում: Մեր երկրի բնակչության թիվը լռվել-մնացել է 3 մլն 200 հազարի վրա: Լռվել է համարյա 1995 թվականից: Մի քիչ ավելանում է: Կամ` նույնքան քիչ պակասում: Համաշխարհային ուրբանիզացիոն գործընթացներին հակառակ՝ երկրում 0,1 տոկոսով ավելացել է գյուղական բնակչության տեսակարար կշիռը: Երկրի բնակչության 64 տոկոսն ապրում է քաղաքներում, 36-ը` գյուղական բնակավայրերում: Մեր երկրի բնակավայրերի համար «քաղաք» տերմինն օգտագործելը երբեմն չափազանցություն է: Ոչ այն պատճառով, որ կան բազմաթիվ գյուղեր, որ առանձին քաղաքներից ավելի շատ բնակիչ ունեն: Պարզապես օրենսդրորեն դրանք հստակ սահմանազատված չեն: Փոքր քաղաքների բնակիչների կենցաղը համարյա չի տարբերակվում գյուղաբնակների կենցաղից: Առանձին դեպքերում նույնիսկ անհասկանալի է, թե ինչ չափորոշիչներով է մի բնակավայրը քաղաք հայտարարվել, մյուսը` գյուղ: Հատկապես, որ դրանք բոլորը գյուղ հայտարարելը բխում է մեր իշխանությունների շահերից: Մեր տնտեսական մեթոդոլոգիայով ու օրենսդրությամբ գյուղական բնակչությունը կցված է հողին: Այսինքն` գյուղացին ինքնաբերաբար համարվում է աշխատանք ունեցող: Հետեւաբար՝ գյուղացիությունը չի փչացնում գործազրկության պաշտոնական վիճակագրությունը: Իշխանությունները Հայաստանի 49 քաղաքի կարգավիճակ ունեցող բնակավայրերի մի մասը մեծ սիրով գյուղ կհայտարարեին: Բայց դա հնարավոր չէ: ՀՀ ամենափոքր քաղաքը Դաստակերտն է: Հայաստանցիներից շատերը երբեք չեն եղել Սիսիանի շրջանի այս քաղաքում: Նաեւ այն պատճառով, որ շրջկենտրոնից Դաստակերտ տանող մոտ 20 կմ ճանապարհն ավելի շուտ քարտեզի վրա կա, քան իրականում: Այն հաղթահարելու համար մոտ 1 ժամ է անհրաժեշտ: Պաշտոնապես 300 բնակիչ ունեցող բնակավայրը քաղաք է հայտարարվել, որովհետեւ համայնքը գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ չունի: Հիմնականում փախստականներով բնակեցված այս քաղաքի բնակչությունը, 5 տարի է՝ չի փոփոխվում: Ճիշտ այնպես, ինչպես Ապարան, Ագարակ, Վարդենիս, Վայք, Եղեգնաձոր, Ճամբարակ, Ծաղկաձոր, Նոյեմբերյան եւ Շամլուղ քաղաքներում: Բնակչության թվի փոփոխության առումով այս քաղաքներում ժամանակը կանգ է առել: Հինգ տարի շարունակ միշտ նույն թիվն է հրապարակվում: Հայաստանի 49 քաղաքներից 10-ում բնակչության թվի շարժ չկա: Սա անհավատալի է: Բայց պաշտոնապես արձանագրված փաստ: Այդ հինգ տարիների ընթացքում խոշոր բնակավայրերից Գյումրիի բնակչությունը կրճատվել է մոտ 2,5 հազարով, Վանաձորինը` 1,1 հազարով: Որքան էլ որ կառավարությունը Գյումրին տարածաշրջանային ինչ-որ բանի կենտրոն էր հայտարարել: Մյուս քաղաքների օրինակով էլ ակնհայտ է, որ որեւէ ուղղությամբ տարածաշրջանային կենտրոն հայտարարելը բնակավայրի կյանքում որեւէ փոփոխություն չի մտցնում: 49 քաղաքներից 18-ի բնակչությունը դանդաղ կրճատվում է: Իսկ 21-ում՝ ավելանում: Նույնքան` դանդաղ ավելանում: Բնակչության նվազում են արձանագրել Արտաշատ ու Աշտարակ քաղաքները: Հնարավոր է, որ այստեղ արտասովոր ոչինչ չկա: Հնարավոր է, որ սոցիալ-տնտեսական հիմնավորումներ էլ կան: Բայց հիմնավորում հորինելը Ջերմուկի ու Դիլիջանի պարագային ահագին բարդ գործ է: Ջերմուկը պաշտոնապես առողջարանային դրախտավայրի է վերածվում: Իսկ Դիլիջանը տարածաշրջանային բանկային կենտրոն է: ՀՀ կառավարության բարձր որոշումով: Մարզերի հետ շփումներ ունեցողները կհաստատեն, որ մարզային բնակչությունը, մեղմ ասած, խանդում է մայրաքաղաքին: Նրանց կարծիքով՝ մայրաքաղաքը բարգավաճում է: Այս ընկալումը հիմնականում ձեւավորվել է իշխանական ու իշխանամետ լրատվամիջոցների ջանքերով: Նա, ով չի համադրում բնակչության տեղաշարժերի տվյալները, կարող է ենթադրել, որ մյուս բնակավայրերից բնակչությունը մայրաքաղաք է տեղափոխվում: Սակայն վերջին հինգ տարում Երեւանի բնակչությունն աճել է ընդամենը 6 հազարով: Հետեւաբար՝ մյուս բնակավայրերի տվյալներն ընդամենը հուշում են արտագաղթի տվյալների մասին: Մնում է միայն հավատալ պաշտոնական վիճակագրությանը, արտագաղթի փոքր ու պաշտոնական տվյալներին: Հատկապես, որ ըստ փորձագետների՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը լրջորեն կկրճատի արտագաղթը: Սա հնարավոր է ընկալել որպես դրական փաստ: Բայց կարելի է ենթադրել, որ ճգնաժամը չի նպաստի բնակչության աճին: 90-ականների սկզբի տվյալներն այդ ենթադրության ապացույցն են: