Ռուսաստանի, Եվրոպայի, ՆԱՏՕ-ի համար օգոստոսյան իրադարձություններից հետո Հայաստանը շատ լուրջ դեր է ստացել Հարավային Կովկասում: Երեկ հրավիրված ասուլիսում նման կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ-քաղաքագետ Մանվել Սարգսյանը` նշելով, որ Հայաստանի նշանակությունը շատ է մեծացել, քանի որ Ռուսաստանն ամբողջությամբ կորցրել է իր ազդեցությունը Վրաստանում, եւ Հարավային Կովկասում դերակատարության պահպանման համար Հայաստանի հետ հարաբերությունները շատ թանկ են գնահատվում: Եվրոպացիներն էլ զգուշավոր են եւ չեն ցանկանում իրենց ձեռքով Հայաստանը «հանձնել» Ռուսաստանին: Ինչ վերաբերում է ԵԽ ԽՎ 1643 բանաձեւի եւ ԼՂ խնդրի լուծման միջեւ կապի մասին տարաբնույթ մեկնաբանություններին, քաղաքագետը չի կիսում նման տրամաբանությունը: Եվրոպայում, նրա խոսքերով, շատ լավ են հասկանում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բարդ հարց է. դրա լուծման համար շահագրգիռ բոլոր պետությունների միջեւ կոնսենսուս է անհրաժեշտ: Մայնդորֆյան հռչակագրով Ռուսաստանն իր ձեռքով ԼՂ հարցը հանձնեց Մինսկի խմբին: Հայաստանը, ըստ Մ.Սարգսյանի, կարող է լավագույն մասնակից լինել նաեւ ռուս-թուրքական հարաբերություններում, որոնք Ռուս-վրացական պատերազմից հետո նոր որակ են ստացել: Նրա կարծիքով` այդ համատեքստում հայ-թուրքական սահմանի բացման խոսակցություններն իզուր չեն, այդ մտադրությունները հայ-թուրքական երկխոսության օրակարգում են:
Ռուսաստանի հետ Հայաստանը շատ լուրջ գործընթացների մեջ է: Իսկ Վրաստանը` որպես պետություն, այն վիճակում չէ, որ Հայաստանի համար խնդիրներ ստեղծի: Մ.Սարգսյանը նաեւ նշել է, որ Թուրքիայում մտավորականության մի զանգված գտնում է, որ Հայաստանի հետ իրենց երկրի հարաբերությունները պետք է տարանջատել Ադրբեջանի հետ հարաբերություններից: «Նրանք տրամադրված են, որ եթե նույնիսկ պետք լինի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել ի օգուտ Հայաստանի, բայց կարգավորված տեսնել հայ-թուրքական հարաբերությունները»,- ասել է նա: Միաժամանակ, սակայն, նա անթույլատրելի է համարել ԼՂ հարցում Թուրքիայի միջնորդությունը: