– Պարոն Խաչատրյան, Ռուսաստանից ՀՀ-ին տրվելու է 500 մլն դոլարի վարկ` 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին արտոնյալ է: Ըստ Ֆինանսների նախարարության, այս համաձայնությունը չի ենթադրում ՀՀ-ի կողմից որեւէ այլ ոչ ֆինանսական պարտավորությունների կատարում: Հաշվի առնելով Ղազախստանի եւ Բելառուսի հետ կնքված նմանատիպ պայմանագրի փաստը, հավատո՞ւմ եք, որ, իսկապես, որեւէ այլ պարտավորություն Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ չի ստանձնել:
– Նախ պետք է ճշտել, թե ինչ տոկոսադրույքներով է վարկը տրվելու, ի՞նչ են հասկանում՝ արտոնյալ ասելով, այդ վարկը միանվա՞գ է տրվելու, թե՞ ոչ: Չեմ կարծում, թե 500 մլն դոլարը ՌԴ-ն հենց այնպես կարող էր տրամադրել, այն էլ` այս ճգնաժամի պայմաններում, երբ հենց ինքը հայտնվել է շատ ծանր վիճակում: Ղրղըզստանի դեպքում տրամադրվելու է 300 միլիոն դոլար` 40 տարով եւ բավականին ցածր տոկոսադրույքով` 0.75%: Բելառուսին տրամադրված վարկի պայմանների մեջ մտնում էր նաեւ այն, որ այսուհետ գազի դիմաց վճարումները, եւ ընդհանրապես` Ռուսաստանի նկատմամբ պարտքերը մարվեն ռուբլով: Հայաստանում բջջային կապի ոլորտը, «ՀայՌուսգազարդը» եւ մի շարք այլ խոշոր ընկերություններ պատկանում են ռուսներին, ուստի ամեն ամսի սկզբին նրանք իրենց եկամուտները, շահույթը դարձնում են դոլար եւ տանում Հայաստանից (սա է պատճառը, որ այդ ժամանակ սովորաբար դրամի արժեզրկման ուղղությամբ ճնշումը մեծանում է): Կարծում եմ, ամենահավանական տարբերակն այն է, որ նման մի համաձայնություն էլ Հայաստանի հետ է ձեռք բերվել:
– Այդ գումարը բավարար կլինի՞, որպեսզի իշխանությունները կարողանան «կայուն» պահել դոլարի փոխարժեքը եւ ԿԲ-ի պահուստները չվատնեն: Բացի այդ, արդեն խոսվում է, որ 2009թ. բյուջեի հարկային եկամուտները նախատեսվածից քիչ են լինելու: Ի՞նչ եք կարծում, այս վարկի շնորհիվ բյուջեի ծախսային մասում փոփոխություններ չկատարելու խնդիրը կարո՞ղ է լուծվել:
– Չեմ կարծում, թե դրամը կայուն պահելու համար այդ գումարը կբավարարի: Հունվարին պահուստներից եղել են շուրջ 160 մլն դոլարի ներարկումներ, դեկտեմբերին` շուրջ 180 մլն դոլարի: Այնպես որ, եթե նույնիսկ այդ 500 միլիոնը միանվագ տրամադրեն, ընդամենը մի քանի ամսվա խնդիր կարող են լուծել: Բայց մյուս կողմից էլ՝ անհեթեթություն է վարկը այդ նպատակով ստանալը, թեեւ հնարավոր է, որ իսկապես այս իշխանությունների գլխավոր նպատակը եղել է դրսից մի կերպ փող բերելը, որպեսզի կուրսը կայուն պահեն` ներմուծողների շահերից ելնելով: Ինչ վերաբերում է ծախսերին, կարծում եմ, որ այս 500 միլիոնը հնարավորություն կտա ծածկել ոչ թե ամբողջ դեֆիցիտը, այլ մի մասը:
– Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ ՀԴՄ-ներով աշխատողները փաստաթուղթ են պահանջելու խոշոր բիզնեսի այն ներկայացուցիչներից, ումից ապրանքներ են գնում, եւ այդպիսով հարկային դաշտ է բերվելու նաեւ խոշոր բիզնեսը: Հաջո՞ղ մեխանիզմ է ընտրված:
– Ո՛չ, պետք է հենց խոշորից էլ սկսեին, եթե, իհարկե, նպատակը նրանց հարկային դաշտ բերելն է: Փոքր երկիր է, բոլորն էլ գիտեն, թե յուրաքանչյուր օլիգարխ ինչ չափով է հարկերը թաքցնում: Կարող էին շատ հանգիստ ստիպել, որ փաստաթղթով աշխատեն: Բոլորս էլ գիտենք, որ եթե այդ մարդկանցից, ասենք, 20 հազարի ապրանք ես գնում, նա քեզ երբեք այդ գումարի հաշիվ-ֆակտուրա չի տրամադրում: Պետք է պարզապես ամենավերեւից հրաման լինի, պետք է ցանկություն ունենան խոշորներին հարկել: Իրականում այս հարկային փոփոխությունները ջարդվելու են մանր ձեռներեցների վրա, մինչդեռ ճգնաժամի պարագայում աշխատատեղերի թվի կրճատումը ենթադրում է, որ փոքր ու միջին բիզնեսի հետ պետք է շատ զգույշ վարվել, որ գործազուրկների թիվը էլ ավելի չմեծանա:
– Իսկ գուցե իշխանությունների մեջ կա բարեփոխումների կողմնակիցների թիմ, որոնց ուժը չի հերիքում օլիգարխներին ուղղակիորեն օրինական դաշտ բերելու համար, եւ նրանք ստիպված անուղղակի մեթոդների են դիմում` սկսում են փոքրերից:
– Ո՛չ, նման բան չկա: Պարզապես Տիգրան Սարգսյանն է փորձում նման իմիջ ստեղծել ու այդպիսի տպավորություն թողնել նաեւ արտասահմանցիների մոտ: Մինչդեռ ինքն էլ շատ լավ հասկանում է, թե ինչ է անում, շատ լավ հասկանում է, որ գերխնդիրը ամեն գնով իշխանություն պահելն է: Թող կառավարության նիստերի իր այդ երկար-բարակ դասախոսությունների ժամանակ շուրջը նայի ու տեսնի, թե ովքեր են նստած: Տեսեք, նախատեսված է, որ այս տարի գյուղատնտեսությունը հարկվելու է, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչպես է դա արվելու, այս ուղղությամբ դեռ ոչինչ չեն արել: Ինչպե՞ս են հարկելու, եթե անգամ տեղական հարկերն ու տուրքերը գյուղացիները չեն կարողանում վճարել: Պարզապես գործ անողի տպավորություն թողնելու համար գյուղապետերի վրա մատ են թափ տալիս, հոխորտում, թե՝ հարկերը ինչու չեք հավաքում: Սպառնում են, թե՝ դոտացիաներ կտան այն չափով, որ չափով որ հարկեր հավաքվեն: Եթե դոտացիա էլ չտան, գյուղերը լրիվ կդատարկվեն: Բայց սպառնալու փոխարեն՝ թող գնան-տեսնեն, թե որտեղի՞ց են գյուղապետերը հողի հարկ ու գույքահարկ հավաքելու, եթե հարկ տվողների մի մասը գյուղում չի բնակվում, մյուսն էլ` պարզապես չի կարող վճարել:
– Կառավարությունը նախատեսել է փոքր համայնքները միացնելով՝ խոշորացնել, հետո էլ այդ խոշորացվածները մտցնել շուրջ 40-42 միջհամայնքային միավորումների մեջ: Սա կարո՞ղ է դրական ազդեցություն ունենալ:
– Այս հարցը դեռ 80-ականներից քննարկվում էր: Այդ փոփոխությունների հետեւանքով փոքր համայնքները էլ ավելի վատ վիճակում կհայտնվեն, քանի որ մտնելով մեկ այլ համայնքի կազմի մեջ, չունենալով սեփական գյուղապետարանը եւ ենթակառուցվածքները, աստիճանաբար կմարեն: Մյուս կողմից էլ՝ հնարավոր է, որ դրանց հաշվին աճեն այդ միջհամայնքային միավորումների կենտրոնները: Հասկանալի է, որ փորձում են խոշորացնել, որպեսզի գյուղապետարանների աշխատակազմերի ծախսերը կրճատվեն, հավաքված հարկերն էլ ծախսվեն նաեւ խոշորների կազմի մեջ մտած փոքրերի վրա, սակայն, կարծում եմ` հետեւանքները ավելի շատ բացասական են լինելու: Մինչեւ վերջ չեն հաշվարկել: Այնպես որ, ավելի լավ է պահպանվեն ներկայիս մոտ 930 համայնքները: Պետք է աշխատանքներ տարվեն ոչ թե դրանց թիվը կրճատելու, այլ մարզերի բոլոր բնակավայրերը տնտեսապես զարգացնելու միջոցով փոքր համայնքների համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ: