Սեւանա լճից 2008թ. իրականացվել է 338,6 տոննա խեցգետնի եւ 98,6 տոննա ծածան ձկնատեսակի որս: Դրանից Ֆրանսիա եւ Գերմանիա է արտահանվել ավելի քան 300 տոննա խեցգետին ու 90 տոննա ծածան, որի դիմաց գանձվել է 17 մլն դրամ` մուտքագրվելով ՀՀ պետբյուջե: Այդ տվյալներն «Արմենպրեսին» տրամադրել է ՀՀ Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը: Ըստ նրա, հայկական խեցգետինն ու ծածանը, որոնք լայն պահանջարկ ունեն արտերկրում, բացի Սեւանա լճից, աճեցվում են նաեւ Արարատյան դաշտի ձկնաբուծարաններում: Լայն պահանջարկ ունի նաեւ սիգը, որի պաշարների նվազման հետեւանքով Սեւանա լճում տեւական ժամկետով դադարեցվել է դրա արդյունագործական որսը: Սիգի պաշարներն ու մայրական կազմը վերականգնելու ուղղությամբ «Սեւան» ազգային պարկի տնօրինությունն ու Հանրապետական Բնապահպանական պետական տեսչությունը հսկողություն են իրականացնում: