2008թ. ՀՀ նախագահական ընտրություններից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մայրաքաղաքի որոշ հանրակացարաններում բնակվող քաղաքացիներն իրենց զբաղեցրած ժամանակավոր կացարանների հանդեպ կստանան սեփականության իրավունքի վկայական:
Մասնավորապես Նոր Նորքի ուսանողական ավանի հանրակացարանի բնակիչներին նման խոստում տրվել է ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ իշխանական որոշ ներկայացուցիչների կողմից: Մինչդեռ հանրակացարանի բնակիչների ներկայիս կարգավիճակը վկայում է այն մասին, որ այդ խոստումները եղել են զուտ նախընտրական, ինչպես լինում է տարբեր ընտրություններից առաջ:
Ըստ հանրակացարանի բնակիչների` օրեր առաջ պարզվել է, որ հանրակացարանի 1-ին մասնաշենքը, որտեղ բնակվում են փախստականներ, անապահով ընտանիքներ եւ աղետի գոտուց տուժածներ, պատկանում է «Հանրակացարաններ» ՓԲԸ-ին: «Հանրակացարաններ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հրաչիկ Սեդրակյանը, տեւական ժամանակ է, 1-ին մասնաշենքի բնակիչներին պարտադրում է կնքել մի պայմանագիր, ըստ որի` վերջիններս այսուհետ հանդիսանում են որպես վարձակալներ եւ պարտավոր են ամսական վարձավճար մուծել «Հանրակացարաններ» ՓԲԸ-ին: Մեր ձեռքի տակ է գտնվում հանրակացարանի բնակչուհի Զարիկ Հարությունյանի եւ «Հանրակացարաններ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հ. Սեդրակյանի միջեւ կնքված պայմանագիրը, որը բավականին հետաքրքիր կետերից է բաղկացած եւ վկայությունն է այն բանի, որ սեփականատերն այսուհետ փորձելու է ծայրահեղ աղքատ այս մարդկանց միջոցով գումարներ աշխատել: Ասվածի ապացույցը պայմանագրի հետեւյալ ուշագրավ կետերն են` «Վարձակալը պարտավորվում է վարձակալության համար վճարել սենյակների արժեքը տարեկան 72.000 դրամ, այդ թվում` ԱԱՀ: Տարածքային կառավարման նախարարության «Հանրակացարաններ» ՓԲԸ պատկանող, վարձակալությամբ տրվող բնակտարածքները չեն սեփականաշնորհվում, չեն օտարվում եւ ենթավարձակալությամբ չեն տրվում: Վարձի չափը կարող է փոխվել գների յուրաքանչյուր պաշտոնական փոփոխության դեպքում»: Այսինքն` բաժնետերը պայմանագրում հստակ նշում է, որ գների փոփոխություն, այնուամենայնիվ, լինելու է:
Հանրակացարանի բնակչուհի 70-ն անց Զ. Հարությունյանը միայնակ թոշակառու է, ով կենսաթոշակով հասցնում է միայնակ խնամել ծնողազուրկ իր ծոռնիկին: Ի դեպ, «168 Ժամն» անդրադարձել է նրա ընտանիքի ծանր պատմությանը: Զ. Հարությունյանին նախկին պատգամավոր, ներկայիս Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի միջամտությամբ հանրակացարանում սենյակ էին տրամադրել: Այս ծեր կինը, փաստորեն, ըստ պայմանագրի՝ պարտավոր է տարեկան 72.000 դրամ վճարել զբաղեցրած սենյակների համար, այն դեպքում, երբ ստանում է ընդամենը 36.000 դրամ կենսաթոշակ:
«Կամուրջից նետվեմ, ես էլ պրծնեմ, իրենք էլ»
Ինչեւէ, բավականին հետաքրքիր է նաեւ հանրակացարանի բնակչուհի Ռոզա Գեւորգյանի փոխհարաբերությունը ինչպես մեր պետության, այնպես էլ «Հանրակացարաններ» ՓԲԸ-ի հետ: Ռ. Գեւորգյանը 1988թ. երկրաշարժից հետո կորցրել է ինչպես հարազատներին, այնպես էլ` սեփական բնակարանը: Ժամանակավոր ապաստան է ստացել Երեւանի «Նարինե» մանկական առողջարանում, սակայն 2002-ին առողջարանը լիկվիդացվել է, իսկ Ռ. Գեւորգյանին տեղափոխել են Նոր Նորքի ուսանողական ավանի հանրակացարան: «Երկրաշարժից հետո Գյումրիի մեր շենքը ճանաչվեց որպես խիստ վթարային: Իմ բնակարանը մեկ սենյականոց էր: Շենքը վերանորոգեցին, ամրացրին մեկ սենյականոցների հաշվին եւ շահագործման հանձնեցին, իսկ ինձ, ինչպես նաեւ մեկ սենյականոց բնակարանների մյուս բնակիչներին, գրանցեցին հերթացուցակում: Ասացին՝ մի հոգանոց դոմիկ չունենք, ու տեղափոխեցին Երեւան»,- պատմում է Ռ. Գեւորգյանն, ում, սակայն, հանել են անօթեւաններին բնակարան տրամադրելու հերթացուցակից այն պատճառաբանությամբ, որ վերջինս Գյումրիի գրանցումից դուրս է եկել եւ հաշվառվել է Երեւանում: Ռ. Գեւորգյանը վստահեցնում է, որ Նոր Նորքի հանրակացարան է տեղափոխվել ՀՀ կառավարությանն առընթեր Միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանի տրամադրած ուղեգրով: «Ի շնորհիվ Գ. Եգանյանի՝ ես սենյակ ստացա հանրակացարանում: Նա ասաց` Ռոզա՛ ջան, մի տարի հետո 1-ին մասնաշենքն էլ կվերանորոգենք ու սեփականաշնորհման իրավունքով կհանձնենք քեզ»,- ասում է տիկին Ռոզան, ով ներկայումս «Հանրակացարաններ» ՓԲԸ-ի ներկայացրած պահանջների պատճառով հայտնվել է անելանելի վիճակում: Բանն այն է, որ աղետի գոտուց տուժած այս կնոջը, բավական չէ, անհիմն պատճառաբանությամբ զրկել են բնակարան ստանալու իրավունքից, դեռ մի բան էլ պարտադրում են վճարել զբաղեցրած սենյակի համար: Դեկտեմբերի 6-ին, երկրաշարժի 20 տարվա տարելիցին տիկին Ռոզայի դուռը թակելով` տեղեկացրել են, որ այսուհետ նա պարտավոր է վճարել ինչպես 2009թ. համար, այնպես էլ պետք է մարի 2008թ. ամբողջ տարվա վարձավճարը: Վերջինս պնդում է, որ հատկապես 2008թ. համար վճարման պարտադրանքն անօրինական է, քանի որ ինքը երբեւէ պայմանագիր չի տեսել, առավել եւս՝ ստորագրել: Մեջբերենք այն փաստաթուղթը, որը Ռ. Գեւորգյանին է տրամադրել «Հանրակացարաններ» ՓԲԸ գործադիր տնօրեն Հ. Սեդրակյանը. «Հարգելի բնակիչ` Ռ. Գեւորգյան. «Հանրակացարաններ» ՓԲԸ-ն զգուշացնում է, որ մինչեւ ս/թ-ի հունվարի 31-ը պարտավոր եք վճարելու 2008թ. բնակվարձը: Հակառակ դեպքում ընկերությունը հայց է ներկայացնելու համապատասխան տարածքային դատարան` հանրակացարանից վտարման պահանջով: Միաժամանակ անհրաժեշտ է կնքել նոր պայմանագիր 2009թ. համար»: Այսպիսով, բացի այն, որ Ռ. Գեւորգյանը Գյումրիի քաղաքապետարանի անփույթ աշխատանքի արդյունքում դուրս է մղվել հերթացուցակից, 2008թ. համար որեւէ պայմանագիր չի կնքել եւ չի պարտավորվել բնակվարձ վճարել, դեռ ավելին` վերջինիս՝ որպես աղետի գոտուց տուժածի` սպառնում են վռնդել զբաղեցրած սենյակից. «Ի՞նչ անեմ, ասե՛ք, խնդրում եմ: Օրական կամուրջից մարդ է նետվում. գնամ, ե՞ս էլ ինձ կամուրջից գցեմ, որ պետությունն ինձնից ազատվի: Ես բնակարան եմ կորցրել, էսքան տարի հարմարվել եմ հանրակացարանային պայմաններին, հանդուրժել եմ ամեն ինչ, որ էս օրը գցե՞ն: Մեզ ասացին` սենյակները սեփականաշնորհման իրավունքով ձեզ կտանք, բայց ներքին կարգով իրենց վերցրին ու հիմա ամենախեղճուկրակների վրա փողեր են դնում: Գյումրիից հրաժարվում են բնակարան տրամադրել, իսկ Երեւանից սպառնում են վտարել: Կամուրջից նետվեմ, ես էլ պրծնեմ, իրենք էլ»: Տիկին Ռոզան վստահեցնում է, որ Հ. Սեդրակյանն անձամբ տեղեկացրել է, որ հանրակացարանն Արմեն Գեւորգյանի սեփականությունն է, հետեւաբար՝ նա է որոշում՝ ում ինչ պայմանագիր ներկայացնել: Նա տիկին Ռոզային ուղղորդել է Ա. Գեւորգյանի մոտ` խնդրելու վարձավճարի հարցում զիջումների գնալ:
Մենք զանգահարեցինք նաեւ «Հանրակացարաններ» ՓԲԸ գործադիր տնօրեն Հ. Սեդրակյանին: Վերջինս նախ մանրամասնեց. «Հանրակացարանը, ինչպես գիտեք, առեւտրային կազմակերպություն է, որը, բնականաբար, շահույթ է հետապնդում: 1-ին եւ 2-րդ մասնաշենքերը պատկանում են «Հանրակացարաններ» ՓԲԸ-ին, որի բաժնետերն էլ հանդիսանում է Տարածքային կառավարման նախարարությունը: Ռ. Գեւորգյանին ես ասել եմ, որ` բեր մի օրենք, ըստ որի՝ որպես աղետի գոտուց տուժած, ամրագրված է քո արտոնյալ կարգավիճակը»: Ի դեպ, Հ. Սեդրակյանը նաեւ հերքեց Ռ. Գեւորգյանի այն պնդումը, թե «Հանրակացարաններ» ՓԲԸ-ի սեփականատերը Ա. Գեւորգյանն է: Վերջինս եւս մեկ անգամ հայտարարեց, որ «Հանրակացարաններ» ՓԲԸ-ն պատկանում է ոչ թե Ա. Գեւորգյանին, այլ` Տարածքային կառավարման նախարարությանը: «Ինքն ինձ սխալ է հասկացել: Ես ասել եմ՝ դիմի Ա. Գեւորգյանին` նախարարին: Ես մտնում եմ այդ կնոջ դրության մեջ, աղետի գոտուց տուժած մարդ է, բայց թող օրենք մատնանշի, որը հաշվի առնելով՝ ինքը պիտի չվճարի»,- ասաց Հ. Սեդրակյանը: Հակադարձելով բնակիչներին՝ նա նաեւ վստահեցրեց, որ ուսանողական ավանի 1-ին մասնաշենքի բնակիչներին սեփականության իրավունք տրամադրելու խոստում ՀՀ իշխանությունների կողմից չի եղել: Այդ խոստումը վերաբերել է 4-րդ, 5-րդ մասնաշենքերին, որոնք արդեն սեփականաշնորհման իրավունքով հանձնվել են բնակիչներին: