Ղարաբաղ. հետընտրական կրքեր

03/07/2005 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հիշեցնենք, որ ընտրություններին հետեւում էին շուրջ 130 դիտորդներ ու ԶԼՄ
ներկայացուցիչներ` Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից,
ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Խորվաթիայից եւ այլ երկրներից:
Ըստ նախնական տվյալների, Ղարաբաղի խորհրդարանում ընդգրկված կլինեն 12
պատգամավոր` ԱԺԿ-ից, 10-ը` «Ազատ Հայրենիքից», 3-ը` «ՀՅԴ-Շարժում-88»-ից
եւ 8 անկախ պատգամավորներ, որոնցից 5-ը, ըստ մեր տվյալների, ունեն
իշխանամետ դիրքորոշում:
Չնայած դիտորդները Ղարաբաղում անցկացված ընտրությունները որակել են ազատ
ու թափանցիկ եւ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված եւս մի քայլ, կային
նաեւ դժգոհություններ` Ղարաբաղի որոշ վելուծաբանների եւ քաղաքական
կուսակցությունների կողմից:
«ՀՅԴ-Շարժում-88» դաշինքի կարծիքով, ընտրություններն «ազատ ու թափանցիկ
անարդարություններ» էին: Նրանք մատնանշեցին նախընտրական շրջանում եւ
ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսների օգտագործման փաստը:
Հետընտրական շրջանում հասարակության տարբեր շերտերում որոշակի
լարվածություն է նկատվում: Շատերը զարմացած էին ընդդիմության բացահայտ
պարտությունից: Մենք փորձեցինք իմանալ նաեւ ընտրողների կարծիքը:
Մ.Գրիգորյանի կարծիքով, իշխանական թեւերի ու քաղաքական ուժերի պայքարն ու
հակասությունները փոխանցվել են ժողովրդին, ինչի արդյունքում մարդկանց
միջեւ փոխադարձ թշնամանք է առաջանում։ «Եթե ընտրությունների ընթացքն
այսպես է լինելու, արդյոք նպատակահարմար չէ՞, որ պատգամավորները
նշանակվեն, այլ ոչ թե ընտրվեն»,- նկատել է նա:
«Ես համարում եմ, որ ժողովուրդը սխալ ընտրություն կատարեց: Եվ հինգ տարին
մեկ տրվող ինչ-որ բան փոխելու հնարավորությունն այս անգամ չօգտագործվեց:
Բացի այդ, ճնշումներ գործադրվեցին որոշ հիմնարկների աշխատողների վրա,
այնինչ գտնում եմ, որ ժողովրդավարության ճանապարհ անցնող ցանկացած երկրում
մարդիկ պետք է ունենան ազատ ընտրելու իրավունք»,- նշեց զրուցակիցս:
Ստեփանակերտցի Մ. Պետրոսյանը գտնում է, որ յուրաքանչյուր ժողովրդավարական
խորհրդարանում ընդդիմությունն անհրաժեշտ է, այլապես այդ երկիրն առաջընթաց
չի ապրի: «Ցավով պետք է նշեմ, որ այս անգամ ընտրություններն այնպիսի
հետեւանք ունեցան, որ խորհրդարանում ընդդիմությանը հասավ միայն 3 տեղ:
Բնական է, այս երեք պատգամավորները որոշիչ դեր չեն ունենա, եւ 5 տարի
ստիպված կլինենք դոփել նույն տեղում: Ինչ վերաբերում է ընդդիմության
պարտությանը, նշեմ, որ այն հիմնականում կապված էր վստահված անձանց ոչ
գրագետ գործունեության հետ: Ընդդիմությունն ընտրեց քարոզարշավի սխալ
մարտավարություն: Փոխանակ զբաղվելու սեփական ծրագրերի մեկնաբանությամբ,
նրանք վարկաբեկում էին իշխանություններին, ինչը չընդունվեց ժողովրդի
կողմից»,- կարծում է Մ. Պետրոսյանը:
Շատերն էլ կարծում են, որ երկրի կայունության ու անվտանգության համար ճիշտ
էր իշխանամետ ուժերին ընտրելը: Ստեփանակերտի բնակչուհի Ս. Գաբրիելյանը մեր
զրույցի ժամանակ նշեց, որ մեծ հույսեր է կապում նորաստեղծ «Ազատ Հայրենիք»
կուսակցության հետ եւ գոհ է ընտրությունների արդյունքից:
Հետընտրական շրջանում ամենամտահոգիչ փաստը թերեւս հունիսի 21-ին տեղի
ունեցած դեպքն էր. ծեծված վիճակում, ծանր վնասվածքներով Ստեփանակերտի
զինվորական հոսպիտալ է փոխադրվել «ՀՅ Դաշնակցություն-Շարժում-88» դաշինքի
համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու, նախկին
ազատամարտիկ, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր Պավել
Մանուկյանը:
Ըստ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի մամլո հաղորդագրության, Պավել
Մանուկյանը` ուշքի գալով, հայտարարել է, որ իրեն ծեծկռտուքի են ենթարկել
ԼՂՀ Պաշտպանության նախարարության շենքում։
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարել է, որ դեպքը կդառնա իրավապահ
մարմինների քննության առարկա, եւ մեղավորները կպատժվեն օրենքով սահմանված
կարգով: ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն ԼՂՀ նախագահից պահանջել է
միջադեպի մասնակից բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները: Անաչառ
քննության պահանջագրեր են հղվել նաեւ ՀՀ նախագահին եւ զինվորական
դատախազին:
Միջադեպը լուրջ մտահոգության ու քննության առարկա է դարձել հասարակության
տարբեր շրջաններում: Ստեփանակերտի բնակիչ Գ. Ավետիսյանի կարծիքով,
վերոնշյալ դեպքը ոչ մի արդարացում չունի, քանի որ ծեծողը պաշտոնյա է եւ նա
իրավունք չունի իր իսկ աշխատասենյակում ձեռք բարձրացնել որեւէ մեկի վրա`
լինի նա հասարակ քաղաքացի, ենթակա աշխատող, թե որեւէ կուսակցության անդամ:

«Անկախ նրանից, թե ինչ պատճառներով էր առաջացել ծեծկռտուքը, ոչ մեկին
իրավունք չի վերապահվում այդկերպ վերաբերվել մարդուն: Նման դեպքերը
մարդկանց կարող են հիասթափեցնել եւ երկրի իշխանությունների հանդեպ
անվստահություն սերմանել: Ինչը, կարծում եմ, մեր պայմաններում այնքան էլ
ցանկալի չէ»,- մեր զրույցի ժամանակ նշեց մի քաղաքացի, որը չցանկացավ
ներկայանալ: