Հայերը եւ վրացիները դժգոհում են սահմանային արգելքներից

14/02/2009

Հայ-վրացական սահմանի մոտ գտնվող գյուղերի բնակիչները դժգոհում են, որ գործող նոր սահմանափակումները սարսափելի բարդացնում են իրենց կյանքը:

Հայաստանում եւ Վրաստանում գտնվող Ձյունաշող եւ Իրգանչայ գյուղերը, որոնք ընդամենը 3 կմ հեռավորության վրա են գտնվում իրարից, առեւտրի ավանդույթներ ունեն: Ձյունաշողի բնակիչներն իրենց մսամթերքը, չոր խոտի կապերը եւ կաթնամթերքը փոխանակում էին Իրգանչայի մրգերով, բանջարեղենով եւ ալյուրով:

Սակայն գյուղերի միջեւ շարունակվող առեւտրին մեծ հարված հասցրեցին մաքսանենգության դեմ ուղղված նոր օրենքները. այսուհետ գյուղացիները ստիպված կլինեն 200 կմ անցնել` իրենց հարեւաններին տեսնելու համար:

16 տարի առաջ անկախություն ձեռք բերած Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունները սկսեցին ամրապնդել երկու գյուղերի միջեւ անցնող իրենց սահմանները մոտավորապես 18 ամիս առաջ: Իշխանությունների հավաստմամբ` սահմանային խիստ հսկողությունն ազգային անվտանգության պարտադիր պայմաններից մեկն է: Սակայն արդյունքում տուժել են այս երկու սահմանային գյուղերի բնակիչները:

«Պատկերացնո՞ւմ եք, այժմ պիտի 100 կմ անցնեմ՝ նախկին 3 կմ-ի փոխարեն,- ասում է 54-ամյա ձյունաշողցի Սաշիկ Գրիգորյանը,- Վերեւում կարծում էին, թե այստեղ մեծ փողեր են պտտվում, իրականում ընդամենը մի քանի արկղ մրգի մասին է խոսքը»:

Արդեն երկու տարի է, ինչ Գրիգորյանների ընտանիքն այլեւս կարտոֆիլ չի ցանում. առեւտուր չկա:

«Մենք նրանց վաճառում էինք միրգ, պանիր, կարագ, բուրդ, կարտոֆիլ»,- հիշում է Սաշիկի կինը՝ Անգինը: Նրա ասածը հաստատում է իրգանչայցի Սելիմ Օսմունովը, որի տունն այնքան մոտ է վրացական սահմանին, բայց եւ միեւնույն ժամանակ՝ այլեւս անհասանելի ձյունաշողցիների համար: «Մենք նրանց բերում էինք միրգ, բանջարեղեն, ալյուր, նույնիսկ հագուստ եւ այլ ապրանքներ»,- հիշում է Ս. Օսումովը:

«Ճանապարհները շատ վատ են, ջուր չկա, իսկ Հայաստանի հետ սահմանն էլ շատ մոտ է: Աստված մեզ համբերություն տա` դիմանանք այս կյանքին, այլապես մեր գյուղն աստիճանաբար կամայանա: Իրգանչայում ապրելն իսկական փորձություն է: Պատահական չեն ասում, որ Վրաստանը սկսվում եւ վերջանում է Իրգանչայով: Մենք այս երկրի պահապաններն ենք, քանի որ անմիջապես սահմանի վրա ենք ապրում»,- ասում է Օսումովը:

Իշխանությունները կարեկցում են գյուղացիներին, սակայն նշում, որ երկու նախկին խորհրդային հանրապետությունների միջեւ արդեն երեք պաշտոնական անցագրային կետեր կան: Երկու գյուղերի միջեւ ընկած հատվածը կանաչ տարածք է համարվում, հետեւաբար, այնտեղ անհնար է մշտական անցագրային կետերի կառուցումը:

«Սահմանազատման գործընթացը պարտադիր միջպետական գործունեություն է, որն ուղղված է պետության անվտանգության պահպանմանը: Դա արվում է ցանկացած երկրում` անկախ նրանից, թե հարեւան երկիրը բարեկամ է, թե հակամարտող,- ասում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Տիգրան Բալայանը,- Գյուղացիներն էլի կարող են շփվել, առեւտուր անել հարեւանների հետ, բայց պետական սահմանը օրինական կերպով հատելով»:

Այնուամենայնիվ, իրգանչայցիների խոսքերով` Վրաստանի այլ շրջաններին իրենց կապող ճանապարհներն այնքան վատ վիճակում են, որ տարվա մեծ մասն իրենք համարյա կտրված են արտաքին աշխարհից: «Ձմռանը մեր գյուղն ամբողջությամբ մեկուսացված է Վրաստանից: Շրջկենտրոն տանող միակ ճանապարհը քանդված է: Նախկինում Թբիլիսի էինք հասնում Հայաստանի տարածքով, այդպես ավելի արագ էր: Իսկ այժմ նույնիսկ չենք էլ կարող այնտեղ մտնել»,- դժգոհում է 20-ամյա փորձ ունեցող անասնաբույժ Յակիր Խալիդովը, ով ժամանակին երկու գյուղերի բնակիչներին էր օգնում:

Անասունները միակը չեն, որ տուժել են սահմանազատման գործընթացի հետեւանքով: Սահմանային խիստ օրենքները վնաս են հասցրել նաեւ շրջանի գյուղատնտեսությանը: «Մեր անասունները սովոր էին գնալ այնտեղի արոտավայրերը: Իսկ հիմա, եթե մեր կովերը պատահաբար հայտնվում են սահմանի մյուս կողմում, հայ սահմանապահները ձերբակալում են նրանց ու այլեւս չեն վերադարձնում: Քաղցած կենդանիները գնում են այնտեղ, որտեղ սնունդ կա: Կովն ի՞նչ իմանա, թե որտեղ է սահմանը սկսվում»,- ասում է Խալիդովի հարեւաններից մեկը՝ իրգանչայցի Սաֆիր Վալիեւը:

Հայաստանյան կողմը հերքում է անասուններին ձերբակալելու մեղադրանքը: Պաշտոնական տվյալներով՝ Իրգանչայից` Ձյունաշողում կորած անասունի մասին որեւէ հաղորդագրություն չկա:

Ձյունաշողում եւս այսպիսի խնդիրներ ունեն: Խոտքաղի ժամանակ նրանք զգում են հարեւանների օգնության կարիքը: «Խոտքաղի ժամանակ գյուղում շատ իրգանչայցիներ էին լինում»,- ասում է Բորիկ Ղեւոնդյանը: Վրացական սահմանի գյուղի բնակիչներն օգնում էին հայ գյուղացիներին խոտքաղի ժամանակ՝ աշխատանքի դիմաց ստանալով բերքի կեսը:

Այժմ ձյունաշողցի Բորիկը ստիպված է մեն-մենակ հնձել 9 հա տարածությամբ դաշտը` վճարելով տրակտորի եւ վառելիքի ծախսերը, որպեսզի կարողանա ժամանակին գործը վերջացնել: Բացի այդ, իրգանչայցիները 300 դոլար են պարտք Բորիկ Ղեւոնդյանին, եւ վերջինս չգիտի` ինչպես իր փողերը վերադարձնել: «Չեմ էլ պատկերացնում, թե ինչպես եմ պարտք տված գումարս ետ վերցնելու»,- ասում է նա:

Ձյունաշողի գյուղապետի խոսքերով՝ ավելի ու ավելի հաճախ են մարդիկ թողնում իրենց տներն այստեղ` հեռանալով Հայաստանի այլ շրջաններն՝ ավելի լավ կյանքի ակնկալիքով: Մինչեւ 2005թ., նախքան առեւտրի կրճատվելը, գյուղում 91 ագարակային տնտեսություն եւ 285 ընտանիք կար: Վերջին երեք տարիների ընթացքում տնտեսությունների թիվը կրճատվեց 16-ով, իսկ 48 մարդ ընդհանրապես հեռացավ գյուղից:

Խաչիկ Վարդանյանը` Ձյունաշողի հայտնի առեւտրականներից մեկը, կորցրել է կապն Իրգանչայում ապրող իր գործընկերների հետ: Նա տարեկան 10-15 տոննա կարտոֆիլի բերք էր ունենում, որը հետո փոխանակում էր ալյուրի, ցորենի եւ վարսակի հետ:

«Ես տեղեկացնում էի Իրգանչայում ապրող հարեւաններիս ինձ անհրաժեշտ մթերքների մասին, եւ նրանք բերում էին ամեն ինչ ցածր գներով»,- ասում է նա:

Ձյունաշողցիները նույնիսկ վրացական բջջային օպերատորների ծառայություններից էին օգտվում՝ իրենց հարեւանների հետ ավելի էժան հաղորդակցվելու նպատակով:

Խաչիկը շարունակում է զանգել իր հարեւաններին, բայց նա այլեւս չի կարող պատվերներ ընդունել կամ ուղարկել. «Չեմ ուզում մաքսանենգությամբ զբաղվել»:

Նաիրա ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ, «Արմենիանաու»
Մարիկա ՑԻԿՈՐԻՁԵ, «Թայմեր» թերթ

Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի IWPR «Կովկասյան լրատու» պարբերականից