Հանրապետության գյուղտեխնիկան լիովին կբավարարի գարնան գյուղատնտեսական աշխատանքների ժամանակին կատարմանը: Այդ մասին «Արմենպրեսին» ասել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Գյուղտեխնիկայի պետական տեսչության պետ Վարդան Ղուշչյանը: Ըստ նրա, գարնանացանին այս տարի դաշտ դուրս կգա 14.732 թրթուրավոր եւ անվավոր տրակտոր, 14. 663 բեռնատար, 1706 հացահատիկահավաք, կերհավաք կոմբայն, 6113 կցասայլ, 1867 խոտհնձիչ, 456 հատիկազտիչ մեքենա, 1774 տարբեր տիպի շարքացան, 3710 գութան, 1977 կուլտիվատոր, 1376 հավաքիչ-մամլիչ: Ներկայումս սարքին է գյուղտեխնիկայի 78-97 տոկոսը: Մնացածը նորոգվում եւ վերազինվում է «Մասիս», «Նուռնուս», «Քուչակ» բաժնետիրական ընկերությունների եւ մասնավոր ձեռներեցների կողմից Ուկրաինայից, ՌԴ-ից եւ Բելառուսից ներկրված պահեստամասերով: Վերոհիշյալ ընկերությունների կողմից հավաքվում եւ լրացվում է նաեւ խոտանված գյուղտեխնիկան: Ըստ տեսչության պետի` այս տարվա գյուղատնտեսական մեքենայացված աշխատանքները (վարը, ցանքը, կուլտիվացիան) անհամեմատ էժան կկատարվեն` դիզվառելիքի շուրջ 20 տոկոս գնանկման շնորհիվ: Վ. Ղուշչյանը նշել է նաեւ, որ 2008թ. ՀՀ-ում գրանցված եւ շահագործվող մեխանիզմներից վնասակար նյութերի նորմայից ավելի արտանետումների համար տեսչությունը գանձել եւ, որպես բնապահպանական վճար՝ պետբյուջե է մուտքագրել շուրջ 29 մլն դրամ: