Շատերն էին զարմացել, թե ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները նման
արտոնություններ տալիս արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին՝ այն
դեպքում, երբ անցյալ տարի Արգենտինայի իրավապահները հետապնդում էին նրան`
հարկային պարտավորություններից խուսափելու համար պատասխանատվության
ենթարկելու նպատակով:
Թերեւս մեզ մոտ էլ նա նույն ճակատագրին արժանանար, եթե մեր հարկային
ծառայությունները լուրջ ուսումնասիրության ենթարկեին «Զվարթնոց»
օդանավակայանում կատարվող բազմաթիվ չարաշահումները, որոնք Էռնեկյանը
ներկայացնում է որպես իր կոնցեսիոն պայմանագրի կատարում:
Ինչպես հայտնի է, 2002թ. Հայաստանի իշխանությունները 30 տարով «Զվարթնոց»
օդանավակայանի կառավարումը հանձնեցին Է. Էռնեկյանի տնօրինմանը, որն էլ,
ըստ պայմանագրի՝ պարտավորվել էր Հայաստանում 50 մլն ԱՄՆ դոլարի ներդրում
կատարել: Իսկ թե ինչպես է արգենտինահայ գործարարը կատարում իր
պարտավորությունները` որեւէ իշխանավորի այլեւս չի հետաքրքրում: Մեր
աղբյուրների հավաստմամբ, օդանավակայանում Էռնեկյանի մատուցած բոլոր
ծառայությունները հակասում են միջազգային չափանիշներին: Եթե նախկինում մեկ
ուղեւորից օդակայանի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող գումարը
կազմել է 7-8 ԱՄՆ դոլար, որը ներառվում էր տոմսի արժեքի մեջ, ապա
Էռնեկյանը` ստանձնելով օդանավակայանի կառավարումը, սահմանել է միջազգային
չափանիշներից անհամեմատ բարձր գին` նույն ծառայության դիմաց պահանջելով 22
դոլար:
Ըստ որոշ լուրերի, Էռնեկյանը որպես ներդրում է արձանագրում անգամ իր
անձնական թռիչքները: Օրինակ, ըստ նույն աղբյուրի, նա իր մասնավոր
ինքնաթիռներով իրականացրած մի քանի անձնական թռիչքները եւս ձեւակերպել է
որպես ներդրում` ներկայացնելով 980.000 ԱՄՆ դոլարի ներդրումային
փաստաթուղթ: Բացի այս, որպես ներդրում է ձեւակերպել նաեւ
Երեւան-Դուբայ-Միլան իր անձնական թռիչքը, եւ ցանկության դեպքում անգամ
դժվար է պատկերացնել, թե, ասենք, նրա այս ներդրում ձեւակերպված թռիչքը
Հայաստանի վրա ինչպես է անդրադարձել:
Ըստ պայմանագրի, Էռնեկյանը խոստացել էր նաեւ օդանավակայանի VIP սրահում 3
մլն դոլարի վերանորոգման աշխատանքներ իրականացնել, սակայն, ըստ
ականատեսների, այնտեղ ընդամենը կոսմետիկ աշխատանքներ են կատարվել` սպիտակ
ներկով ներկվել են տեխնոալյումինե պատուհանները: Իսկ պատգամավորական
սպասասրահի վերանորոգման համար ներկայացրել է 2,5 մլն դոլարի ներդրումային
ծրագիր, սակայն, ըստ մեր աղբյուրների, այնտեղ որեւէ էական եւ հատկապես
նման գումարի վերանորոգում չի արվել:
Բացի այս, ըստ տեղեկությունների, Էռնեկյանը մեկ այլ հնարք էլ է գտել իր
ներդրումային ծախսերը խոշորացնելու համար: Օրինակ, նա գնել է 2
ավտոբուսներ, որոնք արժեն 40.000 ԱՄՆ դոլար, սակայն փաստաթղթերում
արձանագրել է 120.000 դոլար: Իսկ 6 փոքր ավտոբուսը, որի արժեքը 25.000
դոլար է, նա ներկայացրել է 80.000 դոլար: Կամ, պայմանագրի համաձայն՝
Էռնեկյանը պետք է ասֆալտապատեր 1 կմ թռիչքուղի, սակայն 400 մետրն
ասֆալտապատելուց հետո այնտեղ աշխատանքներն անհասկանալի պատճառներով
դադարեցվել են:
Որոշ լուրերի համաձայն, օդանավակայանի շահագործումից ստացված շահույթից նա
երեք անգամ անձնական նվիրատվություն է կատարել Հռոմի կաթոլիկ եկեղեցուն:
Մեր զրուցակիցներից մեկն այս առիթով ասաց` երեւի՝ հայ ժողովրդին
մեծահոգաբար «քցելու» եւ մեղքերին թողություն տալու համար:
Իսկ Հայաստանի կառավարությունը` ի դեմս Դավիթ Հարությունյանի, որն
օդանավակայանի կառավարումը Էռնեկյանին հանձնելը համարում էր «փայլուն»
գործարք, այսօր զարմանալիորեն լռություն է պահպանում: Ու թերեւս ճիշտ էր
պատգամավոր Արշակ Սադոյանը, որը գործարքի կայացման ժամանակ ԱԺ ամբիոնից
հայտարարեց, որ գալու է ժամանակը, երբ ողջ հայ ժողովուրդն է հատուցելու
կասկածելի համբավ ունեցող արգենտինացուն նման «նվեր» մատուցելու համար:
Սեփ.լր.