Կանանց եւ տղամարդկանց վարվելակերպի առանձնահատկություններ

14/02/2009

Տղամարդու եւ կնոջ վարվելաձեւը խիստ տարբեր են բոլոր բնագավառներում: Կինը երբեք, ոչ մի տեղ ու ոչ մի հանգամանքում չպետք է մոռանա, որ ինքը կին է: Այսինքն՝ նրա բոլոր գործողությունները, խոսելաձեւն ու արարքները նրա մեջ առաջին հերթին պետք է ընդգծեն կին լինելու փաստը: Վարվելաձեւի կանոնները ենթադրում են, որ կինը տղամարդու հետ ավելի զուսպ ու խիստ պահվածք պետք է ունենա, քան այլ կանանց հետ: Իհարկե, այդ զսպվածությունն էլ պետք է չափ ունենա, այլ ոչ թե վերաճի սառնության կամ անիմաստ հպարտության: Պետք չէ փորձել աչքի ընկնել շատախոսությամբ, քանի որ էական է, թե ինչ ես խոսում, եւ ոչ թե՝ ինչքան ես խոսում: Օրինակ` չարժե խոսքի մեջ անդրադառնալ քո ընտանեկան խնդիրներին ու հարցերին ու փաթաթել հոգսերդ դիմացինի վզին: Շատախոսելու հակառակը բնավ էլ չխոսելը չէ: Լռությունը կարող է դիմացինին շատ հիմար վիճակի մեջ գցել, եւ նաեւ հնարավոր է՝ ձեզ մեծամիտի տեղ դնեն: Կինը նաեւ պետք է հետեւի իր արտաքին տեսքին ու մաքրությանը:

Շատ տղամարդկանց համար պարզապես սովորական բան է զրուցակցի ներկայությամբ ձեռքը խոթել գրպանը: Մինչդեռ դա անհարգալից վերաբերմունք է դիմացինի հանդեպ: Տղամարդը ոչ կնոջ, ոչ տղամարդու հետ չպիտի խոսի սիգարը ատամների արանքում ու գլխարկը գլխին: Իսկական ջենթլմենի վարվելաձեւի բաղկացուցիչ մասը պետք է կազմի կնոջը հատուկ ուշադրություն ցուցաբերելը: Տղամարդը կնոջ ներկայությամբ պետք է լինի զուսպ` ավելորդություններ թույլ չտա: Դաստիարակված տղամարդը երբեք կնոջը մեջքով չի կանգնում, իսկ ձեռքը համբուրելիս ոչ թե կնոջ ձեռքն է մոտեցնում շրթունքներին, այլ ինքն է կռանում:

Ձմռան եղանակին, եթե ցուրտ է, կարելի է միմյանց ձեռք սեղմել ձեռնոցով եւ չհանել գլխարկը: Իսկ եթե ձեր ծանոթը, ում տեսել եք, մյուս մայթին է, ապա պարզապես կարելի է բարեւել հայացքներով: Իսկ ինչ-որ ընդունելությունների կամ արարողակարգերի ժամանակ, անկախ տարվա եղանակից, պետք է տղամարդիկ հանեն իրենց գլխարկները: