Ջրգողություն

14/02/2009

Ջրանման հեղուկի կուտակումը օրգանիզմի տարբեր հյուսվածքների ցանցաշերտերում անվանում են ջրգողություն: Ջրգողությունը կամ այտուցվածությունը հիվանդություն չէ. այն պարզապես այլ հիվանդությունների հետեւանք է:

Ջրգողության ընդհանուր ձեւերը նկատվում են սրտային կամ սիրտ-անոթային, երիկամային, լյարդի հիվանդություններով տառապողների մոտ: Ամենատարածված ձեւը որովայնային ջրգողությունն է: Ջրգողության ժամանակ պետք է որքան հնարավոր է շատ միրգ ու բանջարեղեն ուտել, հատկապես միզամուղ պարունակող` նեխուր, մաղադանոս, սոխ, սխտոր, ձմերուկ, դդում, գետնամորի, սեւ հաղարջ, խաղող, ինչպես նաեւ՝ կաթնամթերք: Սովորական թեյի փոխարեն, ջրգողության ժամանակ, պետք է խմել դեղաբույսերից պատրաստված թուրմեր, որոնք շատ դրական ազդեցություն կարող են ունենալ նույնիսկ բուն հիվանդության դեպքում: Ժողովրդական բժշկությունը լայն ընտրություն է առաջարկում նման հիվանդներին` թեթեւացնելու իրենց վիճակը:

Ոչ շատ արագ ազդող, բայց եւ բոլորին հասանելի միջոց է համարվում վարունգի աղաջուրը: Դրանից կարելի է խմել օրը 2 բաժակ: Այն խորհուրդ է տրվում հատկապես որովայնային ջրգողության դեպքում:

Շատ օգտակար է նաեւ գլուխ սոխի հյութը: Երեկոյան պետք է սոխը կտրատել ու վրան շաքարավազ լցնել, որպեսզի հյութը դուրս գա, իսկ առավոտյան քամել ու խմել 1 ճաշի գդալից, օրվա մեջ մի քանի անգամ:

Այտուցներին շատ լավ օգնում է սովորական դդումի հյութը:

Գիհու (մոժեվելնիկ) թուրմը եւս շատ լավ միզամուղ միջոց է հանդիսանում: Այն նաեւ շատ լավ հակաբորբոքային ազդեցություն կարող է ունենալ: Իհարկե, այն հակացուցված է երիկամային հիվանդներին:

Կաթով պատրաստված մաղադանոսի հյութը եւս օգնում է ջրգողության ժամանակ: 500 գ մաղադանոսը լցնել թարմ կաթի մեջ, իսկ կաթը պետք է եռացրած չլինի: Դնել մարմանդ կրակին, բայց այնպես, որ կաթը չեռա, ու թողնել այնքան ժամանակ, մինչեւ կաթն իր եղածի կեսի չափ դառնա: Հետո այն քամել ու խմել 1-2 ճաշի գդալ` յուրաքանչյուր ժամը մեկ: Պատրաստված ամբողջ եփուկը հիվանդը պետք է խմի մեկ օրվա ընթացքում:

Հատկապես որովայնային ջրգողության ժամանակ օգտակար է երբեմն քաղցի միջոցին դիմելը: Տարվա մեջ 4 անգամ կարելի է մի քանի օր ոչինչ չուտել, միայն թեյի տեսքով հեղուկ ընդունել: Միանգամից կարիք չկա քաղցի անցնել: Պետք է օրգանիզմը կամաց-կամաց ընտելացնել` 3 օրվա ընթացքում: Քաղցից հետո սովորական ռեժիմով սնվելուն եւս պետք է աստիճանաբար անցնել: