Առաջին անգամ այս հիվանդությունը նկարագրվել է 1817թ.` բրիտանացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնի կողմից: Անցյալ դարի 60-ական թվականներին հետազոտողները Պարկինսոնի հիվանդության վերաբերյալ բավականին կարեւոր փաստ արձանագրեցին: Խոսքը վերաբերում էր ուղեղի որոշ բջիջների` դոպամինի կորստին, որոնք պատասխանատու են մկանային ակտիվության համար:
Պարկինսոնի հիվանդությունը լուրջ նյարդաբանական խանգարում է համարվում, որի պատճառը մինչ օրս առեղծվածային է: Հիվանդության գլխավոր ախտանիշներն են ձեռքերի ու ոտքերի դողը, դեմքի ու ներքին ծնոտի դողը, իրանի ու վերջույթների դժվարաշարժությունն ու սակավաշարժունությունը: Այս ախտանիշների զարգացումը կարող է նպաստել հիվանդի մոտ խոսելու, քայլելու դժվարացմանը:
Պարկինսոնի հիվանդությունը զարգացող քրոնիկական հիվանդություն է եւ վարակիչ բնույթ չի կրում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների մոտ ուղեղում դոպամին բջիջների մոտ 80 տոկոսի կորուստ է նկատվում: Այս բջիջների մահացման պատճառները դեռ պարզ չեն բժշկությանը:
Ենթադրություններ կան, որ պատճառներից մեկը թունավոր նյութերի թե՛ ներքին, թե՛ արտաքին ազդեցությունն է օրգանիզմի վրա:
Հիվանդության առաջացմանը նպաստող գործոններից մեկն էլ համարվում է ժառանգականության փաստը: Հիվանդությամբ տառապողների 15-20 տոկոսն ունեն նման ազգականներ կամ հարազատներ: Ներկա պահին գիտնականները հայտնաբերել են մի քանի գեն, որոնք պատասխանատու են երիտասարդ հասակում այս հիվանդության առաջացման համար: Պարկինսոնի հիվանդությամբ ավելի հաճախ հիվանդանում են տղամարդիկ: Հիվանդների միջին տարիքը 60-ն է:
Պարկինսոնի հիվանդության վաղ շրջանի ախտանիշներն ի հայտ են գալիս աստիճանաբար: Սովորաբար հիվանդը սկսում է հոգնածություն զգալ, ձեռագիրը նման է լինում դողդոջուն ձեռքով գրածի: Բացի այդ, արտահայտած միտքն ու խոսքը մի տեսակ աղճատված են լինում: Հիվանդն առանց պատճառի կարող է ընկնել դեպրեսիայի մեջ: Հիվանդության արտահայտման վաղ շրջանը կարող է տեւել բավականին երկար ժամանակ, եւ հետո միայն ի հայտ գալ հիվանդության դասական պատկերը: Նման հիվանդների դեմքը զուրկ է ինչ-որ արտահայտությունից, այն նման է դիմակի:
Պարկինսոնիզմով հիվանդների համընդհանուր ախտանիշ կարող է համարվել դեպրեսիան:
Ներկայումս պարկինսոնիզմը համարվում է անբուժելի հիվանդություն, իհարկե, գոյություն ունեն մեթոդներ, որոնք գոնե թեթեւացնում են հիվանդի վիճակը: