Ֆյոդոր Սոլոգուբ (1863-1927)

14/02/2009 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Եթե Ֆյոդոր Սոլոգուբի պոեզիան ու թարգմանությունները բավականաչափ ծանոթ են ընթերցողին, մանավանդ Պոլ Վերլենի ու Արթյուր Ռեմբոյի հիասքանչ թարգմանությունները, ապա նրա արձակը, չնայած միջակ կամ թույլ գրությունների, եթե ոչ առատությանը, ապա գոնե առկայությանը, գոյում է, որպես անծանոթ աշխարհ:

«Իր ողջ արձակով Սոլոգուբը կտրուկ շրջադարձ է կատարում նատուրալիզմի տրորված արահետներից` կենցաղային, լեզվական, հոգեբանական: Եվ նորագույն ռուս արձակի ոճական որոնումներում, նատուրալիզմի ավանդույթների դեմ նրա պայքարում, առ Արեւմուտք ինչ-որ կամրջակ նետելու նրա փորձերում` այդ ամենի մեջ, եթե ուշադիր զննենք, մենք կտեսնենք Սոլուգուբի ստվերը: Սոլոգուբից է սկսվում ռուսական արձակի նոր գլուխը,- այդպես էր գրում 1924 թվականին ռուս ուշագրավ արձակագիրներից մեկը` Եվգենի Զամյատինը, եւ եզրափակում էր,- Դաժան ժամանակը շատերին կջնջի, բայց Սոլոգուբը ռուս գրականության մեջ կմնա»:

Չնայած ժամանակն ամեն ինչ արեց, որ «ջնջի» նրան, սակայն Սոլոգուբը, եթե նույնիսկ գրած լիներ միայն «Փոքրիկ դեւը» վեպը` դարասկզբի գլուխգործոցներից մեկը, որի վերահրատարակությունը եղավ նոր միայն 1958 թվականին, որին հաջորդեց երկարատեւ դադարն ու լռությունը, արդեն իսկ կմնար գրականության հիշողության մեջ:

1905 թվականին, հեղափոխության թեժ շրջանում, երբ, ըստ բանաստեղծի հայտնի խոսքի. «երաժշտություն չէր լսվում», հայտնվեց Սոլոգուբի հանճարավոր «Փոքրիկ դեւը», եւ այդ ժամանակից ի վեր տարածվեց միֆը հոռետես Սոլոգուբի մասին, ում մեջ բուն է դրել «մահվան խայթը», չնայած, ինչպես նկատել է Վ. Երոֆեեւը, դեռեւս Հին Հունաստանում գոյություն ուներ փիլիսոփայության դիտարկումը, որպես միակ գիտություն, որը մարդուն ուսուցանում էր մահանալու արվեստը: Բացի այդ, Սոլոգուբը շատ էր գրում մահվան մասին, քանի որ անհնար էր այդ մասին չգրել համատարած մղձավանջի ու մահացման մեջ: Այդ ցնորական աշխարհում կյանքը փոխելն անհնար էր, այնտեղից կարելի էր սոսկ փախուստ իրագործել առ իրականության այլ հարթություն:

20-րդ դարի գրականության մեջ, ինչպես նկատել են որոշ մշակութաբաններ ու գրաքննադատներ, նշանակալից դեր է խաղացել դեստրուկտիվ պոետիկան, այդ թվում եւ՝ աբսուրդի պոետիկան: Առողջ բանականության համընդհանուր հերքումը եւ դրա փոխարինումը ալոգիզմով ազդարարում էին արդեն ավագ սերնդի սիմվոլիստները: Ֆեոդոր Սոլոգուբն առաջիններից մեկն էր այդ շրջանում, որ գեղարվեստորեն մարմնավորեց այդ աշխարհը: Ինչպես նկատել է օբերիուտների եւ հիմնականում Դանիիլ Խարմսի հետազոտողներից մեկը, Ֆեոդոր Սոլոգուբի «Հեքիաթները» կարելի է համարել այն գրքերից մեկը, որն ուղղակիորեն նախորդում է Խարմսի «Պատահարներ» եւ «Պատմվածքներ» գրքերին: Նմանությունը տարածվում է ոչ միայն բովանդակության (երկու գրողներն էլ ներկայացնում են աշխարհի գրոտեսկային-աբսուրդ պատկերը), այլեւ գեղարվեստական կերպի ու պոետիկայի առանձնահատկությունների վրա: Գոյության անհեթեթության զգացողությունը, որը բնորոշ է թե՛ Սոլոգուբին, թե՛ Խարմսին, հավանաբար պայմանավորված էր պատմական դարաշրջանի անասելի անիմաստությամբ:

Ֆեոդոր Սոլոգուբի «Հեքիաթներ» ժողովածուն հայտնվեց 1905-1906 թվականներին, իսկ Խարմսի մանրապատումները ստեղծվել են ստալինյան ռեպրեսիաների տարիներին: Հատկապես աղետաբեր դարաշրջաններում, երբ հոգեբանական գերակշռող հատկանիշը դառնում է տագնապը, թախիծը, ահն ու կարոտը, աբսուրդի պոետիկան ակտուալանում է: Կարծում եմ՝ մեզ չէ, որ դա պետք է բացատրել:

«Հեքիաթների» գրքից

Հեքիաթները թմբերի վրա եւ հեքիաթները պալատում

Կար մի պարտեզ, ուր ճամփեզրի թմբերի վրա հեքիաթներ էին աճում:

Այնտեղ զանազան հեքիաթներ էին աճում` ճերմակ, կարմիր, երկնագույն, մանուշակագույն, դեղին. որոշ հեքիաթներ քաղցր էին բուրում, մյուսները թեպետ չէին բուրում, բայց փոխարենը շատ գեղեցիկ էին:

Պարտիզպանը մի տղա ուներ, նա ամեն առավոտ հիանում էր այդ հեքիաթներով:

Նա նրանց բոլորին ճանաչում էր, եւ հաճախ էր պատմում իր ընկերներին` փողոցում. այդ այգի սովորական երեխաներին չէին թողնում, որովհետեւ դա մեծ թագուհու պարտեզն էր:

Երեխաները պատմեցին այդ թմբերի վրայի հեքիաթների մասին իրենց մայրերին ու հայրերին, նրանք էլ՝ իրենց ծանոթներին, եւ այդպես շարունակ: Իմացավ թագուհին, որ իր այգում հեքիաթներ են աճում, եւ կամեցավ դրանց տեսնել:

Եվ ահա մի առավոտ պարտիզպանը շատ հեքիաթներ կտրեց, դրանցից մի գեղեցիկ ու ճոխ ծաղկեփունջ կազմեց եւ ուղարկեց պալատ:

Լալիս էր պարտիզպանի տղան, թե ինչու են հեքիաթները կտրում, բայց դե նրան լսող չկար, շատ էլ լաց էր լինում:

Տեսավ թագուհին հեքիաթներն ու ասաց.

– Դե ի՞նչ կա դրանց մեջ հետաքրքիր: Ի՞նչ հեքիաթներ են դրանք: Դրանք սովորական ծաղիկներ են:

Եվ նետեցին խեղճ հեքիաթները, իսկ պարտիզպանի տղային մտրակեցին, որ հիմարություններ դուրս չտա:

Մուրճն ու շղթան

Ամուր մուրճը, հիասքանչ մտադրություններով համակված, լավագույն երկաթից սարքված, զրուցում էր երկաթե ժապավենի հետ, որը պառկած էր սալի վրա: Նրանք խոսում էին երկրային անկատարությունների մասին` չար վիրավորանքների, որոնցով ոմանք անարգում են մյուսներին:

– Կապանքները` բարբարոսության ամոթալի մնացուկն է,- ասում էր մուրճը, եւ համոզում էր երկաթին երբեք շղթա չդառնալ:

Լսելով նրան տաք զնդանի վրա, քուրայի հրի ներքո, երկաթը փափկում ու հալչում էր: Բայց ահա հաղթակազմ դարբինը մուրճը բարձր թափահարեց ու ծանր իջեցրեց այն երկաթի վրա: Ալ կայծերը դեսուդեն թռան, եւ խեղճ ժապավենը տնքաց:

– Ինչպե՞ս, դու ինքդ վճռեցիր ինձ խփե՞լ,- հարցրեց նա:

– Այո ես քեզ խփում եմ, իսկ դու կդիմանաս: Այդպես է կարգը, եւ ես քեզանից բարձր եմ կանգնած շրջապատում, որպեսզի քեզ խփեմ:

Մուրճը հուժկու իջնում էր երկաթյա ժապավենի վրա, ծանրակշիռ արտաբերելով.

– Դաժանության կարիք չկա, անարգելի են դաժանները:

Երբ երկաթից ձուլեցին ամրակուռ եւ երկար շղթայի օղակները, մուրճը քամահրանքով շրջվեց:

– Բոլոր ուրացողներն այդպիսին են,- ասաց նա,- փափուկ հանց մոմ, ի վերջո, նրանք չեն ամաչում կապանք ծառայելուց:

Իսկ շղթան լռիկ զնգում իր կուռ շղթաներով ու շշնջում էր.

– Այդպես էլ պետք է լինի, այդպես է ամեն ինչ կարգաբերված: Եվս մի քանի հարված իմ օղակներին, եւ ես հաճույքով կպատեմ նզովյալ աքսորյալի մարմինը:

Անուշաբույր անունը

Երբ մի աղջիկ հիվանդ էր, ապա Աստված կարգադրեց հրեշտակներից մեկին գնալ ու պար բռնել նրա առջեւ` զվարճացնելու համար:

Հրեշտակը մտածեց, որ հրեշտակներին պատշաճ չէ մարդկանց առաջ պար գալը:

Եվ հենց այդ պահին Աստված իմացավ, թե ինչ է նա մտածում, եւ պատժեց հրեշտակին, եւ հրեշտակը դարձավ մի փոքրիկ աղջնակ, հենց նոր ծնված արքայադուստր, եւ մոռացավ երկնքի մասին եւ ամեն ինչի մասին, ինչ որ կար, եւ մոռացավ նույնիսկ իր անունը:

Իսկ հրեշտակի անունը անուշաբույր էր ու մաքուր, մարդիկ այդպիսի անուններ չունեն: Եվ խեղճ հրեշտակին ծանր մարդկային անուն դրեցին, եւ արքայադստերը սկսեցին Մարգարիտ կոչել:

Արքայադուստրը մեծացավ:

Բայց նա հաճախ էր խոհածում, նա կամենում էր ինչ-որ բան հիշել, եւ չգիտեր ինչ, եւ ձանձրանում ու տրտմում էր:

Եվ մի անգամ նա հորը հարցրեց.

– Ինչո՞ւ է արեւը լուռ շողում:

Հայրը ծիծաղեց ու ոչինչ չպատասխանեց:

Մյուս անգամ նա մորը հարցրեց.

– Վարդերը քաղցր են բուրում, բայց ինչո՞ւ բույրը չի երեւում:

Եվ մայրը ծիծաղեց, եւ արքայադուստրը տխրեց:

Եվ նա իր դայակին հարցրեց.

– Իսկ ինչո՞ւ անուններից ոչ մի հոտ չի գալիս:

Եվ պառավը ծիծաղեց, ու արքայադուստրը տրտմեց:

Այդ երկրում սկսեցին խոսել, թե թագավորի աղջիկը հիմար է աճում:

Եվ արքայի հոգսը շատ էր`այնպես անել, որ արքայադուստրը մյուսներից չտարբերվի:

Բայց նա միշտ խորհրդածում ու հարցնում էր անպետք ու տարօրինակ բաների մասին:

Եվ դժգունում ու թոշնում էր արքայադուստրը, եւ սկսեցին խոսել, թե նա գեղեցիկ չէ:

Գալիս էին երիտասարդ արքայազնները, բայց խոսում նրա հետ ու չէին ուզում կնության առնել:

Եկավ արքայազն Մաքսիմիլիանը: Արքայադուստրը նրան ասաց.

– Մարդկանց մոտ ամեն ինչ անջատ է. խոսքերը միայն հնչում են, ծաղիկները միայն բուրում են, եւ ամեն բան այդպես է: Ես ձանձրանում եմ:

– Իսկ ի՞նչ ես դու ուզում,- հարցրեց Մաքսիմիլիանը:

Մտորեց արքայադուստրը, երկար մտածեց ու ասաց:

– Ես ուզում եմ անուշաբույր անուն ունենալ:

Եվ Մաքսիմիլիանը նրան ասաց.

– Դու արժանի ես անուշաբույր անուն կրելու, եւ լավ չէ, որ դու Մարգարիտ ես, բայց մարդիկ քեզ համար անուն չունեն:

Եվ արքայադուստրն արտասվեց: Եվ Մաքսիմիլիանը նրան խղճաց եւ սիրեց նրան աշխարհում ամեն բանից շատ:

Եվ նա նրան ասաց.

– Մի լար, ես կգտնեմ այն, ինչ դու ուզում ես:

Ժպտաց արքայադուստրն ու ասաց նրան.

– Եթե դու ինձ համար անուշաբույր անուն գտնես, ապա ես կհամբուրեմ քո ասպանդակներըգ

Եվ կարմրեց, քանի որ հպարտ էր:

Եվ Մաքսիմիլիանն ասաց.

– Այդժամ դու իմ կինը կդառնա՞ս:

– Այո, եթե դու կամենաս,- պատասխանեց արքայադուստրը:

Գնաց Մաքսիմիլիանն անուշաբույր անուն փնտրելու: Ողջ աշխարհը ոտնատակ տվեց, հարցնում էր հասարակ ու բանիմաց մարդկանց, եւ ամենուր ծիծաղում էին նրա վրա:

Եվ երբ նա դարձյալ հեռու չէր այն քաղաքից, ուր ապրում էր իր արքայադուստրը, նա մի խղճուկ հյուղակ տեսավ ու շեմի առաջ ճերմակահեր մի ծերունու: Մաքսիմիլիանը մտածեց` «ծերունին գիտի»:

Պատմեց արքայազնը ճերմակահեր ծերունուն, թե ինչ էր փնտրում: Եվ ուրախացավ ծերունին, ժպտաց ու ասաց.

– Կա, կա այդպիսի անուն, բուրավետ անուն, ես ինքս չգիտեմ, ես ինքս չգիտեմ, բայց թոռնիկս լսել է:

Մտավ Մաքսիմիլիանն այդ հյուղը, եւ տեսավ հիվանդ աղջկան:

Եվ ծերուկը նրան ասաց.

– Դոնյուշկա, ահա պարոնն ուզում է բուրավետ անվան մասին իմանալ, հիշիր քնքուշս:

Ուրախացավ աղջիկը, բերկրեց, բայց բուրավետ անունը հիշել չկարողացավ:

Եվ ասաց նա, որ երազում տեսել է մի հրեշտակի, որ պարում էր իր առջեւ եւ ամբողջովին երփներանգ էր:

Եվ հրեշտակը նրան ասել էր, որ շուտով միջօրեին իր մոտ կգա մի այլ հրեշտակ ու պար կբռնի ու կշողա զանազան կրակներով` առավել լավ, եւ ասաց իր անունը, եւ այդ անունից մի բույր ծավալվեց ու բերկրալի դարձավ: Աղջիկն ասաց.

– Ուրախալի է այդ մասին մտածելը, բայց անունը հիշել չեմ կարողանում: Իսկ եթե հիշեի ու ասեի, ապա հիմա կապաքինվեի: Բայց նա շուտով կգա:

Մաքսիմիլիանը գնաց արքայադստեր մոտ եւ նրան բերեց հյուղն այդ:

Եվ երբ արքայադուստրը տեսավ խղճուկ հյուղակն ու հիվանդ աղջկան, ապա շատ խղճաց նրան ու սկսեց գուրգուրել եւ զվարճացնել նրան:

Հետո ուղղվեց հյուղակի մեջտեղն ու սկսեց ծափ զարկելով ու երգակցելով պտտվել ու պար գալ:

Եվ տեսավ աղջիկը ահագնալի լույսը, ու շատ ձայներ լսեց ու բերկրեց ու խնդաց, եւ հիշեց անունը հրեշտակի, ու բարձրաձայն արտաբերեց այն:

Եվ ողջ հյուղն անուշաբուրությամբ ողողվեց:

Եվ այդժամ արքայադուստրը հիշեց իր անունը, եւ թե ինչու էին իրեն երկիր առաքել, ու խնդուն տուն դարձավ:

Իսկ աղջիկն այն ապաքինվեց, եւ արքայադուստրը Մաքսիմիլիանին կնության գնաց, եւ իր ժամանակին բավականաչափ երկրի երեսին կենալով, վերադարձավ իր հայրենիքը` առ հավերժական Աստված:

Հավասարությունը

Մեծ ձուկը վրա հասավ փոքրին եւ ուզում էր կլլել:

Փոքրիկ ձուկը ճղրտաց.

– Դա արդար չէ: Ես էլ եմ ուզում ապրել: Բոլոր ձկները հավասար են օրենքի առաջ:

Եթե չես ուզում, որ ես քեզ ուտեմ, ուրեմն դու, թերեւս, կուլ տաս ինձ` ի բարօրություն քեզ:

Փոքրիկ ձուկը ամեն կողմից չափչփեց նրան, չէ, չէր կարող մեծ ձկանը կուլ տալ: Հոգոց հանեց ու ասաց.

– Քո ասածն է` կուլ տուր:

Քավթառն ու քավթառուհին

Կար-չկար` մի քավթառ ու մի քավթառուհի:

Ապրում էր քավթառը 500 տարի, իսկ քավթառուհին` 400:

Քավթառը մեծ թոշակ էր ստանում, եւ տալիս էր քավթառուհուն ծախսելու:

Քավթառը մարմնի վրա մի ֆուֆայկա էր քաշում, քավթառուհին մազերը ֆիքսատուրով էր սեւացնում:

Քավթառը թութուն էր հոտոտում եւ գնում էր բաղնիք շոգեհարվելու, քավթառուհին կոնֆետ էր ուտում ու գնում էր ռուսական օպերա:

Գնաց մի անգամ քավթառը բաղնիք, շոգեհարվեց, շոգեհարվեց, շոգեխաշվեց, տախտամածի վրա մեռավ:

Գնաց քավթառուհին օպերա, կանչում էր երգչին, բղավեց, բղավեց, ճչաց ու մեռավ-հատնեց վերնասրահում:

Թաղեցին քավթառին ու քավթառուհուն:

Բայց ինչ արած` կան քավթառներ, կլինեն եւ քավթառուհիներ:

Շուշանի հագուստներն ու կաղամբի հագուստները

Պարտեզում ծաղկաթմբի վրա աճում էր մի շուշան: Նա ճերմակ էր` ալ պուտերով, գեղեցիկ ու հպարտ:

– Դու զգույշ, ես արքայական շուշանն եմ, եւ ինքը՝ Սողոմոն իմաստունը, չէր հագնվում այնպես ճոխ ու գեղեցիկ, ինչպես ես:

Մերձակայքի բանջարանոցում աճում էր կաղամբը:

Նա լսեց շուշանախոսքը, ծիծաղեց ու ասաց.

– Էդ քո Սողոմոնն, ըստ իս, պարզապես սանկյուլոտ էր: Ինչպես էին նրանք հագնվում` էդ հները: Մերկությունը մի կերպ ծածկում էին խալաթով, դե, ու երեւակայում էին, թե զուգվել են լավագույն մոդայի համաձայն: Իսկ ես ահա մարդկանց սովորեցրի հագնվել, հիմա կարող եմ ինձ արժանիքներ վերագրել` տկլոր կաղամբակոթին առաջին ծածկույթը` շապիկը, շապիկի վրա` ձգանակ, ձգանակի վրա` ներքնաշոր, դրա վրա` ճարմանդ, ճարմանդի վրա` հագուստ, հագուստի վրա՝ էլի ճարմանդ, ճարմանդի վրա` հագուստ, հագուստի վրա՝ էլի ճարմանդ, ճարմանդի վրա՝ եւս մի ճարմանդ, ճարմանդի վրա՝ դարձյալ շապիկ, հագուստ, ճարմանդ, կողքից՝ ծածկոց, վերից` ծածկույթ, վարից՝ ծածկույթ, կաղամբակոթը չես տեսնի: Տաք է ու պատշաճ:

Երեք թուք

Գնում էր մարդը, ու երիցս թքեց:

Նա գնաց, թուքը մնաց:

Եվ մի թուքն ասաց.

– Մենք էստեղ ենք, իսկ մարդը չկա:

Իսկ մյուսն ասաց.

– Նա գնաց:

Եվ երրորդը.

– Նա հենց էն բանի համար էր եկել. որ մեզ էստեղ տնկի: Մենք մարդու կյանքի նպատակն ենք: Նա գնաց, իսկ մենք մնացինք:

Կուռքը եւ նախակուռքը

Պատահեցին փողոցում երկու տղեկ, դե, ու սկսեցին վիճել: Սկզբում վիճում էին, հետո մեկմեկու առաջ սկսեցին գլուխ գովել:

Մեկն ասաց.

– Իմ մերը խմած-լակած պառկած է հատակին ու ամենավերջին խոսքերով հայհոյում է:

Իսկ մյուսն ասաց.

– Իսկ ես ընդհանրապես մեր չունեմ եւ բաղնիքի խոնավությունից եմ առաջացել:

– Այ քեզ մեծ բան,- ասաց առաջինը,- ես իմ աստվածներին ծախեցի, փողերը մսխեցի:

– Այ քեզ մեծ բան,- պատասխանեց մյուսը,- ես էլ եմ իմ աստվածներին ծախել, իսկ էդ փողերով կուռք եմ առել:

– Իսկ ես հարեւանիցս նախակուռք եմ գողացել:

– Իմ կուռքը մեծ է` փայտից, ես դրանով գլուխդ կջարդեմ:

– Իսկ իմ նախակուռքը երկաթից է` թափ կտամ, ցրիվ կգաս:

Բերեցին նրանք կուռքին եւ նախակուռքին, կուռքը կողափայտ էր, նախակուռքը` երկաթե նիգ: Սկսեցին կռվել: Արյունը հոսում է, գլուխները պատռվում, իսկ նրանք հեչ` կռվում են: Դուր եկավ:

Ապահովագրված սունկը

Մի սունկ ապահովագրվեց: Գնաց մայրաքաղաք, վճարեց, որքան որ հարկն էր, ողջ ամռան համար ապահովագրվեց ու վերադարձավ իր անտառը: Նրա գլխարկի վրա մեխերով մի փոքրիկ տախտակ ամրացրին, իսկ տախտակի վրա շատ պարզ մի մակագրություն էր` Ռուսաստան` ապահովագրական միություն: Կեցած է սունկն ու պարծենում է: Բոլոր սնկերի մեջ ամենահարգվածն է:

Եկան կովերն այդ անտառը: Խոտ են ուտում, սունկ են ճաշակում, զանգուլակներն են հնչեցնում եւ մեկ էլ պոչ են թափ տալիս` բոռերին են քշում: Իրենց շատ լավ են զգում: Ինչպես գեներալներն ամառանոցում: Բայց հենց մոտենում են ապահովագրված սնկին, ապա անհանգստանում են, եւ մեկեն ընկրկում են:

– Նրան,- ասում են,- չի կարելի ուտել` ապահովագրված է, նրանից,- ասում են,- հեռու պետք է մնալ, թե չէ մեկ էլ տեսար ոտքի տակ ընկավ, տակից դուրս չես գա:

Բայց ահա մոտեցավ մի կով, ուզում էր այդ սունկն ուտել: Կանգնել ու մտածում է.

– Իսկ ի՞նչ կլինի, որ նրան հափռեմ:

Հարցնում է մյուս կովերին.

– Իսկ ո՞ւր է այստեղ ապահովագրված սունկը:

Այնպիսի տեսք է առել, թե իբր չի տեսնում:

Ցույց տվին:

– Իսկ ինչպիսի՞ն է,- ասում է,- նրա վրայի ապահովագրությունը:

– Դե ահա,- ասում են,- փոքրիկ տախտակը: Չնչին մի բան է, բայց մեծ ուժ ունի:

Մտածեց կովը, լեզվով փոքրիկ տախտակն այդ լիզեց, պոզով դեն հրեց, եւ փոքրիկ տախտակն այդ ընկավ փտած կոճղի վրա:

– Դե,- ասում է կովը,- հիմա ապահովագրությունն անցավ փտած կոճղին: Հիմա փտած կոճղին չի կարելի ձեռք տալ` ապահովագրված է:

Իսկ մյուս կովերն ի պատասխան մեծ դժգոհությամբ մնչում են:

– Փտած կոճղն ինչներիս է պետք: Մեզ,- մնչում են,- փտած կոճղ պետք չի, մեզ,- մնչում են,- սունկ է պետք: Բայց մինչ նրանք էդպես քննարկում էին փտած կոճղի խնդիրը, կովն այդ ապահովագրված սունկը կերավ:

Եվ ասում է.

– Ապահովագրվել է, բայց ոչ էնքան կարգին:

Կերավ ու գնաց:

Դե ինչ, այդպես էլ ոչինչ չպատահեց:

Գերեվարված մահը

Վաղնջական ժամանակներում ապրում էր մի խիզախ ու անհաղթ ասպետ:

Պատահեց մի անգամ, որ նա գերեվարեց մահվանը:

Բերեց նրան իր ամրակուռ ամրոցը եւ նստեցրեց զնդանում:

Մահը ոչինչ, նստած է իր համար, իսկ մարդիկ դադարեցին մահանալ:

Ասպետը հրճվում եւ մտածում է.

– Հիմա լավ է, բայց տագնապալի, նրան հսկել է պետք: Ավելի լավ կլիներ իսպառ ջնջել:

Միայն թե ասպետն արդար էր, չէր կարող նրան առանց դատի սպանել:

Ահա եկավ նա զնդանի մոտ, կանգնեց պատուհանիկի մոտ ու ասաց.

– Մահ, ես ուզում եմ գլուխդ կտրել, դու աշխարհում շատ չարիք ես գործել:

Սակայն մահը լռում ու լռում է:

Ասպետն էլ ասում է.

– Ահա, քեզ ժամանակ եմ տալիս, պաշտպանվիր, թե կարող ես: Ի՞նչ կասես քեզ արդարացնելու համար:

Իսկ մահը պատասխանում է.

– Ես քեզ ոչինչ չեմ ասի, բայց այ, թող կյանքը խոսի ինձ համար:

Եվ տեսավ ասպետը, կանգնած է նրա կողքին կյանքը, պարարտ ու շառագունած, բայց եւ՝ այլանդակ:

Եվ սկսեց նա էնպիսի գեշ ու սրբապիղծ խոսքեր ասել, որ խիզախ ու անհաղթ ասպետը սրսփաց ու փութաց զնդանը բացել:

Գնաց մահը, եւ մարդիկ դարձյալ մահանում էին: Իր ժամին մահացավ եւ ասպետը, եւ երկրի երեսին ոչ մեկին նա չասաց այն, ինչ լսել էր կյանքից` այլանդակ ու պիղծ կնկանից:

Երկու ապակի

Մի ապակին մեծացնում էր, մյուսը` փոքրացնում:

Եվ առաջին ապակին կեցած էր ջրի կաթիլի վրա, եւ մյուս ապակուն ասում էր.

– Սարսափելի մեծ էակները տարուբերվում ու միմյանց խժռում են:

Մյուսը նայում փողոցին եւ ասում էր.

– Փոքրիկ մարդուկները խաղաղ զրուցում են, եւ անցնում են, բոլորն անցնում են:

Առաջինն ասաց.

– Իմոնք մնում են: Վախենամ, որ նրանք մարդուկներին էլ հասնեն:

Բայց երկրորդն ասաց.

– Մարդուկները կգնան:

Հենց այն

Գնում էր գնացքը, եւ գնում էր միշտ մի ուղղությամբ: Եվ կար այնտեղ մի ուղեւոր, ով պիտի վայր իջներ այն կայարանում, ուր նրան էին սպասում ձիերն ու ընկերները:

Ուղեւորն այդ անհամբեր էր, յուրաքանչյուր կայարանում իջնում եւ հարցնում էր.

– Սա հենց այն կայարա՞նն է:

Իսկ նրան պատասխանում էին.

– Ոչ, դեռ այն չէ:

Եվ, ի վերջո, նա վագոնում ննջեց:

Երկար քնել էր, շատ հաճելի երազներ էր տեսնում:

Հանկարծ զարթնեց, իսկ գնացքը կանգնած է: Ուղեւորը վազեց կառամատույց, հարցնում է.

– Սա հենց այն կայարա՞նն է:

Իսկ նրան պատասխանում են.

– Ոչ, արդեն այն չէ:

Եվ շուտով գնացքն առաջ շարժվեց, իսկ ուղեւորը վագոնում նստած լալիս էր: