Առանց նախապայմանների

14/02/2009

«Վրաստանը Ռուսաստանի հետ պետք է բանակցություններ վարի առանց ուլտիմատումների ու նախապայմանների»,- նման հայտարարություն է արել Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն արդար Վրաստանի շարժման» առաջնորդ Զուրաբ Նողաիդելին` Մոսկվա-Թբիլիսի տեսակամրջի ընթացքում: «Գլխավորը, ինչի վրա մենք պետք է կենտրոնանանք արտաքին քաղաքականության մեջ, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պարզելն է: Կարծում եմ, որ մենք Ռուսաստանի հետ պետք է առանց նախապայմանների ու ուլտիմատումների բանակցություններ վարենք բոլոր այն հարցերի շուրջ, որ կուտակվել են վերջին տարիներին, եւ աստիճանաբար առաջ շարժվենք դրանց լուծման ուղղությամբ»,- ասել է նա: Ըստ Նողաիդելիի, ակնհայտ է, որ վրաց ժողովուրդն ընտրել է եվրոպական եւ Եվրաատլանտյան ինտեգրացումը:

Պատասխանելով այն հարցին, թե Վրաստանի համար հնարավո՞ր է արդյոք չեզոք ապառազմականացված պետության կարգավիճակը՝ պայմանով, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան վերադարձվեն միջազգային կազմակերպությունների, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի երաշխիքներով, Նողաիդելին նշել է, որ առայժմ վաղ է այդ մասին խոսել: «Կարծում եմ, որ առայժմ վաղ է խոսել այն մասին, որ Վրաստանը չեզոք երկիր լինի: Օգոստոսի 8-ից հետո մեր առջեւ շատ ավելի բարդ խնդիրներ են ծառացած, քան մինչեւ այդ իրադարձությունները»,- ասել է նա: