«Իրանը խորհուրդ է տալիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ բաց չթողնել առկա հնարավորությունը եւ բանակցություններ սկսել երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ»,- այդ մասին երեկ հայտարարել է Իրանի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հասան Գաշգավին:
«Իհարկե, մենք ակնկալում ենք, որ պարոն Օբաման իր քաղաքականության մեջ կօգտագործի արմատական փոփոխություններ կատարելու հնարավորությունը: Մենք չենք ցանկանում որեւիցե կանխատեսում անել, բայց ԱՄՆ նախագահին հարկ է օգտվել այդ հնարավորությունից»,- ասել է Գաշգավին: Միաժամանակ դիվանագետը նշել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցելու Վաշինգտոնի հետ, բայց նախապայմանով, որ երկխոսությունն ընթանա «փոխադարձ հարգանքի եւ իրավահավասարության» պայմաններում: