Գոհ են, բայց չեն ընդունում

03/07/2005

Կիրակի օրը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ԱԺ ընտրություններին
հետեւում էին հարյուրից ավելի դիտորդներ` աշխարհի մոտ մեկ տասնյակ
երկրներից: Դատելով տեղական եւ միջազգային դիտորդների ասուլիսներից`
կարելի է փաստել, որ ընտրությունների ընթացքում աղաղակող խախտումներ չեն
եղել: Դիտորդներն ընդհանուր առմամբ գոհ են ընտրությունների ընթացքից եւ ոչ
մի լուրջ խախտում չեն նկատել: Ղարաբաղյան ընտրությունները բավականին լայն
արձագանք են գտել միջազգային մամուլում: Ինչպես միշտ, այս անգամ էլ
ընտրություններին նախորդեցին Ադրբեջանի իշխանությունների
հայտարարություններն այն մասին, որ այդ ընտրությունները չեն կարող
օրինական համարվել: Նմանատիպ հայտարարություններ հնչեցին նաեւ թուրքական
կողմից: Թուրքիայում լույս տեսնող «Journal of Turkish Weekly»-ն գրում է,
որ ադրբեջանցի փախստականներն այս ընտրություններում ընտրելու իրավունք
չունեին, հակառակ դեպքում՝ «Ղարաբաղը հավանաբար կունենար ադրբեջանցի
նախագահ»: «Siber News Media»-ն (Նյու Յորք) էլ տեղեկացնում է, որ «վիճելի
տարածքում վիճելի ընտրություններ են տեղի ունեցել»: Ըստ «France Presse»
լրատվական գործակալության, քվեարկությունը Ղարաբաղում շատ ակտիվ է անցել
եւ ընտրատեղամասերի մոտ հերթեր են գոյացել: «Արտերկրի ոչ մի
կառավարություն դիտորդներ չէր ուղարկել` ընդգծելով տարածքի անորոշ
կարգավիճակը,- տեղեկացնում է «France Presse»-ը եւ ավելացնում,- սակայն ոչ
կառավարական կազմակերպությունների դիտորդական խմբերը հաղորդում են մի շարք
մանր խախտումների մասին»: Մեջբերելով ԱՄՆ-ից ժամանած դիտորդական խմբի
անդամ Փոլ ՈՒիլյամսի խոսքերը` «France Presse»-ը հաղորդում է, որ
ընտրությունները թափանցիկ են անցել: Նախօրեին Թուրքիայի
Արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ
Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրություններն ապօրինի են: Ըստ
ադրբեջանական ATV հեռուստաընկերության՝ Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ
Մակկո Բարսոտին էլ ասել է, որ ՄԱԿ-ը չի ճանաչում ընտրությունները Լեռնային
Ղարաբաղում: Հիշեցնենք, որ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն էլ
նախօրեին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, թե ԵԱՀԿ Մինսկի
խումբը եւս հայտարարել է, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում անցկացված
ընտրությունները եւ դրանց արդյունքները: Իր հերթին՝ «ITAR-TASS» լրատվական
գործակալությունը հաղորդում է, որ Ֆրանսիայի Արտգործնախարարության մամուլի
խոսնակն ասել է, թե «Լեռնային Ղարաբաղում անցկացված վերջին
«ընտրությունները» չեն ազդի հարցի խաղաղ կարգավորման եւ այդ տարածքի ապագա
կարգավիճակի վրա»: «Ֆրանսիան, ինչպես եւ միջազգային մնացած համայնքը,
պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Լեռնային
Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ պետություն»,- ըստ «ITAR-TASS»-ի՝ ասել
է Ֆրանսիայի Արտգործնախարարության մամուլի խոսնակը:

Պատրաստեց Ռ. ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆԸ