Սոլանան հուսով է

11/02/2009

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան շատ դրական է գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսված երկխոսությունը: «Ես շատ ուրախ կլինեմ այն ավելի խորացած տեսնել»,- ասել է Խ.Սոլանան փետրվարի 7-ին Մյունհենում Անվտանգության քաղաքականության 45-րդ ամենամյա միջազգային խորհրդաժողովում: Խորհրդաժողովում` «Անկայունության կառավարում. Հարավային Կովկասի տարածաշրջան եւ Արեւմտյան Բալկաններ» խորագրով նիստի ժամանակ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից եւ տարածաշրջանի շուրջ ծավալված քննարկումներից հետո ամփոփելով տպավորությունները` Խ.Սոլանան նշել է, որ Հայաստանը շատ կարեւոր երկիր է, մեծ են հույսերը, որ երկրի հարաբերությունները հարեւանների հետ կբարելավվեն: «Ես տպավորություն ունեմ, որ հարաբերությունները Թուրքիայի հետ նորմալանում են, եւ հույս ունեմ, որ այդ առումով ինչ-որ բան կարող է տեղի ունենալ ամիսներ անց: Հույս ունենք, որ սառեցված հակամարտությունը եւս կլուծվի. դա կարեւոր է ոչ միայն ձեզ համար, ողջ տարածաշրջանի, այլ նաեւ մեզ` Եվրամիության»,- ասել է ԵՄ գերագույն հանձնակատարը: