Ժամանակը եկե՞լ է

11/02/2009

Տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ Երեւան է ժամանել Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը, ով անցած շաբաթ հայտարարել էր, թե հուսով է, որ առաջիկայում կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Մեկնաբանելով իր այդ հայտարարությունը՝ երեկ Լենմարկերն ասել է. «Հիմա է լուծումներ գտնելու ժամանակը»: Պատասխանելով «Ազատություն» ռ/կ հարցին` նա նշել է. «Վրաստանում պատերազմական գործողություններից հետո բոլորը քաջ գիտակցում են, որ միայն խաղաղ ճանապարհով պետք է խնդրին լուծում տրվի: Եվ հենց դա է լավատես լինելու հիմնական պատճառներից մեկը»:

Երեկ Լենմարկերը հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, խորհրդարանում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ: Բացի իշխանության ներկայացուցիչներից՝ նա հանդիպումներ է ունեցել նաեւ խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի, ինչպես նաեւ՝ Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանի, Արման Մուսինյանի եւ Վլադիմիր Կարապետյանի հետ: Այսօր Լենմարկերը հանդիպելու է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: