Երեկ Հայ Ազգային կոնգրեսը դիմել է Երեւանի քաղաքապետարան` ներկայացնելով մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի վերաբերյալ իրազեկումը: ՀԱԿ-ը հանրահավաքի անցկացման համար նշել է երկու վայր` Մատենադարանին հարող տարածքը եւ Հյուսիսային պողոտան: Իսկ հանրահավաքից հետո նախատեսվում է Մաշտոցի պողոտայով երթով հասնել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող տարածք` ծաղկեպսակ դնելու 2008թ. մարտի 1-ին զոհված 10 անձանց հիշատակին: Այսպիսով, առաջիկա երկու օրերին Երեւանի քաղաքապետարանը պետք է պատասխանի ՀԱԿ-ի իրազեկմանը` մարտի 1-ի հանրահավաքը «արտոնելու» կամ «չարտոնելու» վերաբերյալ: Եվ սա դառնալու է հերթական լակմուսի թուղթը, որը ցույց կտա, թե որքանով էին իշխանություններն անկեղծ, երբ ԵԽ ԽՎ նստաշրջանից առաջ հայտարարում էին ժողովրդավարության նկատմամբ իրենց «անհագուրդ սիրո եւ նվիրվածության մասին»:
Թեեւ, դատելով նրանից, թե ինչպես են դեռեւս փետրվարի սկզբից իշխանությունները Ոստիկանության եւ այլ հնարավոր միջոցներով մարդկանց ահաբեկում (որոշ դեպքերում՝ նույնիսկ փորձում կաշառել), որպեսզի չմասնակցեն մարտի 1-ի հանրահավաքին, ամենայն հավանականությամբ, ՀԱԿ-ի հանրահավաքը «չի արտոնվի»: Որեւէ անհեթեթ պատճառաբանությամբ: Սակայն ՀԱԿ-ը հայտարարել է, որ անկախ Երեւանի քաղաքապետարանի պատասխանից՝ մարտի 1-ին հանրահավաքը կայանալու է: