Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը փետրվարի 12-15-ը պետական այցով մեկնելու է Ռուսաստան: Ընդ որում, ինչպես հայտարարել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հալիլ Աքընջըն, «նախապես ծրագրված պաշտոնական այցի կարեւորությունն ավելի ընդգծելու համար ռուսական կողմն այն վեր է ածել պետական այցի»: Դեսպանն ասել է, որ Գյուլի պետական այցը Մոսկվա մեծ նշանակություն ունի՝ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների ապագայի համար: «Ենթադրվում է, որ ԱՄՆ-ի դեմ ուժ հավաքող եւ նոր բարեկամներ որոնող Ռուսաստանի եւ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ սկսած Թուրքիայի ղեկավարների հանդիպումը կարեւոր քաղաքական արդյունքներ կծնի»,- ասել է Աքընջըն: Ըստ Թուրքիայի դեսպանի, ռուս-թուրքական «խիստ կարեւոր» գագաթաժողովի օրակարգում դրված են «Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի» եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերջին զարգացումների, ինչպես նաեւ՝ էներգետիկայի բնագավառում համագործակցության շրջանակում «Կապույտ հոսք-2» նախագծի ու թուրքական ապրանքների դեմ ռուսաստանյան մաքսատներում հարուցվող արգելանքների հետ կապված հարցերը: Թուրքիայի նախագահը Մոսկվայում կհանդիպի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Ենթադրվում է, որ Աբդուլլահ Գյուլը կայցելի նաեւ ՌԴ կազմի մեջ մտնող Թաթարստանի Հանրապետություն: Ռուսաստանում Թուրքիայի դեսպանի հայտարարությունը կարելի է սենսացիոն եւ, մեղմ ասած, «ոչ կոռեկտ» համարել, քանի որ նա խոսում է, թե ինչպես են երկու երկրների նախագահները քննարկելու երրորդ երկրի` Հայաստանի հետ առնչվող հարցեր: Սակայն Հայաստանի համար, ցավոք, սա արդեն սովորական է դարձել: