Այս անգա՞մ ինչ «չենք» զիջելու

11/02/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Տեւական լռությունից հետո Հայաստանի իշխանությունները վերջապես պաշտոնապես հայտարարեցին Ռուսաստանից ստացվելիք 500 միլիոն դոլարի վարկի մասին։

ՀՀ Ֆինանսների նախարարության կայքէջում երեկ տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է. «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում երկու երկրների միջեւ նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիր, համաձայն որի՝ ռուսական կողմը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 500.0 մլն ԱՄՆ դոլարի պետական վարկ` ՀՀ տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները չեզոքացնելու նպատակով»: Նշվում է նաեւ, որ վարկը տրամադրվելու է 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին արտոնյալ է։ Փակագծերն այսքանից ավելի չեն բացվում, օրինակ՝ հենց «արտոնյալի» վերաբերյալ։ Սովորաբար, արտոնյալ ժամկետում, ենթադրվում է, որ վարկը մարվում է աննշան, խորհրդանշական տոկոսագումարներով, կամ այդ ժամանակահատվածում վճարումներ ընդհանրապես չեն կատարվում։ Օրինակ, Ղրղըզստանին տրամադրվելիք 1.7 միլիարդ վարկի դեպքում առաջին 7 տարին վճարումներ չեն լինելու, իսկ հետագա տոկոսադրույքը լինելու է LIBOR +3%։ LIBOR-ն աշխարհում ընդունված ցուցանիշ է, որը ցույց է տալիս ֆինանսական ռեսուրսների արժեքը։ Եթե կարճ ասենք, դա այն տոկոսադրույքն է, որով աշխարհի խոշորագույն բանկերը ֆինանսավորում են մեկը մյուսին։ Այն պարբերաբար թարմացվում է՝ խոշորագույն բանկերի վարկավորման պայմանների հիման վրա։ Նշենք նաեւ, փետրվարի սկզբին LIBOR-ի տարեկան տոկոսադրույքը ԱՄՆ դոլարի համար կազմել է մոտ 2%։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Ֆինանսների նախարարությունն ընդամենը նշում է, որ «ներկայումս միջազգային ֆինանսական շուկայում ձեւավորված վարկավորման պայմանների համեմատությամբ՝ վարկը տրամադրվելու է մեղմ պայմաններով»։ Նման ձեւակերպումը, համաձայնեք, շատ աբստրակտ է՝ առավելեւս նման մեծ գումարի դեպքում, եւ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու բոլոր մանրամասները։ Ի վերջո, վարկի ու տոկոսագումարների մարումը ՀՀ պաշտոնյաների սեփական գրպանից չի կատարվելու։ Սակայն ՖՆ հայտարարության մեջ ամենահետաքրքիր ձեւակերպումը հետեւյալն է. «Նախաստորագրված ֆինանսական համաձայնագիրը չի ենթադրում Հայաստանի Հանրապետության կողմից որեւէ այլ ոչ ֆինանսական պարտավորությունների կատարում»։ Իսկ ինչո՞ւ պետք է ենթադրեր։ Հասկանալի է, որ այս նախադասությամբ փորձ է արվել հերքել այն խոսակցությունները, որ վարկի դիմաց ՀՀ իշխանություններն ինչ-ինչ պարտավորություններ են ստանձնել (օրինակ՝ մտնել ռուբլու գոտի կամ զիջել ռազմավարական նշանակություն ունեցող մի քանի օբյեկտներ (եթե այդպիսիք մնացել են)։ Ղրղըզստանի հետ ստորագրված պայմանագրում էլ, օրինակ, չի մտնում, որ վարկի դիմաց այս երկիրը պարտավորվում է փակել Մանասում տեղակայված ամերիկյան ռազմաբազան, սակայն, բոլորն էլ գիտեն՝ որն է բազան փակելու իրական պատճառը։

Ոչ ոք չի հավատում, որ Ռուսաստանը զուտ բարեկամական օգնություն է ցուցաբերում համաշխարհային ճգնաժամից տուժած ԱՊՀ իր դաշնակիցներին, հատկապես, երբ ինքն էլ նախանձելի վիճակում չի գտնվում։ Ռուսաստանի անշահախնդրությանը չեն հավատում անգամ իրենք՝ ռուսները։ «Մարկետինգ ի կոնսալտինգ» վերլուծական պարբերականը, անդրադառնալով համաշխարհային ճգնաժամին ետխորհրդային տարածքում՝ գրում է. «Համաշխարհային տնտեսական ճգնաժամը մեծ վնաս է հասցրել նաեւ Ռուսաստանի տնտեսությանը։ Սակայն Ռուսաստանի կառավարությունը մտադիր չէ ընդունել իր սխալները։ Ավելին, Ռուսաստանում կրկին գլուխ է բարձրացնում մեծապետական շովինիզմը»։ Այսինքն՝ ամեն ինչ արվում է մեծապետական նկատառումներով, ազդեցությունը ուժեղացնելու համար։

Ի դեպ, հոդվածագիրը, անդրադառնալով առանձին երկրներին եւ տարածաշրջաններին, ենթավերնագրերում օգտագործել է տվյալ երկրին կամ տարածաշրջանին բնորոշ մակդիրներ՝ Մեծապետական Ռուսաստանը, Ինքնուրույն Ուկրաինան, Ժողովրդավարական Մերձբալթիկան։ Ադրբեջանն արժանացել է «համբերատար» որակմանը՝ կապված նրա հետ, որ այս երկիրը դեռ փորձում է առանց որեւէ մեկի օգնության, սեփական ռեսուրսներով հաղթահարել դժվարությունները։ Իսկ գիտե՞ք ինչ որակման է արժանացել Հայաստանը՝ ՌԴ ռազմավարական գործընկերը։ Ռուսերեն ավելի լավ է հնչում՝ «Ուսլուժլիվայա Արմենիա»։ Կարելի է թարգմանել՝ որպես պատրաստակամ, եւ ասել՝ ի՞նչ վատ բան կա դրանում։ Մյուս իմաստը, համաձայն ռուս-հայերեն հաստափոր բառարանի, «հաճկատարն» է։ Այսինքն՝ քմահաճույքները, ցանկությունները կատարող։ Ավելի պարզ ասած՝ ծառայամիտ։ Ո՞ր իմաստն է նկատի ունեցել հոդվածագիրը՝ պարզ կդառնա, երբ առանց փոփոխության, թարգմանաբար ներկայացնենք Հայաստանին վերաբերող առաջին պարբերությունը։ «Հայաստանի իշխանությունների գործելաոճը կարելի է բնութագրել Կարաբաս-Բարաբասի երգի բառերով՝ «Բուրատինոյի արկածները» ֆիլմից. «Դա, յա գոտով ունիզիցա…»։ Նշվում է նաեւ, որ չնայած Հայաստանն արդեն Ռուսաստանին է վաճառել էներգետիկայի ոլորտի գրեթե բոլոր ռազմավարական ձեռնարկությունները եւ հանձնել երկաթուղու կառավարման իրավունքը, սակայն ավելի պատրաստակամ երեւալու համար պատրաստ է ավելի հեռուն գնալ՝ հրաժարվել պետականության ատրիբուտներից մեկից՝ սեփական արժույթից։ Այս տեսակետը շրջանառվել եւ շրջանառվում է հայկական մամուլում, թեեւ իշխանությունները պարբերաբար հերքում են։ Ընդ որում, հերքմամբ հանդես եկողներից եւ տրամադրվելիք վարկի մասին դատողություններ անողներից շատերը, թերեւս, ծանոթ չեն վարկավորման պայմաններին։ Նաեւ պարզ չէ` ռուբլու գոտի մտնելը կարելի՞ է համարել «որեւէ այլ ոչ ֆինանսական պարտավորություն», թե՞ ոչ։ Սկզբունքային առումով, սակայն, խնդիրը ոչ թե կոնկրետ ռուբլու գոտի մտնելն է, այլ ընդհանրապես հետեւյալ հարցը՝ Հայաստանն ինչ-որ բան զիջելո՞ւ է, թե՞ ոչ։ Բոլորն են հիշում, թե ժամանակին ինչպես էր իշխանությունը կտրականապես հերքում, որ գազի 110 դոլար գնի դիմաց ՌԴ-ին ենք զիջելու ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ օբյեկտներ, եւ ի՞նչ պարզվեց հետո։

Հիմա իշխանությունները լռում են։ Թվում է՝ հաջողված բանակցությունների ավարտից անմիջապես հետո առաջին հերթին Ֆինանսների նախարարը պետք է ասուլիս տար եւ անթաքույց ուրախությամբ ներկայացներ արդյունքները։ Սակայն մի քանի օր շարունակ ոչ մի լիարժեք պաշտոնական տեղեկատվություն չհաղորդվեց, անգամ՝ ՌԴ Ֆինանսների նախարար Կուդրինի հայտարարությունից հետո (տրամադրվելիք վարկի մասին)։ Իսկ հիմա բավարարվել են ընդամենը ոչինչ չասող կարճ հաղորդագրությամբ։ Պարզ չէ՝ պատճառն այն է, որ ուրախանալու առիթ չկա՞, թե՞ պարզապես սա համեստության դրսեւորում է։ Ամեն դեպքում, գաղտնապահությանը կարելի է մի բացատրություն գտնել՝ վախը։ Եթե հայտարարեն տոկոսադրույքը, եւ այն բարձր լինի, ապա հայ հասարակությունը եւս մեկ անգամ հիասթափվելու առիթ կունենա թե՛ ՀՀ իշխանություններից, թե՛ մեր ռազմավարական գործընկերոջից։ Իսկ եթե վարկի պայմաններն իրոք մեղմ լինեն, ապա կասկածն ավելի է մեծանալու, որ մենք դրա դիմաց անպայման որեւէ կերպ փոխհատուցելու ենք։ Չէ՞ որ նույն գազի հարցում ՌԴ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք առաջնորդվում են զուտ շուկայական սկզբունքներով բոլորի հետ, այդ թվում՝ ռազմավարական գործընկերների։