Առաջին անգամ

11/02/2009

Մյունհենում տեղի ունեցած անվտանգության հարցերով գագաթաժողովի շրջանակում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանն առաջին անգամ հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչախմբի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Ըստ թուրքական «Միլիեթի», Մյունհենում Բաբաջանն առանձին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի, ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսի եւ Աֆղանստանում ու Պակիստանում ԱՄՆ վարչախմբի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուքի հետ: «Բայդենի հետ հանդիպումից պարզ դարձավ, որ երկու երկրների ընդհանուր արտաքին քաղաքականությունը շատ սերտացած եւ գրեթե նույնն է: Այդ պատճառով էլ երկու երկրների համար էլ կարեւոր է, որպեսզի Վաշինգտոնն ու Անկարան անվտանգության հարցերում գտնվեն ավելի մոտ խորհրդատվությունների եւ համագործակցության մեջ»,- ասել է նա` նշելով, որ ամերիկացի իրավասուների հետ հանդիպումներում Աֆղանստանի հետ կապված որեւէ հարց չի շոշափվել: