Ընդամենը երեք շաբաթ հետո ՀՀ Քրեական եւ Քրեադատավարական օրենսգրքերում դեռեւս անհայտ եւ տեղի չունեցած փոփոխությունները, ըստ իշխանության հայտարարությունների, պետք է ուժի մեջ մտնեն: Իսկ երկու օր հետո տեղի է ունենալու «7-ի գործով» հերթական դատական նիստը, որի համար էլ իրականում նախաձեռնվեցին այդ օրենսդրական փոփոխությունները:
Դժվար չէ ենթադրել, որ մինչեւ մարտի 1-ը, այսինքն` մինչեւ այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը կշարունակվի «7-ի գործով» դատական «պարապուրդը»: Եթե, իհարկե, այս անգամ քաղբանտարկյալները անակնկալ չմատուցեն ու դատավորի ներս մտնելու պահին ոտքի չկանգնեն, ինչն, իհարկե, բացառված չէ, բայց քիչ հավանական է: Բայց միեւնույն է, նույնիսկ այս դեպքում դատ՝ որպես այդպիսին, տեղի չի ունենա, քանի որ օրենսդրական փոփոխություններից հետո ամեն ինչ սկսվելու է նորից: Փաստորեն, Քրեական դատարանը, որտեղ ընթանում է «7-ի գործով» դատական նիստը, այլեւս գոյություն չի ունենալու, գործը փոխանցվելու է նոր ստեղծվելիք առաջին ատյանի դատարան: Ամենայն հավանականությամբ, գործը ետ կուղարկվի նախաքննական մարմնին` մեղադրանքը ՔՕ 225 եւ 300 հոդվածների փոփոխությանը հարմարեցնելու համար: Իսկ այս բոլոր ընթացակարգերն անցնելուց հետո «7-ի գործի» դատավարության երկրորդ մեկնարկը լավագույն դեպքում կտրվի մարտի կեսերին: Այնուամենայնիվ, այս «ֆունդամենտալ» փոփոխություններից ի՞նչ ակնկալիքներ ունեն «7-ի գործով» մեղադրվող քաղաքական գործիչների պաշտպանները, իշխանություններն ինչո՞ւ ձեռնարկեցին այս փոփոխությունները: Արդյո՞ք ակնկալիքներ կան, որ օրենսդրական այս փոփոխությունների արդյունքում, ոչ միայն «7»-ի, այլեւ մարտի 1-ի գործի հետ կապված բոլոր քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն: «Եթե դրա արդյունքում չպետք է ազատվեն, կարծես թե անիմաստ էր դառնում օրենքի փոփոխությունը: Նպատակը դա է, որքան էլ որ փորձում են ինչ-որ այլ ենթատեքստեր գտնել»,- ասում է Սասուն Միքայելյանի եւ Մյասնիկ Մալխասյանի պաշտպան Հովիկ Արսենյանը:
Հակոբ Հակոբյանի պաշտպան Մելանյա Առուստամյանն էլ, քանի դեռ չի տեսել, թե ինչ ձեւակերպումներ են ունենալու նոր օրենքները, չի ցանկանում մեկնաբանություններ տալ: Նա, սակայն, գտնում է, որ Քրեադատավարական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունը, որի համաձայն՝ դատավորն իրավունք ունի մեղադրյալին հեռացնել դահլիճից եւ նիստն առանց նրա շարունակել, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: «Ընդհանրապես չի կարելի առանց ամբաստանյալների դատական նիստ անել: Եվ եթե իրենք օրինակ են բերում եվրոպական դատարանների նախադեպերը, ապա նման իրավիճակով ներկայացվող որեւէ նախադեպ չկա: Դա դատավարություն չի լինի, կլինի հրապարակայնության ոտնահարում»,- կարծում է Մ.Առուստամյանը:
Ալեքսանդր Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ համաձայն է մամուլում հնչած այն հրապարակումների հետ, ըստ որոնց՝ Հայաստանի իշխանություններն այս փոփոխությունները նախաձեռնել են ԵԽ ԽՎ ճնշումների պատճառով: «Ցանկացած պայմաններում ես գտնում եմ, որ թե՛ Արզումանյանի, թե՛ մյուսների մեղքն ապացուցված չէ, եւ պետք է արդարացման դատավճիռ կայացվի: Հույսը նրա վրա չի դրվում, որ հոդվածները կփոխվեն, կմեղմացվեն, պատժաչափերը կփոխվեն եւ այլն»,- ասում է Լ.Սիմոնյանը:
Օրենսդրական այս նախաձեռնություններից քաղբանտարկյալների համար դրական ակնկալիքներ չունի նաեւ քաղբանտարկյալների իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը: Նրա կարծիքով` դրանք ընդամենը միտված են իրավիճակային լուծումների, «7-ի գործով» դատավարության փակուղային իրավիճակից ելք գտնելուն: «Ես կարծում եմ, որ իրենք 2 ծրագիր են անում` Քրդատօրի հետ կապված Դատական օրենսգրքի եւ ՔՕ հոդվածների հետ կապված` ընդամենը նոր պայմաններում նոր մեղադրանք առաջադրելու խնդիր են ուզում լուծել: Իմ կարծիքով, այս 2-ը մարտի սկզբին կհատվեն, մենք կունենանք նոր իրավիճակ ու այդ իրավիճակում կսկսենք նոր դատական պրոցես նոր պայմաններով: Ես այդքան լավատես չեմ եւ չեմ էլ կարծում, թե օրենքների փոփոխություններից հետո քաղբանտարկյալների ազատության հարցը կլուծեն: Անկախ ամեն ինչից՝ պաշտպանական խումբը գնալու է մինչեւ վերջ` Հայաստանում կանցնենք բոլոր ճանապարհներով, կդիմենք Սահմանադրական դատարան, հետո` Եվրոպական դատարան: Նոր օրենքների դեպքում կվիճարկենք իրավունքի սահմանափակումը: Եվրոպական դատարան կդիմենք ոչ միայն վճիռների, այլ նաեւ մինչ այդ տեղի ունեցած անարդար ակտերի մասով»,- ասում է նա: