Օրերս հայ հանրությունը տեղեկացավ փաստացի մի նոր երեւույթի: Պարզվում է, որ մեր քաղաքական կուսակցություններից մեկը` իշխող կոալիցիայի անդամ «Օրինաց երկիրը», գաղափարակիր հասարակական կառույցներ է բացում արտասահմանում: Հանրությանը հայտնի դարձավ, որ այդպիսի կառույցներ ՕԵԿ-ն արդեն ստեղծել է Գերմանիայում, Ֆրանսիայում եւ բոլորովին վերջերս էլ՝ Դուբայում:
Բնականաբար, հարց է առաջանում, թե ինչի համար են այդ հասարակական կառույցները, որոնք ստեղծվում են արտասահմանում: Բանն այն է, որ դրանք ստեղծում է մի կուսակցություն, որի նախագահը Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է: Իսկ եթե որեւէ կուսակցություն կառույցներ է ստեղծում արտասահմանում, թեկուզ հասարակական, դա ուղղակի կապ կարող է ունենալ Հայաստանի ազգային անվտանգության հետ: Համենայն դեպս, անհասկանալի է, թե ինչ է նշանակում՝ գաղափարակիր հասարակական կազմակերպություն, ինչպես որ վերջերս մամուլի ասուլիսի ընթացքում նշեց կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը: Այդ կառույցներն ինչ են անելու արտասահմանում:
Եթե դրանք գործունեություն են ծավալելու հայ համայնքի շրջանակներում, ապա հարց է առաջանում, թե ինչ գործունեություն: Եթե խնդիրը լինելու է հայապահպանությունը, ապա ի՞նչ կապ ունի այստեղ ՕԵԿ գաղափարակիր լինելը: Հետեւաբար, եթե խոսքը գաղափարակիր կառույցի մասին է, թեկուզ հասարակական, կնշանակի, որ այդ ամենն ունի քաղաքական երանգ: Հետեւաբար, խոսքը կարծես թե գնում է այն մասին, որ Հայաստանի քաղաքական ուժը քաղաքական գործունեություն է ծավալում արտասահմանում: Սա կամ նշանակում է, որ ՕԵԿ-ը դրսում աճեցնում է գունավոր հեղափոխության սերմեր, հայտնի չէ՝ թե ուր, գուցե Հայաստան տեղափոխելու համար: Կամ էլ, եթե նույնիսկ դրանք Հայաստան չեն տեղափոխվելու, միեւնույն է, կրկին գործ ունենք մեր անվտանգությանն ուղղված սպառնալիքի հետ, որովհետեւ թե՛ Գերմանիայի, թե՛ Ֆրանսիայի եւ թե՛ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունների մոտ կարող է ինչ-որ պահի հարց առաջանալ, թե ինչ նպատակով են տեղի հայ համայնքներում ստեղծվում ՕԵԿ գաղափարակիր հասարակական կազմակերպությունները: Իսկ նկատի ունենալով, թե Հայաստանում ինչ պաշտոն է զբաղեցնում ՕԵԿ նախագահը եւ նաեւ այն, որ ՕԵԿ-ը փաստացի իշխող կուսակցություն է, պարզ է դառնում, որ կարող է առաջանալ նույնիսկ միջպետական աղմուկ, կամ առնվազն Հայաստանը կարող է հայտնվել խոցելի վիճակում, քանի որ կարող է ստիպված լինել ավելորդ բացատրություններ տալ Ֆրանսիային, Գերմանիային կամ ԱՄԷ-ին:
Դե, իսկ այն, որ ՕԵԿ կոալիցիոն գործընկերներին այդ հարցը պետք է մտահոգի Ֆրանսիայից, Գերմանիայից եւ ԱՄԷ-ից առաջ, երեւի թե ավելորդ է նույնիսկ ասելը: Իհարկե, դատելով նրանց հրապարակային հայտարարություններից, այդ հարցը նրանց կարծես թե այնքան էլ չի մտահոգում: Դաշնակցության պարագայում ամեն ինչ հասկանալի է: Այդ կուսակցությունն այդ առումով խոցելի է, քանի որ բազմաթիվ կառույցներ ունի արտերկրում: Այսինքն, այդ տեսանկյունից ՕԵԿ-ը նույնիսկ անփորձ երիտասարդ է Դաշնակցության համեմատ: Սակայն «Բարգավաճ Հայաստանի» եւ Հանրապետական կուսակցության լռությունը զարմանալի է: Մի՞թե այդ կուսակցություններին չի մտահոգում, որ Հայաստանի իշխող քաղաքական ուժերից մեկը, եւ այն էլ՝ այն մեկը, որ զգալի պատասխանատվություն ունի, համենայն դեպս, ֆորմալ առումով, ազգային անվտանգության հարցերի կապակցությամբ, գործունեություն է ծավալում եւ գաղափարակիր կառույցներ է հիմնում արտերկրում:
Մյուս կողմից, թերեւս, Բարգավաճն ու Հանրապետականը երեւի թե ամեն ինչ շատ ավելի լավ գիտեն, քան հասարակությունը, եւ շատ լավ գիտեն նաեւ ՕԵԿ-ին ու հասկանում են, որ մտահոգվելու պատճառ իրականում չկա: Պարզապես ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն թերեւս համոզված են, որ այդ գաղափարակիր կառույցներ ասվածն ընդամենը զբոսաշրջային ախորժակը քողարկելու համար է: Օրինակ, է՞լ ինչով էր հնարավոր արդարացնել կամ պատճառաբանել ՕԵԿ վերնախավի այցելությունը Դուբայ եւ այնտեղ թանկարժեք հյուրանոցում հաստատվելու հանգամանքը: Այնպես որ, գուցե մոտ ապագայում ՕԵԿ գաղափարակիր կառույցներ սկսեն ձեւավորվել, ասենք, Ակապուլկոյի, Շարմ էլ Շեյխի, Հոնկոնգի եւ աշխարհի շատ այլ գեղեցիկ եւ հրապուրիչ քաղաքների հայ համայնքների շրջանակներում: Պետք չէ անհանգստանալ, դրանք պարզապես առիթ են, որպեսզի ՕԵԿ վերնախավն արդարացնի իր այցելություններն այդ համայնքներ: Դա բացարձակապես սպառնալիք չէ, դա ընդամենը հաճույք է, որ պարգեւում է իշխանական ուժի կարգավիճակը, եւ որը անհրաժեշտ է ազգային անվտանգության հոգսերի արանքում մի փոքր լիցքաթափվելու համար:
Ջեյմս ՀԱԿՈԲՅԱՆ
lragir.am