Զգուշացեք էժան քիմիայից

03/07/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Պատկերացնում եմ, թե ինչպես կզարմանաք, երբ Հայաստանի խանութներից գնեք
լվացող հեղուկ եւ պիտակի վրա կարդաք հետեւյալ մակնիշումը՝ ՓսԵՆ փտսՏ ՍՊը
եւ Ք.ԵՐԿան-ԲեՐդԻ 28: Բավական տարօրինակ հերթագայությամբ այդ բառախումբը
եւ Երեւանում գոյություն չունեցող այդ հասցեն «Tage» եւ «Tara» լվացող
հեղուկների 500 մլ-անոց տարայի պիտակի վրա է գրված: Արտադրության ժամկետը
սակայն նշված չէ: Պարզեցինք, որ այս հեղուկը, նաեւ նույն անվանումն
ունեցող փոշին արտադրվում է Արին Բերդի 28 հասցեում, եւ ընկերության
տնօրենն ազգությամբ պարսիկ Ալի Ղոդրաթին է: Որոշեցինք տեղեկանալ ու
սպառողներին տեղեկացնել, թե ով եւ ինչ պայմաններում է արտադրում այս
ապրանքը: Բավական երկար ժամանակ պահանջվեց, մինչեւ մեզ հաջողվեց
հեռախոսազրույց ունենալ աղայե Ղոդրաթիի հետ. նա կամ քաղաքում չէր, կամ էլ
զբաղված էր: Իսկ հեռախոսավարուհին այսպես պատասխանեց. «Ես գիտեմ, որ
լրագրողը շատ կարեւոր բան է եւ չեմ ուզում ձեզ հետ խոսել»: Նույն կերպ
վարվեց նաեւ աղայե Ղոդրաթին:
– Ես չեմ ուզում հանդիպել ձեզ հետ,- պատասխանեց նա:
Աղայե Ղոդրաթին մեզ թույլ չտվեց այցելել իր գործարան: Պարսիկ գործարարի
անհյուրընկալությունից հուսահատված եւ ստեղծված խորհրդավոր իրավիճակը
պարզելու նպատակով դիմեցինք մեր պետական կառույցների օգնությանը: Առեւտրի
եւ տնտեսական զարգացման նախարարության համապատասխան վարչության պետ Ռոբերտ
Դայանը խոստացավ, որ իրենց մասնագետները շուկայում ուսումնասիրություններ
կկատարեն եւ կպարզեն, թե դա ինչ ապրանք է: Մոտ 20 օր հետո դիմեցինք նույն
նախարարության Որակի տեսչությանը: Պետի տեղակալ Գեւորգ Գյոզալյանը հիշեց,
որ իրենց մասնագետներն անցած տարի այս գործարանում ստուգումներ արել են,
հայտնաբերել են խախտումներ եւ արտադրողին տուգանել են: Նրա կարծիքով՝ հիմա
նույն արտադրողը պիտի որ իր գործունեությունը կազմակերպի պահանջվող
տեխնիկական նորմերին համապատասխան: Սա՝ պարոն Գյոզալյանի կարծիքով: Որակի
տեսչությունից դուրս գալուց անմիջապես հետո այս ապրանքից մենք
հայտնաբերեցինք մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարեւանությամբ գտնվող
«Դերունց բար» ՍՊԸ խանութում եւ մի շարք այլ խանութներում: Ստացվում է, որ
արտասահմանցի գործարարը մեր պետական այրերին ու նրանց զգուշացումներին
լուրջ չի վերաբերվում, եւ մեր երկրում մեր օրենքները նրան բոլորովին չե՞ն
հուզում: Իսկ միգուցե մեր օրենքները չեն հուզում նաեւ մեր պետական
այրերի՞ն: Թերեւս արտասահմանցի գործարարը մեր օրենքները խախտելիս այսքան
հանդուգն չլիներ, եթե տեղական աջակցություն չունենար:
Ինչեւէ, մենք մեր պետական կառույցներից փորձեցինք պարզել, թե լվացող ու
մաքրող պարագաների արտադրության ու ներմուծման ոլորտում ինչպիսի
վերահսկողություն կա: Ուղղակի հիշեցնենք, որ այս ապրանքատեսակի
բաղադրությունը կազմված է քիմիական տարբեր նյութերից: Այդ նյութերի
չափաբաժինը եթե չի համապատասխանում պահանջվող տեխնիկական նորմերին,
անպայման ալերգիկ եւ հիվանդածին հետեւանքներ է թողնում: Վերահսկող
կառույցների մասնագետներից տեղեկացանք, որ նախ արտադրողն ինքն է պարտավոր
ապահովել իր արտադրանքի անվտանգությունը:
– Դրանից հետո արտադրանքը պետք է անցնի համապատասխան հավաստման
պրոցեդուրայով,- բացատրում է պետական Հիգիենիկ եւ հակահամաճարակային
հսկողության տեսչության գլխավոր մասնագետ Նունե Բակունցը: -Այսինքն,
արտադրողը հայտարարում է, որ իր ապրանքն ունի այս, այս ցուցանիշները, եւ
ինչ-որ մի անկախ մարմին պետք է հաստատի, որ դա իրոք այդպես է,
համապատասխանում է բոլոր ցուցանիշներին: Համապատասխանության հավաստման
փաստաթուղթը տալիս է Առեւտրի եւ տնտեսական զարգացումների նախարարությունը:
– Այդ ապրանքատեսականին պարտադիր սերտիֆիկացման ցանկում է,- ասում է այդ
նախարարության ներկայացուցիչ պարոն Գյոզալյանը: -Սերտիֆիկացնում են
պետական եւ մասնավոր անկախ մարմինները: Տեղական արտադրության դեպքում այդ
գործը պատվիրում է արտադրողը: Ներմուծման դեպքում ներմուծողն է պարտավոր
դա կատարել: Խախտումներ հայտնաբերելու դեպքում ապրանքը մաքսային
համապատասխան ձեւակերպում չի ստանում, եւ թույլ չի տրվում ներմուծել եւ
իրացնել Հայաստանի շուկայում: Մենք կանխարգելող մարմին ենք՝ ստուգում ենք,
եթե ապրանքը չի համապատասխանում տեխնիկական կանոններին, պահանջում ենք
թերությունը վերացնել: Իսկ եթե թերությունը հնարավոր չի վերացնել,
արգելում ենք իրացումը:
Տվյալ դեպքում որակի տեսչությունը կարող է արտադրողին ու վաճառողին նորից
տուգանել, ինչպես անցյալ տարի, բայց չի բացառվում որ նույն ապրանքը նույն
խախտումներով շարունակի մնալ շուկայում:
Ի դեպ, մաշկային բժիշկների հավաստմամբ՝ վերջին տարիներին լվացող
պարագաների պատճառով ալերգիկ երեւույթներն ավելացել են: Սակայն
սպառող-բժիշկ-պետական վերահսկող կառույց-արտադրող կամ իրացնող կապ
գոյություն չունի: Նրանցից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսներին:
Մի նկատառում եւս, Հայաստանում իրացվող այս ապրանքատեսականու գերակշիռ
մասը ներմուծվում է Պարսկաստանից կամ տեղում արտադրվում է պարսիկ
գործարարի կողմից: Վկա է Ալի Ղոդրաթին: Պարսկական ապրանքն անվճարունակ հայ
սպառողին գրավում է էժանությամբ: Այսպիսի էժանություն կարելի է ապահովել
կամ պետական հարկերն ու տուրքերը շրջանցելով, կամ էլ ապրանքի ցածր որակով:
Տվյալ դեպքում հնարավոր է՝ նաեւ անվտանգության կանոնների խախտմամբ:
Էժանագին այս ապրանքներից է օգտագործում մեր երկրի սպառողների
մեծամասնությունը, չի բացառվում՝ նաեւ բանակը: