Որ քորելուց չնկարեն

11/02/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Մարտի 1-ին մեծ ընդհարումներ, կռիվ-ղալմաղալ, Ոստիկանության հետ իրար վրա քար շպրտելու գործողություններ չեն լինելու: Ինտուիտիվ գուշակելով, կարծում եմ, որ նման սրացումներ չեն լինի, եւ երկկողմանի զերծ կմնան ավելորդ բաներից»:

Երեկ հրավիրված ասուլիսում նման կանխատեսում է արել ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` քիչ անց հակասելով ինքն իրեն: «Հանրահավաքներն ու երթերը, երբ կազմակերպվում են քաղաքական շարժառիթներով, շատ անկանխատեսելի են: Մինչեւ հիմա գիտությանը անհայտ է, թե ինչպես է լինում, որ մարդիկ առանձին-առանձին մի բան են ասում, հավաքվում են մի քանի տասնյակ հազարներով` բոլորովին ուրիշ երեւույթներ են տեղի ունենում: Գիտությունը չի կարողանում պարզել, թե ինչպես է, որ մի մեծ ամբոխը դառնում է մեկ մարդու գիտակցություն, եւ մի քանի հոգու կոչով անում են այն, ինչ որ պահանջվում է»,- իր գիտական պրպտումների արդյունքը հրապարակեց ՀՀԿ-ի մտքի տիտանը: «Դրա համար ասում ենք, որ ինչքան քիչ հավաքվեն, զերծ մնան այդ միտինգներից, այնքան ավելի լավ»,- նեղսրտած ասաց ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալի համարում ունեցող Ռ.Զոհրաբյանը: Հետաքրքիր է, որ նա, այդպես էլ չպատկերացնելով ժողովրդավարության ամենակարեւոր տարրերից մեկի` հանրահավաքների կարեւորությունը, միաժամանակ խոստովանում է, որ ընդդիմությունը եթերից զրկված է: Ռ. Զոհրաբյանի մյուս «դատողությունները» վերաբերում էին «Յոթի գործով» դատավարությանը: «Քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածների փոփոխություններն այդ մարդկանց շոու կազմակերպելու հնարավորությունից զրկելու նպատակ են հետապնդում»,- հայտարարեց նախկին քաղբանտարկյալը: «Ես կողմնակից եմ լարվածության թուլացմանը, խնդրագրերի միջոցով ներումներին, նաեւ համաներմանը, բայց այս դատավարությունը պետք է կայանա, որովհետեւ այնտեղ մարդիկ կան, որ քրեական հանցագործություն են արել, մարդիկ կան` ընդամենը մասնակցել են միտինգին եւ կոչեր են արել. այս տարանջատումը պետք է տեղի ունենա հենց այդ փոփոխություններով»,- շարունակեց Ռ. Զոհրաբյանը: «Քանի որ գործը քաղաքականացել է, իսկ մենք կողմ ենք ընդդիմության հետ հարաբերություններում լարվածության թուլացմանը, ՀՀ նախագահը կարող է նաեւ համաներում հայտարարել` քաղաքական լարվածությունը հանելու համար: Ինչ-որ եղել՝ եղել է, իրենք բողոքել են, որ կեղծ ընտրություններ են եղել: Ի վերջո, հո այդ մարդիկ այս երկրի հավերժ թշնամին չե՞ն»,- մեծահոգաբար հարցրեց ՀՀԿ փոխնախագահը: Այդ հարցադրումից կարելի՞ է ենթադրել, որ հիմա քաղբանտարկյալները, իր կարծիքով, թշնամիներ են, բայց հետո կարող են թշնամիներ չլինել: «Ես նկատի ունեի, որ այդ մարտի մեկի ընդհարումները, որը իսկապես թշնամական էր, որովհետեւ մարդիկ զոհվեցին, բնականաբար, վերաբերում է երկկողմանի թշնամանքին, միակողմանի չեմ ասում: Դե, եթե դու հարվածում ես ոստիկանին, նա էլ, ոնց որ թե, բնական ռեակցիա կա, քեզ պետք է հարվածի»,- իր կարծիքով՝ պատասխանեց Ռ. Զոհրաբյանը: Իսկ հնարավո՞ր է, որ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխությունների արդյունքում քաղբանտարկյալներն ազատ արձակվեն: «Իշխանությունները տղայական պահվածքով չեն առաջնորդվում, թե՝ ասել ենք, ուրեմն վերջ: Եթե իսկապես չկան հիմնավոր ապացույցներ, նույնիսկ կարելի է մարդկանցից ներողություն խնդրել եւ հատուցում տալ: Երբ որ 1990թ. Գերագույն դատարանը ԱՄԿ-ի գործով մեր դատավարությունները համարեց անհիմն եւ մեզ արդարացրեց, ես նույնիսկ մի փոքր հատուցում եմ ստացել»,- ասաց Ռ. Զոհրաբյանը: Սերժ Սարգսյանի նկատմամբ վստահությունը հանրության մեջ ընտրվելուց հետո բարձրացե՞լ է, թե՞ ոչ: «Դե, Սերժ Սարգսյանի վարկանիշը, այն օրերի համեմատ, երբ գնում էր այդ հանրահավաքները, բողոքները, ըստ իս, փոփոխվել է, եւ այս զիջումները` թե՛ դատավարության հոդվածների փոփոխության, թե՛ խնդրագրերով ներումներին եւ հետագա սպասվող այլ միջոցառումներին պետք է որ բարձրացնեն Սերժ Սարգսյանի իմիջը հասարակության մոտ, որ մարդը գնում է զիջումների»,- պատասխանեց Ռ. Զոհրաբյանը: Իսկ արդյո՞ք ՀՀԿ-ում քննարկվում են Ռոբերտ Քոչարյանի վերադարձի կամ Գագիկ Ծառուկյանի վարչապետ դառնալու հետ կապված սցենարները, ինչի մասին վերջերս շատ է խոսվում: «Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը բավարարում է մեզ: Մեզ (նկատի ունի ՀՀԿ-ին.- Հ.Մ.) բավարարում է նաեւ Հանրապետության նախագահը ու ԱԺ-ն»,- պատասխանեց նա: Վերջերս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մի որոշում էր ընդունել, որի համաձայն՝ լրագրողներն ԱԺ նիստերի ժամանակ պատգամավորներին առջեւից կարող են լուսանկարել միայն առաջին 30 րոպեների ընթացքում: «Անձամբ ես, ասենք, վեց ժամ նստելուց կարամ հոգնեմ, չգիտեմ, ասենք` գլուխս քորել կամ մի այլ տեղ քորել, եւ դա նկարեն-ցույց տան. մի քիչ անհարմար է: Այնպես որ, ես կողմ եմ դրան»,- իր համաձայնությունը ԱԺ նախագահի որոշմանը հայտնեց Ռ. Զոհրաբյանը: