Քիչ թե շատ բարեկիրթ մարդու համար անգամ առանց երկար մտորումների էլ հասկանալի է, թե ինչու չէր կարելի 85-ամյա, թեկուզեւ աշխարհահռչակ, թեկուզեւ արմատներով հայ Շառլ Ազնավուրին առաջարկել աշխատել որպես Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: Մեծ շանսոնյեի պատկառելի տարիքն ակնարկում ենք այն առումով, որ գոնե 85 տարեկան այդ մարդուն Հայաստանը` ի նշան հայրենիքի հանդեպ նրա ծառայությունների, խնայեր եւ փորձեր հանգիստ թողնել: Սակայն, պարզվում է, ոչ. նա մինչեւ խոր ծերություն պարտականություններ ունի հայրենիքի հանդեպ, քանի որ՝ ա) ծագումով հայ է, բ) նրան հայրենիքը շնորհել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ գ) Ազգային հերոսի կոչում: Հետեւաբար՝ նրանից պետք է կորզել հնարավորը, այս դեպքում` բարի անունն ու հեղինակությունը:
Ազնավուրի կարգի մարդկանց նման առաջարկ անելուց առաջ հարկ էր մտածել` առաջարկն ընդունելով՝ նա իր հեղինակությունն ավելացնելո՞ւ է, թե՞ հակառակը: Խնդիրն այն է, որ Շառլ Ազնավուրին արած այս առաջարկի հեղինակը ոչ թե «մի խումբ հայ մտավորականներն» են, ովքեր իրենց մեծանուն հայրենակցին թախանձագին խնդրում են փրկել Հայաստանի միջազգային վարկը սեփական հեղինակությամբ, այլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մեզ` հայերիս, թվում է, թե նման կարգի առաջարկներով մենք շոյում ենք աշխարհահռչակ մեր հայրենակիցների ինքնասիրությունը: Սակայն Ազնավուրը հերթական անգամ ցույց տվեց` թող որ առաջացած տարիքին, սակայն մեծ տաղանդի ու լրջության տեր մարդը կարող է անհամեմատ բանական եւ սթափ լինել նրանցից, ովքեր գոնե պաշտոնի բերումով են պարտավոր լինել: Ինչպես եւ ակնկալվում էր, ՀՀ նախագահի աշխատանքի առաջարկին հետեւել է մեծ շանսոնյեի խիստ բարեկիրթ մերժումը: «Վերջերս Հայաստանի նախագահն ինձ առաջարկեց Հայաստանի դեսպանը լինել Ժնեւում: Ես շատ հպարտ զգացի, այդ օրը երջանիկ էի: Սակայն հաջորդ օրը նկատեցի, որ եթե ընդունեմ առաջարկը, պիտի կորցնեմ ազատությունս: Եթե Հայաստանի կառավարության որեւէ որոշում ինձ դուր չգա, պիտի վատ զգամ: Ես չեմ կարող կորցնել ազատությունս` մի պատվավոր կոչման համար»: Ահա այսպես է իր մերժումը հիմնավորել Ազնավուրը` իսպանական «El Pais» թերթին տված իր հարցազրույցում:
Կա մի ազգային առանձնահատկություն, որից, բարեբախտաբար, զերծ են սփյուռքահայ մեր հայրենակիցները` նրանք չունեն մեծ մարդկանց մեծարելու պարզունակության, ռաբիսության այն աստիճանը, որը հատուկ է տեղացիներիս, հատկապես՝ մեր բարձրաստիճան պաշտոնյաներին: Արժանապատիվ հարգանքը Ազնավուրի հանդեպ կարելի էր ցուցադրել նրա` 1988 թվականի երկրաշարժից հետո աղետի գոտուն տրամադրած միջոցների ազնիվ ու արդար բաշխումով: Իսկ ի՞նչ կատարվեց, եթե հիշում եք: Ազնավուրը, ինչպես գրեցին այդ ժամանակ թերթերը, եւ ինչպես պատմում էին ականատեսները, սթրեսի մեջ էր` լսելով, թե հայ պաշտոնյաներն ինչպես են զբաղված դրսից եկած օգնությունը բաժան-բաժան անելով, կարիքավորներին խաբելով, ինչպես են անօգնականությունից եւ անզորությունից չարացել իր` Ազնավուրի այնքան սիրելի հայրենակիցները եւ օգնություն ստանալու համար ինչ նսեմ միջոցների կարող են դիմել:
Այսինքն` մենք, ի նշան մեր մեծ հայրենակցի հանդեպ մեր հարգանքի, կարող էինք անել այնպես, որ Ֆրանսիայում կամ աշխարհի ցանկացած վայրում, նախեւառաջ` Հայաստանում, մեր` հայաստանցիներիս ներկայությամբ նա չլարվի, ինչպես եղավ տարիներ առաջ` իր գրքի շնորհանդեսի ժամանակ: Թեեւ իր ժպիտով եւ մուգ ապակիներով ակնոցով նա հաճախ էր ստիպված լինում թաքցնել իր հիասթափությունը:
Հետեւաբար, վստահորեն կարելի է ասել, որ կոնկրետ Ազնավուրի կարգի մարդկանց ինքնասիրությունն ամենեւին չի շոյվում, երբ ներկա է գտնվում սեփական կիսանդրու բացման արարողությանը, սեփական անունով հրապարակի բացմանը (ի դեպ, թե՛ մայրաքաղաքում, թե՛ Գյումրիում), սեփական անունով դպրոցի բացմանը կամ երբ շփվում է իրենց սիրալիրություններով ձանձրացնող կպչուն պաշտոնյաների հետ: Եվ վստահորեն կարող ենք ասել, որ նրա համար ամենեւին էլ մեծ պատիվ կամ մեծ մխիթարանք չէ այս տարվա փետրվարի 5-ին ՀՀ կառավարության որոշումը, ըստ որի` որոշվել է 2009թ. կառավարության պահուստային ֆոնդից 300 միլիոն դրամ հատկացնել Երեւանի քաղաքապետարանին` Երեւանում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցման համար: Ի դեպ, այս տարի Շառլ Ազնավուրին մեծարել է սպառնացել նաեւ Սփյուռքի նախարարությունը:
Իսկ եթե հիշենք Բուլգակովի հայտնի ստեղծագործությունը, ապա պարզ է մեկ բան` Շառլ Ազնավուրն իր կենսագրությամբ, ստեղծագործություններով եւ անսահման բարությամբ վաստակել է ՀԱՆԳՍՏԻ իրավունք: Հանգիստ` առաջին հերթին մեզնից` հայաստանցիներիցս:
Ի դեպ, այս հրավերը Ազնավուրին` 85 տարեկանում զբաղվելու դիվանագիտական աշխատանքով` «ի շահ եւ ի փառս հայրենիքի», ցույց է տալիս, թե որքան շողոմ են մեր իշխանությունները փող եւ համաշխարհային հեղինակություն վայելող իրենց անգամ 85-ամյա հայրենակիցներին աշխատանք եւ պատիվներ առաջարկելու հարցում, եւ որքան ոչնչացնող է նրանց վերաբերմունքը սեփական քաղաքացիների հանդեպ: Մենք, ճիշտ է, բնավ Ազնավուր չենք, սակայն դա թո՞ւյլ է տալիս, որ 50-ամյա ուսուցչուհին համարվի զառամյալ եւ աշխատանքի համար ոչ պիտանի, 55-ամյա տղամարդու համար աշխատանքի գործակալությունները, լավագույն դեպքում, առաջարկում են պահակի աշխատանք: Որ անգամ 35 տարեկանը Հայաստանում աշխատանքի ընդունվելու համար կրիտիկական տարիք է:
Ավելորդ է նշել, թե ինչու չի կարելի մարդուն ձանձրացնել անընդհատ եւ ոչ տեղին ուշադրությամբ, եւ թե ինչ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ մարդկային այդ հատկությունը հենց շողոմ եւ կպչուն չինովնիկների դեպքում: Այդ մասին առավել հանգամանորեն գրել է Գոգոլը` «Չինովնիկի մահը» ստեղծագործությունում:
Հ.Գ. Թեեւ Քըրք Քըրքորյանն իսպանական «El Pais» թերթին հարցազրույց չի տվել, սակայն բնավ չի կարելի բացառել, որ նա ստացել, սակայն մերժել է Լաս Վեգասում ՀՀ հյուպատոս աշխատելու առաջարկը: