Ղարաբաղի եւ Թուրքիայի մասին

11/02/2009

Անվտանգության քաղաքականության հարցերով 45-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Մյունհենում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի, հանդիպման ընթացքում Ս. Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Եվրամիության «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգում» (GSP+) Հայաստանի ներգրավումը կխթանի առեւտրատնտեսական փոխգործակցությունը երկու երկրների միջեւ: Քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Անգելա Մերկելի խնդրանքով Ս. Սարգսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը, անդրադարձել արագ արձագանքման կոլեկտիվ ուժեր ստեղծելու մասին ՀԱՊԿ-ի Կոլեկտիվ անվտանգության խորհրդի մոսկովյան որոշմանը: Գագաթաժողովում ունեցած ելույթում Ս. Սարգսյանն անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին:

«Մենք կռվելուց չենք վախենում, բայց մենք պատերազմ չենք ուզում»,- հայտարարել է նա «Անկայունության կառավարում. Հարավային Կովկասի տարածաշրջան եւ Արեւմտյան Բալկաններ» խորագրով քննարկման ժամանակ: Արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի դիտարկմանը, ըստ որի` ՀՀ նախագահի ելույթում հնչած` տարածաշրջանը խաղաղության եւ համագործակցության խաչմերուկի վերածելու անհրաժեշտության մասին հայտարարությունը հնարավոր չէ իրագործել, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` Ս. Սարգսյանը նշել է. «Ես իմ ելույթում որեւէ պետության անուն չեմ տվել, Հայաստանից բացի, եւ եթե ելույթում հնչած «ռազմական հռետորություն», «սպառազինությունների մրցավազք», «ապակառուցողական մոտեցումներ» հասկացություններն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը վերագրում է իր երկրին, ես կարծում եմ, որ նա, ամենայն հավանականությամբ, իրավացի է: Նա իրավացի չէ մեկ այլ հարցում, երբ փորձում է իր եւ իր պետության անունից պայմաններ թելադրել Հայաստանին: Կարծում եմ, որ արդարացի չէ խոսել ագրեսիայի մասին, երբ անկախացած Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանն իրոք ագրեսիա սկսեց իրականացնել, եւ որպեսզի ռազմական գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չբնաջնջվի, ծառս եղավ եւ կարողացավ ինքն իրեն պաշտպանել` այդ ընթացքում, անշուշտ, գրավելով որոշակի տարածքներ, որտեղից ամեն օր հարյուրավոր ռումբեր էին թափվում ծերերի, երեխաների, կանանց վրա: Մի՞թե այդ մարդիկ մեղավոր են, որ կարողացել են չբնաջնջվել, ու հիմա էլ եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, եւ Հայաստանն ասում են` նստենք բանակցային սեղանի շուրջ, միջազգային բոլոր չափանիշների, սկզբունքների հիման վրա բանակցենք եւ գանք խաղաղ լուծման»,- ասել է Ս. Սարգսյանը: Նշենք, որ ելույթ ունենալով Մյունհենյան անվտանգության խորհրդաժողովի ժամանակ, Ս. Սարգսյանն ասել էր, որ «տարածաշրջանում յուրաքանչյուր անզգույշ խոսք, յուրաքանչյուր չհաշվարկված քայլ հղի է անկանխատեսելի հետեւանքներով, եւ, որ սպառազինությունների մրցավազքը, ռազմական բյուջեի շեշտակի ավելացումը, ռազմատենչ հայտարարությունները շիկացնում են մթնոլորտը, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է սադրանքների, գործողությունների եւ այնպիսի իրավիճակների, որոնք, ինչպես սովորաբար լինում է, կարող են դուրս գալ այդ մթնոլորտի ստեղծման համար պատասխանատուների հսկողությունից»: Իսկ մեկնաբանելով Հարավային Կովկասում նոր էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերի մշակման անհրաժեշտության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը` Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «պատասխանը շատ պարզ է. Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը օկուպացված տարածքներից, եւ դա հսկայական հնարավորություններ կբացի տարածաշրջանի կայունացման, տնտեսական զարգացման եւ բարգավաճման համար»:

Ի պատասխան՝ Ս. Սարգսյանն ասել է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը «ճիշտ չէ իր պայմանները Հայաստանին մշտապես թելադրելու ձգտման մեջ»: Ս. Սարգսյանն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին` նշելով, որ հայ-թուրքական երկխոսությունը «ճիշտ ուղով է ընթանում, եւ եթե այդ ընթացքը շարունակվի նույն ոճով, կարծում եմ, արդեն տարվա երկրորդ կեսին մենք կարող ենք խոսել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նոր որակի մասին»: Այդ մասին նա ասել է՝ պատասխանելով անվտանգության քաղաքականության հարցերով Մյունհենյան կոնֆերանսի մասնակիցների հարցերին: Քննարկումներին մասնակցող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանն էլ ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «լիովին կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը»: «Երբեմն բանակցությունների ընթացքում կողմերից մեկին կարող է թվալ, որ նա չափազանց շատ է զիջել, սակայն մենք փորձում ենք ուշադրություն դարձնել ոչ թե առանձին նյուանսներին, այլ` դիտարկել ամբողջ պատկերը»,- ասել է Ալի Բաբաջանը: