Նկարում պատկերված տեսարանն ամենեւին էլ Նուբարաշենի աղբավայրը չէ: Նուբարաշենի աղբավայրից չտարբերվող այս պատկերը լուսանկարել ենք «Կարմիր բլուր» գերեզմանատան հարակից տարածքում: Գերեզմանատան տարածության շարունակությունն ամբողջովին պատված է աղբով:
Դժվար չէ պատկերացնել այն մարդկանց հոգեվիճակը, ովքեր այցելում են «Կարմիր բլուր»` հանգուցյալների մահը սգալու, եւ ականատես են լինում գերեզմանատան, մեղմ ասած, նողկալի, հակահիգիենիկ տեսարանին: Տեւական ժամանակ է, ինչ «168 Ժամ» թերթի խմբագրությունն ահազանգեր է ստանում ինչպես գերեզմանատան այցելուներից, այնպես էլ` տարածքի բնակիչներից, ովքեր խնդրում են հետամուտ լինել եւ պարզաբանել, թե ինչու Շենգավիթի թաղապետարանն այդ տարածքում պատշաճ աղբահանություն չի կատարում: Ի դեպ, գերեզմանատանը հարող տարածքում կրթական հաստատություն կա, իսկ մի քանի մետր հեռավորության վրա սեփական տներով թաղամաս է: Տեղի բնակիչները վստահեցնում են, որ հսկայական այդ թաղամասում բացակայում են աղբամանները, հետեւաբար սանմաքրման աշխատանքները կատարվում են զանգային մեթոդով: Մինչդեռ, աղբատար մեքենաները հայտնվում են հազվադեպ, եւ նրանք ստիպված են լինում շաբաթներով կուտակած աղբը թափել ամայի տարածության մեջ, այսինքն` «Կարմիր բլուր» գերեզմանատան հարակից տարածքում: Շենգավիթի թաղապետարանի Կոմունալ բաժնի պետ Ամատունի Գեւորգյանին չզարմացրեց «Կարմիր բլուրի» վերաբերյալ մեր հարցադրումը, քանի որ ստեղծված հակասանիտարական իրավիճակի մանրամասներին վերջինս լավ տիրապետում էր: Ա. Գրիգորյանը մեզ վստահեցնում էր, որ շաբաթը երկու անգամ թաղամասում շրջում է աղբատար մեքենան, որը զանգային մեթոդով աղբահանություն է կատարում: Թաղամասում աղբամաններ չեն տեղադրվում այն պատճառով, որ` «Աղբամանները դատարկող մեքենաները քիչ են, դա հատուկ տեխնիկա է, որն աղբամանը բարձրացնում, դատարկում է: Դրա համար էլ այնտեղ զանգային մեթոդով է աղբահանություն կատարվում»: Մեր դիտարկմանը, թե թաղամասում շաբաթներով աղբահանություն չի կատարվում, ինչի պատճառով տեղի բնակիչներն իրենց աղբը թափում են գերեզմանատան հարակից տարածքում` վերջինս պատասխանեց. «Կարծեմ էսօր գերեզմանատան տարածքում պիտի աղբահանություն կատարած, մաքրած լինեն: Կամ` երեկ են մաքրել»: Այնուամենայնիվ, մենք մեկ շաբաթից ավելի նույն տեսարանի ականատեսն ենք եղել, ավելին` լուսանկարները կատարվել են ոչ թե մեկ, այլ մի քանի օրերի ընթացքում: Ա. Գրիգորյանը մեզ հետ զրույցի ընթացքում կապվեց սանմաքրման աշխատակիցների հետ եւ համոզվեց, որ, ըստ էության, այնտեղ աղբահանություն չի կատարվել: Նա վստահեցրեց, որ իսկույնեւեթ այնտեղ կմաքրեն: «Մենք դիմել ենք Մշակույթի նախարարություն, քանի որ «Կարմիր բլուրը» պատկանում է Հուշարձանների վարչությանը եւ քաղաքապետարանին, որպեսզի այդ տարածքը պարսպապատեն, եւ բնակիչներն այլեւս չկարողանան աղբ թափել»,- ասաց Ա. Գրիգորյանն, ում այս բացատրությունը, մեղմ ասած` ծիծաղելի է, քանի որ խնդիրը թաղապետարանի վատ աշխատանքի արդյունքն է: Մարդիկ զրկված են աղբ թափելու տարրական հնարավորությունից, հետեւաբար՝ ամայի տարածք են փնտրում ամենօրյա աղբից ազատվելու համար: Թաղապետարանում հավանաբար դիզվառելիքի գումարներ են տնտեսում, իսկ մարդիկ հայտնվել են հակահիգիենիկ վիճակում: